Էսօր ոչինչ չի խանգարում հոխորտացող թափթփուկներին սամասուդի ենթարկել, բայց ասել ենք՝ վենդետաներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, թե իշխանությանն անընդհատ մեղադրել են թավշյա գործելաոճի համար, ու ինչ-որ պահի իշխանությունը սկսել է պաշտպանվել, արդարանալ այդ թավիշի համար:
«Այո թավիշ ա, որովհետև մենք իրար հետ ենք որոշել, ժողովուրդ ջան, որ թավիշ ա, մենք իրար հետ ենք որոշել, որ թավշյա ա հեղափոխությունը: Թավիշը լա՞վ ա, թե՞ վատ ա: Դա լավ ա, որովհետև դա բերեց հեղափոխության: 17, 16, դրանից առաջ էլ լիքը մարդ կար, չէ՞, ասում էին՝ գնանք խփենք, ջարդենք, սպանենք, կոտորենք, այ էդ ա հեղափոխությունը, ի՞նչ, էս ժողովրդից ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք սպասում, կաշառք վերցնող ժողովրդից ի՞նչ եք սպասում: Էդ թավիշը մեզ բերեց հաջողության:
Հիմա եթե Դուք համարում եք, որ սխալ ա տեղի ունեցել, հաջողություն չի 2018 թվականինը, էլի ձեր որոշելիքն ա: Ես մի բան եմ ուզում ասեմ, չգիտեմ, կարող ա մի քիչ անհոդաբաշխ ստացվի ասածս, բայց խնդրում եմ հանկարծ չմտածեք, որ կոնկրետ ես երբևէ իշխանությունը բանդաներով, ուժային մեթոդներով և այլնով պիտի փորձեմ պաշտպանել: Քավ լիցի, տենց բան ո՞նց ա հնարավոր:
Հայաստանում ես վարչապետ եմ, և մենք իշխանություն ենք էնքան ժամանակ, ինչքան ժամանակ դուք դա ուզում եք:
Որ պահին դուք դա չուզենաք, հանկարծ չմտածեք, թե մենք բաներով, փողով, փող չունենք էլ, բանդաներով, բանդա չունենք էլ, հանկարծ չմտածեք՝ էսօր խոսում են՝ մեր իշխանությունը հիմնված չի պետական, ուժային ոչ մի լծակի վրա: Բացարձակապես ոչ մի լծակի վրա: Մեր իշխանությունը հենված ա բացառապես թավիշի վրա, այսինքն՝ թավշյա հեղափոխության վրա, ձեր վստահության վրա: Քանի կա այդ վստահությունը, վստահություն, իմիջիայլոց, չի նշանակում, որ դուք մտածում եք, որ մենք իդեալական… իհարկե ոչ»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով պնդումներին, թե իշխանությունը ատելության խոսք է տարածում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, եթե իշխանությունը ատելության խոսք սերմանող լիներ, «էսօրվա հոխորտացող թափթփուկներին սամասուդի կենթարկեր», բայց իրենք այդ ճանապարհով չեն գնում:
«Ասենք՝ հեղափոխությունից հետո ոչ մի բան չէր խանգարում հատ-հատ, հենց հեղափոխության ժամանակ, էդ մարդկանց տներից հանել և սամասուդ անել՝ բառիս բուն իմաստով: Ոչ մի բան չէր խանգարում:
Էսօրվա հոխորտալն ա դավադրություն, էլի: Ոչ մի բան չէր խանգարում, չէ՞: Կամ էսօր էլ չի խանգարում, իմիջիայլոց, էսօրվա հոխորտացող թափթփուկներին սամասուդի ենթարկել: Էն հեղափոխության ժամանակ նույնիսկ, էն 23-ից հետո, որ ոչ իշխանություն էինք ֆորմալ, ոչ էլ արդեն հաստատ ընդդիմություն էինք, մեծ պատասխանատվություն էլ չկար, էդ ատելություն սերմանողն ըլնեինք, էսօրվա հոխորտացող թափթփուկներին ընդամենը մեզ պետք էլ չէր, պետք էր չնկատելու տալ:
Մարդիկ պահանջում են մեզնից, որ չնկատելու տանք, որպեսզի էսօր հոխորտացող թափթփուկներից տներից հանեն, փողոցներում սատկացնեն: Բայց մենք ասել ենք՝ չէ, էդ չի մեր գործելակերպը, որովհետև մենք ասել ենք՝ վենդետաներ չեն լինելու, լինելու ա սիրո և համերաշխության հեղափոխություն, կադրային ջարդ չի լինելու, և պահել ենք մեր խոսքը:
Ճիշտ ենք արել, որ պահել ենք մեր խոսքը: Տուժե՞լ ենք դրանից: Այո: Իսկ կներեք, դա ինձ չի վախեցնում: Խոսքը պահելու համար ես բանտ էլ եմ ընգել, հարձակումների էլ եմ ենթարկվել, մեքենաս էլ են պայթացրել, և էդպես շարունակ: Բայց մենք մեր խոսքը պահել ենք»,- հավելեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ եթե հանրության շրջանում իր հասցեին հնչող հայհոյանքներն արձագանք ստանան, կնշանակի, որ ճիշտ են անում, երբ հայհոյում են:
«Ուրեմն պետք ա էդ արձագանքը էնքան զարգանա, մինչև մենք հասկանանք, որ բան չունենք անելու իշխանության մեջ: Որովհետև էն պահին, որ մենք զգանք, որ մենք ավելի շատ ենք ուզում լինել իշխանություն, քան մեր ժողովուրդն ա ուզում, որ մենք լինենք իշխանություն, էդ պահին մենք բան չունենք անելու: Բայց մենք մեր խոսքը պահել ենք և պահելու ենք: Իսկ եթե այդ հայհոյանքը ժողովրդի շրջանում արձագանք չի գտնում, դե մարդիկ ասում են՝ ներվայնանում ենք, ջղայնանում ենք, է՜ ժողովուրդ ջան, արհամարհեք: Ինչի՞ ենք արժեք տալիս: Այո, նրանք ուզում են մեզ հունից հանեն: Բայց ո՞ւր հանեն, մենք չենք կարող հունից դուրս գալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: