«Եթե իշխանությունը զոհ չի, զոհ են դառնում քաղաքական հակառակորդները, ընդդիմադիրները». Նիկոլ Փաշինյան

«Իրականում այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի այս օրերին, ինչ-որ առումով էմոցիոնալ դրսևորում էր: Իրական հեղափոխությունը հիմա է: Իրական հեղափոխությունը, ա’յ, թեկուզ այս ճգնաժամային օրերին է տեղի ունենում, որովհետև հիմա է պատասխանն այն հարցի, թե մենք ինչքանով ենք պատրաստ փոխվել, ինչքանով ենք փոխվել՝ որպես հասարակություն: Մեզնից յուրաքանչյուրն ինչքանով է փոխվել՝ որպես անհատ, որպես քաղաքացի: Ինչքանով է փոխվել իրականության նրա ընկալումը»:

Երեկ՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ «Թավշի ու «ամենաթողության» մասին» խոսելով՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ ես Ձեզ, գիտեք, մի բան ասեմ: Էս, արդեն երկու տարին է  լրանում, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և ես ասեմ, գիտեք, սովորաբար ընդունված է մարդկանց  բաժանել հեղափոխականների և հակահեղափոխականների: Էդ բաժանումը, իհարկե, շատ պայմանական է: Բայց ես կարող եմ ասել, որ իմ ամենամեծ զարմանքը հետևյալն է: Ես զարմացած եմ, թե մաֆիոզ մտածողությունը ինչքան խորն ա նստած մեր մեջ՝ անկախ նրանից՝ բազմաթիվ հեղափոխականների, ու, որ հակահեղափոխականների մեջ նստած ա, էդ պարզ ա: Բայց նաև իրենց հեղափոխական համարող բազմաթիվ մարդկանց մեջ մաֆիոզ մտածելակերպն արմատացած է: Ցավոք սրտի, սա բազմաթիվ, ամենատարբեր մարդկանց, քաղաքացիների հետ  շփման արդյունքում իմ ունեցած ամենատխուր եզրակացությունն է, որ մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ խորը արմատ ունի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ մաֆիոզ մտածողությունը, պայմանականորեն, Հայաստանը կամ ազդեցության ինչ-որ ոլորտ, եկամտի ինչ-որ մի հատված կիսելու մղումն է։

«Այսինքն՝ անընդհատ էդ մրցավազքը, անընդհատ էդ առաջարկը երկրում, օդում կախված ա: Իսկ ե՞րբ ենք ի վերջո բաժանելու, ե՞րբ ենք ի վերջո բաժանելու: Եվ երկու տարվա իմ վարչապետության ամենամեծ արդյունքը, ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ոչ մի վայրկյան չեմ տրվել կիսելու այդ տրամաբանությանը: Ոչ մի վայրկյան չեմ մտել կիսելու այդ տրամաբանության մեջ»,- հավելեց վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երկրում հասունացող դժգոհությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «չկա կիսման պրոցես, և ոչ մեկը փայ չի մտնում»:

«Եվ քանի որ բաժանման պրոցես չկա, ոչ մեկը փայ չի ստանում, և հետևաբար՝ դժգոհությունը ալիքաձև և ամենուր տարածվում ա: Եվ ես սա համարում եմ մեր ընթացիկ իրավիճակի ամենակարևոր խնդիրը: Մենք պետք ա դուրս գանք բաժանելու երկիրը, ազդեցության գոտիները, չգիտեմ, բիզնեսները, եկամուտները, բլիթները բաժանելու այս խորը մտածելակերպից, որովհետև ոմանք մտածում են էսպես. հեղափոխություն էր, ուրախացանք, անցավ-գնաց, իսկ եկել է արդեն բաժանելու ժամանակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ քաղաքական դաշտում կա մեկ այլ հատված, որն ասում է, թե հեղափոխությունից երկու տարի է անցել, ու երբ է լինելու բաժանման պրոցեսը:

«Եվ հետևաբար,  խորքային իմաստով՝ Հայաստանում տեղի ա ունենում մեծ հիասթափություն: Ո՞րն ա էդ մեծ հիասթափությունը: Ոորովհետև չկա, որովհետև էն փայերը, որի ակնկալիքները ունեին շատ-շատերը, էդ փայի բաժանումը տեղի չի ունենում: Եվ սա մեր ընթացիկ քաղաքական պրոցեսի ամենակարևոր առանձնահատկությունն է»,- վստահ է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր ասածից գռեհիկ մեկնաբանություններ տալ պետք չէ, և մարդկանց հարցերին, թե ո՞վ, ե՞րբ կամ ի՞նչ է առաջարկել, որ բաժանեն, վարչապետն առաջ ընկնելով՝ ասաց, թե ասածն ընդամենը ենթատեքստ է:

«Խոսքը նրա մասին չի կամ միայն նրա մասին չի, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ ինչ-որ կոնկրետ բաժանելու մասին ա խոսքը: Կոնտեքստը, ենթատեքստը այդպիսին է: Էսօր Հայաստանում տեղի ա ունենում, այո, այդ մեծ հիասթափությունը: Ու էդ հիասթափությունը ստեղծում են այն մարդիկ, ովքեր՝ ա) սպասում էին, որ կպահպանեն իրենց փայը, բ) սպասում էին, որ կմեծացնեն իրենց փայը, գ) սպասում էին, որ ի վերջո փայ կստանան, և էս պրոցեսներից ոչ մեկը տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում:

Եվ սա այսօր մեր երկրում տրամադրության վրա ազդող ամենամեծ գործոնն է: Որովհետև բոլորը հիասթափված են: Նրանք, ովքեր սպասում էին, որ փայ պիտի ստանան, նրանք, ովքեր սպասում էին, որ չպիտի կորցնեն իրենց փայը, նրանք, ովքեր սպասում են, որ պիտի մեծացնեն իրենց փայը: Բոլորը հիասթափված են: Որովհետև փայերի բաժանում չկա, իսկ նրանք այլ կերպ…, իսկ քանի որ մաֆիոզ մտածողությունը… ու սա զարմանալի չի: 25-30 տարի երկիրը դրված ա եղել մաֆիոզ տրամաբանության մեջ: Եվ սա, և սա ամենակարևոր բանն ա:

Բազմաթիվ մարդիկ, գործարարներ, երբ որ ինձ հարցնում են, ասում են՝ բա մենք ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ասենք՝ ես, ես ասում եմ՝ շատ աշխատեք, հաջողություն ունեցեք, հարկերը վճարեք, դրանով շատ մեծ օգուտ բերած կլինեք: Ես էդ մարդկանց աչքերում հիասթափություն եմ տեսնում, հիասթափություն ուղղակի: Իրանք ուզում են հասկանան՝ ես ձե՞ռ եմ առնում իրանց, թե՞ ձեռ չեմ առնում: Երբ որ հասկանում են, որ ձեռ չեմ առնում, դա ավելի մեծ հիասթափություն է, որովհետև իրանք չգիտեն՝ էս պայմաններում բա ո՞նց ա, երբ որ պարզ չի, թե ո՞վ ինչքա՞ն պետք է տա, և ո՞վ, ինչքա՞ն պիտի առնի, երբ որ պարզ ա, որ արտոնություն գնելու հնարավորություն չկա, դա ամենամեծ հիասթափությունն է, որովհետև 30 տարի մեր երկրում եղել ա կոնտեքստը մեկը՝ որակի նշան, թե ինչ արտոնություն ունես դու: Դա ա եղել կյանքի իմաստը, սոցիալական աստիճանը, կյանքից բավարարվածության մակարդակը, կյանքից… դու ի՞նչ, ո՞վ ես էս երկրում հարցը կարող էր ունենալ կոնկրետ պատասխան, թե դու ի՞նչ արտոնություն ունես, դու կարա՞ս մարդ խփես, թե՞ չես կարա, դու կարա՞ս մարդ ծեծես, թե՞ չես կարա, դու կարա՞ս կաշառք վերցնես, թե չե՞ս կարա, դու կարա՞ս ունեցվածք խլես, թե՞ չես կարա: Եթե ու էս ամեն ինչի հնարավորությունը չունես, դու զրո մարդ ես: Էդ ա եղել ընկալումը:

Իսկ հիմա դրա հնարավորությունը ոչ մեկը չունի, և հետևաբար՝ բոլորի մոտ հիասթափություն է, որովհետև կար խումբ, որ մտածում էր, որ ինքը կշարունակի էդ արտոնությունը պահել, որովհետև ո՞նց կլինի, որ իր ծառայությունն իշխանությանը պետք չլինի: Կար խումբ, որ մտածում էր՝ էն հին խմբին դուրս կքշի, ինքն էդ արտոնությունը կվերցնի: Եվ հիմա ո՛չ նրա հույսն ա արդարանում, ոչ էլ նրա հույսն ա արդարանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև իր հասցեին հնչող հայհոյանքներին: Փաշինյանի խոսքով՝ նման բան 2018 թվականից առաջ տեղի չի ունեցել, որովհետև գոյություն է ունեցել կառավարման այլ համակարգ, և մարդիկ վախեցել են հայհոյել, քանի որ իմացել են, որ իրենց «կխփեն, կկրակեն, կսպանեն»:

«Որովհետև էս երկիրը հոկտեմբերի 27 ա տեսել, էս երկիրը քաղաքական սպանություններ ա տեսել, էս երկիրը սպանություններ ա տեսել, երբ որ բոլորը իմացել են՝ ով ա արել և ինչի համար, և ոչ մի բան չի բացվել: Իմացել են, որ հնարավոր ա՝ պադեզդներում ծեծեն: Բայց էսօր չկա դա:

Ու էս կառավարման համակարգն էլ, ու վարչապետը, ենթադրենք, անձամբ չի գնացել, ծեծել: Ունեցել ա բանդաներ, օլիգարխներ են եղել, օլիգարխները իրենց շրջապատում, էսպես ասած, հանցավոր խմբեր են ունեցել, քուչայական հեղինակություններ են եղել,  թաղային հեղինակություններ են եղել, իշխանությունը էդ բոլորին օգտագործել ա, որպեսզի լռեցնի բոլորին, և դրա դիմաց արտոնություն ա տվել:

Երբ որ պետք ա եղել խփել, խփել են, ենթադրաբար, դրանց միջոցով, երբ որ վախեցնել ա եղել, վախեցրել են, ենթադրաբար, դրանց միջոցով և, բնականաբար, սրա դիմաց մարդկանց արտոնություն են տվել:

Հիմա էս համակարգը չկա: Եվ բոլորը գիտեն, որ էսօր ո’չ խփող ա իշխանությունը, ո՛չ ծեծող ա, և լկտիացել են: Բայց հիմա լկտիացել են ինչի՞ համար, որ իշխանությանը հունից հանեն: Ուզում են, որ մենք սկսենք ծեծել, ուզում են, որ մենք սկսենք խփել, կամ առնվազն, եթե չէ, ուզում են, որ ժողովուրդը մտածի՝ էս ո՞վ ա էս թուլամորթ, անինքնասեր, անկամ իշխանությունը, և սկսի հիշել հին և բարի ժամանակները, երբ որ այ կես բառ ասելու համար, կամ ով կես բառ կասեր, ծեծում էին պադեզդներում, ծայրահեղ դեպքում նաև խփում էին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ինչ-որ տեղի է ունենում, հենց բուն, խորքային իմաստով հեղափոխությունն է:

Ըստ վարչապետի՝ ձևավորվող նոր հարաբերություններում պարտադիր չէ, որ իշխանությունը լինի հաղթող: Իրենց նպատակն է՝ այնպիսի խորքային փոփոխություններ անել, որ իշխանությունը զոհ լինի, «որովհետև եթե իշխանությունը զոհ չի, զոհ են դառնում քաղաքական հակառակորդները, ընդդիմադիրները»:

Այդուհանդերձ, վարչապետը հիշեցնում է՝ ովքեր չօգտագործեն իրենց տրված շանսը, դուրս կնետվեն:

«Սա, իհարկե, ասում եմ, չի նշանակում, որ նրանք, ովքեր ստացան շանսը և չօգտագործեցին կամ սխալ օգտագործեցին, նրանք շարունակելու են վայելել էդ հնարավորությունը: Դրա ժամանակն էլ կգա և, թերևս, եկել ա, որ իշխանության մեջ տեղի ունենան արդեն իրական զտումներ, և դա կադրային ջարդ չի լինի: Դա կլինի՝ մարդն օգտագործել է իր տրված շանսը, թե չի օգտագործել: Օգտագործել ա՝ կեցցե’, չի օգտագործել՝ պետք ա դուրս շպրտվի: Չարաշահե՞լ ա թավիշը, պետք ա դուրս շպրտվի, դեն նետվի: Եվ էդ պրոցեսն էլ ա թավշյա լինելու։ Այո, թավիշ ա, որովհետև մենք իրար հետ ենք որոշել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս