«Նիկոլ Փաշինյանն առնվազն ստում է, երբ ասում է, որ մարդկանց ծեծի ենթարկելու փորձեր չեն արվում․ լավ էլ արվում են»․ Տիգրան Քոչարյան
«Նիկոլ Փաշինյանը շատ զգայուն է իր վարկանիշի և իր անձի նկատմամբ, և յուրաքանչյուր բան, որ իր պատկերացմամբ կարող է սպառնալ իր ռեյտինգին, միշտ այդպիսի արձագանքներ է բերում, որ ինքը շատ հապճեպորեն մտնում է ուղիղ եթեր։ Առաջին անգամ չէ, որ նման բան ենք մենք տեսնում։ Եվ երեկվա ուղիղ եթերը նրա ամենաանհաջող ուղիղ եթերներից մեկն էր․ նախկին իշխանությունների վրա սլաքներն ուղղելը, սպառնալը և ՍԴ-ին վիրավորելը չի գեղեցկացնում իրեն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերին:
Տիգրան Քոչարյանը նկատեց․ «Սպառնալ «սամասուդով», երբ դու և քո կառավարությունը նույնիսկ երկրում սահմանված առանձին ռեժիմը չեք կարողանում մարդավարի պահպանել, արդեն զավեշտալի է։ Այսպես ասեմ՝ եթե ինքը փորձում էր այնպիսի տպավորություն ստեղծել, որ ընդդիմադիրները պետք է մտնեն ծակերը և վախենան կարծիք արտահայտել, ուղղակի զավեշտալի է։ Եթե դու ուզում ես հարգանք ձեռք բերել այդ ասպարեզում, գոնե կարողացիր կարանտինը պահել»։
Նա ընդգծեց՝ Հայաստանում թավշյա մթնոլորտ չկա, ինչի մասին խոսում է Փաշինյանը․ «Նույն Նարեկ Մալյանին՝ իր տան մուտքի մոտ առևանգելու փորձ կատարվեց, Մարալիկի դեպքը, երբ հարձակվեցին ադեկվադների վրա, նույն այդ «մասկի-շոուները», որ երիտասարդ ընդդիմադիր գործիչների հանդեպ արվեցին, ոչ մի թավշյա բան չէր։ Նիկոլ Փաշինյանն առնվազն ստում է, երբ ասում է, որ մարդկանց ծեծի ենթարկելու փորձեր չեն արվում․ լավ էլ արվում են։ Նաև շատ լավ գիտենք, որ շատ մարդկանց վրա քրեական գործեր բացելով՝ փորձում են փակել նրանց բերանները։
Տեսեք՝ Կաթողիկոսը երբ արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ, միանգամից բուսնեց Նավասարդ Սրբազանի գործը, և ես, չգիտեմ ինչի, համոզված եմ, որ, եթե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշի միանալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ կոչին, նույն գործով, որով Սրբազանին են մեղադրանք փորձում առաջադրել, կառաջադրեն նաև Տիգրան Սարգսյանին։ Այսինքն՝ չի կարելի ասել, թե ինչ-որ բան է փոխվել, հակառակը՝ որոշ դեպքերում նույնիսկ կատարելագործվել է։ Ես թավիշ չեմ տեսնում»։