Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի նկատմամբ, անարդարություն է ․ Հրաչյա Հարությունյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի և դատավարության ընթացքում կատարվող անօրինականությունների մասին Yerevan.Today-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։
-Պարոն Հարությունյան այսօր կորոնավիրուսի հետ կապված միջազգային ատյանները, ԵԽԽՎ-ն, ՄԱԿ-ը հանդես են գալիս կոչերով` երկրներին հորդորելով փոխել ավելի շատ կալանավորների խափանման միջոցները: Այս պայմաններում Հայաստանում ունենք իրավիճակ, երբ արդեն մեկ ամիս է, չի քննվում անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը` խափանման միջոցի հետ կապված: Ինչպե՞ս եք վերաբերում այս իրավիճակին:
-Այն ինչ կատարվում է երկրորդ նախագահի նկատմամբ, անարդարություն է:
Այսօր, երբ երկիր մոլորակը կանգնած է մի նոր աղետի առջև և նույնիսկ դարավոր թշնամի երկրներն են պատրաստ օգնության ձեռք մեկնել միմյանց, երբ մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող բոլոր կազմակերպությունները գթասրտության, հանդուրժողականության, մարդասիրության կոչեր են հնչեցնում և հատկապես կալանավայրերում գտնվող խոցելի խմբում հայտնված մարդկանց նկատմամբ, անազատության մեջ է գտնվում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նաղագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կոչ եմ անում անհապաղ ազատել նախագահին:
-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, ինչպես և կանխատեսվում էր, արդեն վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից, առաջիկայում էլ հնարավեր է լինեն կոնկրետ արձագանքներ գործի ապօրինությունների հետ կապված, այս ամենը, ըստ Ձեզ, ի՞նչ հետք կթողնի Հայաստանի՝ որպես ժողովրդավար երկրի վարկանշի վրա:
-Անկեղծ ասած ես սպասում էի, որ այդ արձագանքները կլինեն ավելի շուտ, նույնիսկ անմիջապես, բայց ցավոք… Միևնույն է՝ համոզված եմ, որ շատ շուտով կլսենք այդ արձագանքները:
Ես ճանաչում եմ նախագահին, ճանաչում եմ նրա տեսակը, ճանաչում եմ նրան որպես ազնիվ, պարկեշտ, հաստատակամ, հայրենասեր մարդու և ցավում եմ, որ հասարակության մի հատված նրան պարզապես լավ չի ճանաչում:
Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ բոլոր այն բացասական խոսակցությունները, որ կապվում են նախագահի անվան հետ, դրանք բոլորը բամբասանքներ են, հերյուրանքներ, սուտ ու կեղծիք, իսկ բոլոր դրականը` փաստեր են, փաստաթղթեր, շոշափելի ու տեսանելի իրողություններ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: