COVID-19. Վարակվածների թվով Իրանը շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 423 հազար 634-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 166 հազարը: Ապաքինվել է 636 հազար 187 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 764 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 40 հազար 565 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 200 հազար 210 է: Մեկ օրում 1500-ից ավելի նոր դեպք է գրնցվել: Մահացության ցուցանիշը 20 հազար 852 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178 հազար 972 է: Վարակից մահացել է 23 հազար 660 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 152 հազար 894 հաստատված դեպք, մահացել է 19 հազար 718 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 145 հազար 743 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 642 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 120 հազար 067 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 060-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 86 հազար 306-ի, մահացածներինը՝ 2 հազարից ավելի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 83 հազար 505: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 209 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 747 ընդհանուր, 12՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 47 հազար 121 է: Այստեղ մեկ օրում 4 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 405-ի: Բելգիայում վարակվածների թիվը կազմում է 39 հազար 983 է, մահացածներին 5 հազար 828 է: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 39 հազար 144 է, Կանադայում՝ 35 հազար 056, Նիդերլանդներում՝ 33 հազար 405 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 399 դեպք կա, մահացել է 4 մարդ:
Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 6 հազար 781 է, մահացածներինը՝ 41: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 015, վարակի հետևանքով մահացել է 9-ը: Եգիտոսում 3 հազար 144 հաստատված դեպք կա, մահացել է 239 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 995-ի, մահացածներինը՝ 9-ի: Իրաքում գրանցվել է 1 539 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է ապահովել կորոնավիրուսով հիվանդ օտարերկրացիների բուժման ծախսերը
Գերմանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել կորոնավիրուսով վարակված օտարեկրյա ծանր հիվանդների բուժման ծախսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը նշել է, որ խոսքը բացառապես արտակարգ դեպքերին է վերաբերում՝ կապված կորոնավիրուսի հետ, երբ հարևան երկրների սեփական հնարավորություններ բավարար չեն:
Ներկայում Գերմանիայի բժշկական հաստատություններում բուժվում է ավելի քան 200 ծանր հիվանդ, որոնք կորոնավիրուսից ամենաշատ տուժած եվրոպական երկրներից են: Շպանի խոսքով, Գերմանիան ի վիճակի է և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդլայնել այդ աջակցությունը՝ օգնելու եվրոպացի հարևաններին: Նա նշել է, որ այդ նպատակով ծախսերը կարող են կազմել մինչև 20 մլն եվրո:
Կորոնավիրուսը խոչընդոտ չէ. Թել Ավիվում փողոց են դուրս եկել հազարավոր ցուցարարներ
Իսրայելի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն վարչապետ Բենյամին Նեթանյահուի աշխատանքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Քանի որ երկրում մտցված են սահմանափակումներ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, քաղաքացիները պահպանել են սոցիալական հեռավորություն:
Դժգոհները թափահարում էին սև դրոշներ, պահանջելով ժողովրդավարության հաղթանակ: Պաստառների վրա եղել են մեղադրական գրառումներ՝ ուղղված Իսրայելի կառավարության ղեկավարին:
Բենյամին Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիոն գործարքների համար: Դատական գործընթացը ամիսներ շարունակ ընթանում է, սակայն դա չի խանգարում, որ նա կատարի վարչապետի իր պարտականությունները:
Մերկելը զգուշանում է արգելափակումը հապճեպ հանելու հարցում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել կարանտինային միջոցառումների հետագա թուլացման հետ կապված քննարկումները: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Կանցլերը նշել է, որ ռեժիմի հետագա թուլացումն իր մեջ պարունակում է համավարակի երկրորդ ալիքի ռիսկ:
Մերկելի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունները կարող են ապարդյուն լինել, եթե ավելի քիչ թվով մարդիկ հետևեն սահմանափակումներին: Կանցլերը հստակ հասկացրել է, որ արգելափակումների հետագա թուլացմանն ուղղված քննարկումներն անօգուտ են:
Կանցլերի մասնակցությամբ սահամափակումների թուլացման մասին հաջորդ քննարկումը նախատեսված է ապրիլի 30-ին: Մերկելն ընդգծել է, որ կարևոր է տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Այն մասին, թե ինչպես է Գերմանիայում տնտեսությունը զարգանում, ինչ է կատարվելու աշակերտների՝ դպրոցներ վերադառնալուց հետո, ըստ նրա, հնարավոր կլինի խոսել մայիսի 8-9-ից ոչ շուտ:
Իտալիայում քահանան տուգանվել է պատարագ անցկացնելու համար
Իտալիայում քահանան տուգանվել է պատարագ անցնկացնելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ պատարագն անցկացվել է ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացածների:
Դոն Լինո Վիոլան պատարագն անցկացրել է 13 հավատացյալների մասնակցությամբ: Պատարագի մասին տեղեկությունը տարածվել է, և ոստիկանները, համարելով այն զանգվածային միջոցառում, որի անցկացումը կարանտինի ընթացքում արգելվում է, տուգանել են քահանային:
Լրատվամիջոցներով տարածված տեսագրության համաձայն, ոստիկանը մոտեցել է և փորձել է դադարեցնել արարողությունը, սակայն քահանան շարունակել է: Քահանան տուգանվել է 280 եվրոյով: Նա առայժմ չի պատրաստվում այն վճարել: Քահանան բացատրում է, որ պետության կողմից սահմանափակումները վերաբերում են զանգվածային միջոցառումներին, այլ ոչ թե եկեղեցական ծառայությանը: Նա ընդգծել է, որ պատարագին ներկա գտնվողները միմյանցից հեռու են եղել, կրել են դիմակներ և ձեռնոցներ: Քահանան պատրաստվում է բողոքարկել ոստիկանների որոշումը:
Չեխիայի նախագահն առաջարկել է սահմանները մեկ տարի չբացել
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ կորոնավիրուսի հետևանքով փակված սահմանները պետք է բացել ոչ շուտ, քան մեկ տարի անց:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Միլոշ Զեմանը նշել է, որ երկրի մուտքերի ու ելքերի ամբողջական սահմանափակումը հանելն իր մեջ վտանգ է պարունակում կորոնավիրուսի ներթափանցման տեսանկյունից:
Արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը հայտնել է, որ կառավարությունը նախատեսում է քննարկել սահմանների բացումը Չեխիայի գործարարների համար, որոնք դուրս են գալիս օտարերկրյա գործընկերների հետ բանակցությունների նպատակով: Նա տեղեկացրել էր, որ երկրից ազատ դուրս գալու սահմանափակումները հետզհետե կհանվեն: Առաջին փուլում հավանական է սահմանափակումների հանումը Ավստրիայի և Սլովակիայի հատվածում:
Չեխիայում մարտի 12-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ, մարտի 16-ին մտցվել է կարանտին: Օտարեկրացիների մուտքն արգելվում է, իսկ երկրի բնակիչները կարող են դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում: Վերադարձի պարագայում իրենց սպասում է երկշաբաթյա կարանտին:
Թաիլանդում 3 օր շարունակ կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի գրանցվել
Թաիլանդում 3 օր շարունակ կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է վարակի 47 նոր դեպք: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնի լրատավական ծառայությունը:
Երկրում ընդհանուր վարակվածների թիվը 2 հազար 792 է, մահացածներինը՝ 47: Այս ընթացքում ապաքինվել է 1995 մարդ: Պատասխանատուները նշում են, որ ապաքինվածների մեծ թիվը նշանակում է, որ բուժհաստատություններում ազատվում են մեծ թվով տեղեր: Վերջին օրերին նկատվում է նոր դեպքերի կտրուկ նվազում: Նշվում է, որ կան շրջաններ, որտեղ վերջին 28 օրվա ընթացքում նոր դեպք չի գրանցվել:
Ֆրանսիայում մեկուսացման ռեժիմի խախտման 800 հազարից ավելի դեպքեր են արձանագրվել
Ֆրանսիայի Վարչապետ Էդուար Ֆիլիպը տեղեկացրել է, որ ոստիկանությունը, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում մեկուսացման ռեժիմ մտցնելուց ի վեր, անցկացրել է 13.5 միլիոն ստուգում: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Ստուգումների արդյունքում գրանցվել է 800 հազարից ավելի խախտում: «Վերահսկողության շնորհիվ, կարող ենք ասել, որ մեկուսացման միջոցառումների նկատմամբ հարգանքը, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է»,- ասել է վարչապետը: Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանը կոչ էր արել արտերկրում մշտական բնակություն հաստատած իրենց քաղաքացիներին, մնալ այնտեղ, որտեղ բնակվում են:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 152 հազար 894, մահացել է 19 հազար 718 մարդ: