Հայաստանը կրկին կկանգնի աշխարհաքաղաքական ընտրության առջև․ ի՞նչ է պատրաստվում առաջարկել ԵՄ-ն Երևանին

Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, Հայաստանի Հանրապետությունը կրկին արտաքին քաղաքական ընտրության առջև կկանգնի։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»:

Ըստ հրապարակման՝ նման առաջարկ ներառող փաստաթուղթն առաջիկայում քննարկման կդրվի Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում և, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի հավանությանը կարժանանա արդեն մայիսին, ինչից հետո հունիսի 18-ին նախատեսված է Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում: Այդ գագաթաժողովի ընթացքում Եվրամիությունը պատրաստվում է նոր քաղաքականություն հաստատել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ: Եվրամիության մի շարք դիվանագետներ, սակայն, «Ազատությանը» հայտնել են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը, ըստ ամենայնի, կհետաձգվի մինչև տարվա երկրորդ կեսը:

Դեռ թարմ են հիշողություններն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ հետսովետական տարածքում տարիներ առաջ, երբ ԵՄ-ն սկսեց ասոցիացնել ԱլԳ անդամ երկրներին, թե ինչպիսի ցնցումների մեջ հայտնվեց Ուկրաինան, ինչպիսի պատերազմական փուլ մտան ռուս-ուկրաինական հարաբերությունները, և ինչպես այդ ամենի հետևանքով Ղրիմը միացավ Ռուսաստանին։ Այլ փուլով անցավ Հայաստանը, որը ոչ պակաս ցավալի էր, քանի որ Հայաստանը կորցրեց շուրջ 3,5 տարվա բանակցությունների արդյունքը, քանի որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարեց ԵԱՏՄ-ին անդամակցելու ՀՀ որոշման մասին՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և վավերացման փոխարեն։ Ինչպես քաղաքագետներն էին նշում, նման որոշումը պարտադրվեց Ռուսաստանի կողմից։ Ինչպես հայտնի էր, Ասոցացման համաձայնագրում ընդգրկված Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրն անհամատեղելի էր Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի հետ, կամ, ինչպես ընդունված էր նշել այն ժամանակ՝ Մաքսային միությանն անդամակցության հետ։

Հենց այդ պատճառով ՀՀ նախկին իշխանություններն Ասոցացման համաձայնագիրը փոխարինեցին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որում պարզապես ընդգրկված է ԱՀ-ի քաղաքական հատվածը՝ որոշ փոփոխություններով և լիովին հանված՝ ԽՀԱԱԳ-ն։ Սակայն հարկ է նաև նշել, որ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ունեն Ասոցացման համաձայնագրեր և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրեր Եվրոպական միության հետ, Բելառուսը և Ադրբեջանը չունեն նմանատիպ համաձայնագրեր և, ինչպես նշեցինք, Հայաստանը ստորագրեց ՀԸԳՀ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն, ինչ մտադիր է առաջարկել ԵՄ ԱլԳ երկրներին, ենթադրելու է ավելի սերտ առևտրատնտեսական և քաղաքական ասոցիացում։

Ներկայումս Եվրոպական խորհրդարանն ակնհայտորեն Արևելյան գործընկերություն ծրագիրը ցանկանում է բարձրացնել մեկ այլ մակարդակի, ինչը լի է թե քաղաքական, թե տնտեսական մարտահրավերներով Հայաստանի Հանրապետության համար։

ՌԴ Պետական համալսարան-տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անդրեյ Սուզդալցևը 168am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին հայացքից մի շարք խնդիրներ են աչք ծակում՝ այս պրոյեկտի հետ կապված։ Նրա պնդմամբ, նախ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը համատեղելի չէ նման պրոյեկտի հետ մի քանի պատճառներով։ Սուզդալցևն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն ջանում է աշխատել ԱլԳ անդամ երկրների հետ՝ բացառապես երկկողմ հիմքի վրա կառավարությունների մակարդակով, այսինքն՝  նման աշխատանքը կոորդինացնող մեկ միասնական կառույց ԱլԳ-ի դեպքում պարզապես գոյություն չունի, դա բլոկ չէ, ուստի ԵՄ-ն նրանց հետ համագործակցում է առանձին-առանձին և նման ձևաչափով էլ պետք է փորձի ձևավորել այն, ինչի մասին խոսվում է վերջերս։ Սա, նրա որակմամբ՝ արդեն իսկ բարդություն է նման ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորման ճանապարհին։

«Նման տարածք ստեղծելու համար պետք է աշխատեն, օրինակ, ԵՄ-ն ու Հայաստանը, ԵՄ-ն ու Վրաստանը կամ Բելառուսը, բայց ուղիղ կերպով ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն ևս չեն կարող աշխատել, իսկ Հայաստանն ու Բելառուսը ԵԱՏՄ անդամ երկրներ են, որտեղ գործում են այլ չափանիշեր։ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության անհրաժեշտությունը շատ մեծ կլինի նման պրոյեկտի դեպքում, թեև ԵԱՏՄ-ն ոչ մեկ անգամ է դիմել ԵՄ-ին՝ ընդհանուր չափանիշերի համաձայնեցման և համագործակցության նպատակով։ Անցյալ տարի եղել են բարենպաստ արձագանքներ ԵՄ-ից, բայց խոսել այն մասին, որ երկու ինտեգրացիոն ծրագրերը «լեզու են գտնում», հնարավոր չէ։ ԵՄ-ի առաջարկից թվում է, որ ասոցիացված անդամակցության մասին է խոսքը։ Բնականաբար, կա ցանկություն՝ նաև մյուս երեք չասոցիացված երկրների վրա տարածել հարաբերությունների այն մոդելը, որը կա Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի դեպքում, որոնք ստորագրել են ԱՀ-ներ և ունեն ինքնիշխանության մի փոքրիկ տեղ»,- նման կարծիք հայտնեց Սուզդալցևը։

Ըստ նրա՝ ԱլԳ-ն ոչ մի տեղ չէր կորել, 2014 թվականին երեք երկրներ ասոցիացվեցին, մյուսները՝ ոչ, բայց քաղաքական և տնտեսական հավակնությունները, որոնք կային այդ ծրագրի շուրջ, չէին կորել, և, ի վերջո, ԵՄ-ն գնում է այն ճանապարհով, ինչ նախանշել է։

Վերլուծաբանն այն կարծիքին է, որ այս առաջարկը քաղաքական խնդրի առջև է կանգնեցնելու ՀՀ իշխանություններին։ «Կարծում եմ, որ ՀՀ վարչապետը, ով ինձ բավականին խելամիտ է թվում, ինչպես նաև՝ հայ ազգը, հեշտ իրավիճակում չեն լինի, բայց հաշվի առնելով քաղաքական դասի զգուշավորությունը, ադեկվատությունը, իհարկե, Երևանը կփորձի համաձայնեցնել այս հարցը Մոսկվայի հետ՝ մշակելով մի այնպիսի բանաձև, որը ձեռնտու կլինի թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար, քանի որ, հաշվի առնելով Հայաստանի յուրահատուկ խնդիրները՝ կտրվածությունը Ռուսաստանից, տրանզիտ խնդիրները, Հայաստանը, բնականաբար, հավակնում է ոչ սովորական որոշումների, այսինքն՝ սա բանակցությունների թեմա կդառնա»,- ասաց Սուզդալցևը։

«Իսկ ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան այս ծրագրին» հարցին վերլուծաբանը պատասխանեց, որ Մոսկվան մշտապես կողմնորոշվելու է այն հանգամանքով, թե ինչ է ցանկանում ժողովուրդը։ «Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է լռել ռուսական հռետորաբանությունն Ուկրաինայի նկատմամբ վերջին տարիներին, Ռուսաստանն ընդունեց թե Պորոշենկոյի, թե Զելենսկու հաղթանակը, մենք հասկանում էինք, որ ժողովուրդը նման աշխարհաքաղաքական ընտրության օգտին է քվեարկել։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը տեսնում է, որ ԵՄ-ի հետ ասոցիացման կուրսն աջակցություն ունի հասարակության կողմից,  ուրեմն ընդունում է, բայց, բնականաբար, հարկ կլինի Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններում որոշ հանգամանքներ փոխել, քանի որ, եթե տեղի է ունենում աշխարհաքաղաքական շրջադարձ, Հայաստանը միանում է աշխարհաքաղաքական այլ ընտանիքի, ապա, իհարկե, Ռուսաստանի կողմից ևս որոշ ծրագրերի և աջակցության ծավալներ կփոխվեն»,- ասաց Սուզդալցևը։

Տեսանյութեր

Լրահոս