Բաժիններ՝

«Միջին կառուցապատողը չաշխատած օրերին, ընդհանուր առմամբ,  45.000-75.000 դոլարի վնաս է կրել». Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ

Ապրիլի 13-ից պարետի որոշմամբ շինարարական աշխատանքների իրականացումը մեծամասամբ թույլատրվեց: Այս պահին արգելված է միայն շինարարության ավարտական փուլի աշխատանքների իրականացումը:

168.am-ի հետ զրույցում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Վահե Պետրոսյանն ասաց, որ չնայած պարետի որոշմանը՝ կան այնպիսի հանգամանքներ, որոնք օբյեկտիվորեն ձգձգում են շինարարության մեկնարկը:

«Հիմնական աշխատանքները՝ հողային, երկաթ-բետոնի աշխատանքները, պատի շարը, երեսպատումը, տանիքի աշխատանքները թույլատրվել են: Կարելի է ասել, որ մեր ասոցիացիայի անդամների շրջանակներում 75-80%-ով շինարարական աշխատանքը վերականգնվել է, քանի որ շինարարություն կանգնեցնելը հեշտ է, մի րոպեում, մի ժամում կարելի է  կանգնեցնել, բայց վերսկսելը միշտ ավելի երկար ժամանակ է տևում, որովհետև պետք է վերականգնել լոգիստիկ շղթաները: Վերջին հաշվով, կան աշխատողներ, որոնք, այնուամենայնիվ, վախենում են գալ գործի կամ ապրում են կարանտինային զոնաներում»,- ասաց Վահե Պետրոսյանը:

Անդրադառնալով շինարարության մեկնարկը ձգձգող օբյեկտիվ հանգամանքներին՝ Վահե Պետրոսյանն ասաց, որ դրանք հիմնականում պայմանավորված են անհրաժեշտ շինանյութերի բացակայությամբ և այլ երկրներից դրանք բերելու խնդիրներով: Օրինակ, ասոցիացիայի նախագահի խոսքով, չեն կարողանում Իրանից ցեմենտ ներկրել, ԱՄԷ-ից՝ կերամիկա կամ այլ շինանյութեր:

Այն օրերին, երբ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանափակվել էր նաև շինարարական ոլորտի գործունեությունը՝ գրեթե 20 օր, միջին կառուցապատողը, ըստ Վահե Պետրոսյանի, ընդհանուր թվով՝ մոտավորապես 45.000-75.000 դոլարի վնաս է կրել:

Բնակարանների հնարավոր գնանկման վերաբերյալ էլ մեր զրուցակիցը երկու հնարավոր սցենար կանխատեսեց:

«Եթե շատ արագ ավարտվի այս վիճակը՝ առաջիկա 1-2 շաբաթում, ինձ թվում է՝ այնքան էլ հետևանքն ուժեղ չի լինի մեր տնտեսության վրա, նաև քաղաքաշինության ոլորտի վրա, մասնավորապես՝ գների, վաճառքի տեմպերի վրա:

Բայց եթե տևեց երկար, եթե 2-3 ամիս լինենք կիսակարանտինային վիճակում, ինձ թվում է՝ մեր տնտեսության վրա շատ վատ հետևանքներ կլինեն: Ուղղակի պատկերացրեք, որ բնակարանի գնորդների մեջ էլ կան մարդիկ, որոնք ունեն ռեստորան, հյուրանոց, տուրիստական ընկերություն: Բնական է, որ այդ մարդն ի՞նչ բնակարանի մասին պիտի մտածի: Անգամ կվախենա նոր ավտոմեքենա առնել կամ նոր թանկ այլ գույք ձեռք բերել, որովհետև իր համար սկսվում են ծանր ժամանակներ, ինքն այլևս պետք է պատրաստվի վատ օրերին, 1-2 տարի իր բիզնեսը կանգնելու է:

Ու այդ տրամաբանությամբ՝ այն սեգմենտները, որոնք առաջին թիրախն են՝ հանրային սնունդ, տուրիզմ, հյուրանոցային ուղղություններ, բոլորը՝ որպես մեր պոտենցիալ գնորդ, վերանում են:

Նաև վերանում են սփյուռքահայության գնումները, որովհետև նախ՝ այս պահին ֆիզիկապես ոչ մեկը չի մտածում տուն գնելու մասին, երկրորդ՝ իրենց ակտիվներն էլ այդ երկրներում արժեզրկվում են, որ պետք է այնտեղ տունը վաճառեն՝ այստեղ գնելու համար»,- ասաց Վահե Պետրոսյանը՝ նշելով, որ արտակարգ դրության, կարանտինի երկարաձգումը  կարող է կործանարար հետևանքներ ունենալ, ու դա չի վերաբերի միայն Հայաստանի տնտեսությանը կամ շինարարության ոլորտին, այլ կանդրադառնա  բոլոր երկրների, բոլոր ոլորտների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս