Սիսիանի աղմկահարույց դեպքի մանրամասներն ու կողմերի պնդումները
Օրեր առաջ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի մասնակցությամբ քաղաքացիներին ծեծի ենթարկելու մասին լուրերը շատ արագ տարածվեցին համացանցում: Դեպքի մասին ապրիլի 7-ին առաջինն ահազանգել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այդ օրերին Սիսիանի քաղաքացիները հեռախոսով փոխանցել են պատգամավորին, որ ոստիկանապետի ԺՊ-ի մասնակցությամբ 3 քաղաքացու են ծեծել, «նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ է, մյուսը՝ 1952 թ. ծնված քաղաքացի։ Ծեծվածներից երկուսը հոսպիտալացվել են։ Ըստ տեղեկությունների՝ նրանցից մեկի ծնոտը ջարդել են»:
Պատգամավորի գրառումից հետո Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հանձնարարվել էր ծառայողական քննություն իրականացնել, ինչից հետո գործը Դատախազությունն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է երկու քրեական գործ, որոնք առնչվում են Սիսիանի ոստիկանապետի ԺՊ Գարիկ Մուրադյանին:
Առաջին քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Այս քրեական գործն առնչվում է ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի նշած իրադարձությանը, ըստ որի՝ Սիսիանի ոստիկանությունը՝ ոստիկանապետի ԺՊ-ի մասնակցությամբ, ծեծի է ենթարկել 3 քաղաքացու։
Տեղեկությունների համաձայն՝ Մարտին և Արմեն Հարությունյանները միասին դրսում են եղել, երբ նրանց է մոտեցել երկու ոստիկան, պահանջել պարետի սահմանած ձևաթուղթը, որը քաղաքացիները պետք է ունենային դուրս գալիս, նրանք ցույց են տվել, այնուհետև ոստիկաններն ասել են՝ ազատ եք: 5 րոպե անց ոստիկանները նրանց հետևից գնացել են ու նորից նույն թուղթն են պահանջել, ապա լեզվակռիվ է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև:
Ըստ տարածված լուրերի՝ դրանից հետո եղբայրները գնացել են աշխատավայր, որտեղ քիչ անց երկու ոստիկան է եկել ու նրանց հայտնել, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն ուզում է խոսել եղբայրների հետ։ Բացի նշված ոստիկաններից՝ երկու մեքենայով նաև այլ ոստիկաններ են գնացել, ոստիկանապետի պաշտոնակատարն իջել է մեքենայից, հայհոյել է ու սկսել է հարվածել եղբայրներին, ինչպես նաև նրանց հորը, ինչից հետո երեքին բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Իրողությունն այլ կերպ է ներկայացնում Սիսիանի ոստիկանապետի ԺՊ Գարիկ Մուրադյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը պնդում է, թե իր պաշտպանյալի նկատմամբ ուղղորդված արշավ է տեղի ունենում:
Փաստաբանի խոսքով՝ Սիսիանի ոստիկանությունում ոստիկանապետի ԺՊ-ի պաշտոնը ստանձնելով՝ Գարիկ Մուրադյանը բացահայտել է մի շարք աղմկահարույց դեպքեր, խոշոր չափերի հափշտակություններ, և «իր սկզբունքային կեցվածքի համար անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար»:
«Իր կողմից բացահայտված աղմկահարույց դեպքերն անմիջականորեն կապված են որոշակի անձանց հետ, սակայն այդ գործով դեռևս նախաքննություն է գնում, և այս պահին չեմ կարող դրանք բացահայտել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Վ. Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ ապրիլի 7-ին, երբ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան քաղաքի հատվածում լեյտենանտ Կարեն Ղազարյանը՝ ի կատարումն պարետի որոշման, կանգնեցրել է Վազ-2121 մակնիշի ավտոմեքենան և խնդրել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ ու տեղաշարժման թերթիկ: Ավտոմեքենայի վարորդ Արմեն Հարությունյանը և ուղևոր Մարտին Հարությունյանը դրանք չեն ներկայացրել, ու երբ ոստիկանը տեղեկացրել է, որ պետք է արձանագրություն կազմի, Հարությունյանները, չենթարկվելով ոստիկանի պահանջներին, հեռացել են:
Կարճ ժամանակ անց նույն մեքենան կրկին վերադարձել է հենակետի մոտ, և այն ժամանակ, երբ ոստիկանը կանգնեցրել է մեքենան և հայտնել վարչական վարույթ հարուցելու անհրաժեշտության մասին, ուղևոր Մարտին Հարությունյանը, որը Սիսիանի ավագանու անդամ է, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ամբողջ ոստիկանության, նաև ոստիկան Կ. Ղազարյանի հասցեին, հայտարարել է, որ շարունակելու դեպքում կիջնի և կապտակի նրան, ինչից հետո մեքենան հեռացել է:
Փաստաբանի փոխանցմամբ՝ դեպքի մասին վերադասության կարգով զեկուցվել է, և ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել այդ երկու անձանց՝ «սեռական բնույթի հայհոյանքների և ոստիկանական գործառույթները կատարելիս խոչընդոտելու համար»:
«Դրանից կարճ ժամանակ անց Սիսիանի ոստիկանության բաժին է ժամանել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, անախորժ, բարձր տոնով զրույց է ունեցել ոստիկանապետի ԺՊ-ի հետ՝ այդ անձանց բերման ենթարկելու և ազատելու կապակցությամբ: Գարիկ Մուրադյանը ոչ միայն անհապաղ ազատ չի արձակել նրանց, այլև նրանց նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, և նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության»,- ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով՝ սրան հաջորդել է այն, որ Սիսիանի 50-60 բնակիչ հավաքվել են ոստիկանության շենքի դիմաց և սկսել հայհոյել ոստիկաններին, ինչպես նաև ծեծել են այն ոստիկաններին, որոնք այդ ժամանակ փորձել են հանդարտեցնել հավաքված քաղաքացիներին:
Իսկ Մարտին և Արմեն Հարությունյանները ոստիկանության բաժնից ազատ արձակվելուց հետո դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն և հայտնել են, որ բերման ենթարկելիս իրենց նկատմամբ գործադրվել է բռնություն:
Մարտին և Արմեն Հարությունյանների ներկայացուցիչ, Ներսես Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում Գարիկ Մուրադյանի փաստաբանի ներկայացրած փաստերը «հեքիաթներ» որակեց:
«Միանշանակ չկա նման բան: Մենք ունենք հիմնավոր ապացույցներ: Ի տարբերություն իրենց՝ մենք խոսում ենք փաստերով, իսկ իրենք ընդամենը փորձում են մանիպուլյացիայի ենթարկել այդ ամենը»,- ասաց Ներսես Խաչատրյանը՝ հավելելով, որ ունեն իրենց խոսքերն ապացուցող տեսանկարահանումներ:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Հարությունյանների՝ Ոստիկանության բաժնում լինելու ժամանակ այնտեղ է գնացել Սիսիան համայնքի ղեկավարը, Խաչատրյանն ասաց, թե համայնքապետն այս գործի հետ կապ չունի, քանի որ «նա ո՛չ փաստաբան է, ո՛չ իրավաբան, ո՛չ իրավապաշտպան կազմակերպության ղեկավար է, ո՛չ էլ հանդիսանում է ինչ-որ անձանց շահերը պաշտպանող անձ»:
«Քանի որ գործը գնում է իրավական հարթությունում, բազմիցս ասել ենք, որ խնդրում ենք իրավական տիրույթից չտանել գործը քաղաքական տիրույթ»,- նշեց Հարությունյանների ներկայացուցիչը:
Ճշտող հարցին, թե «քաղաքական տիրույթ տանել» ասելով՝ նկատի ունեն համայնքապետի անունը շրջանառելու հանգամա՞նքը, Հարությունյանների ներկայացուցիչն ասաց.
«Ոչ միայն համայնքապետի մասով, այլ առհասարակ իրենք՝ Ոստիկանապետի ԺՊ-ի «համակիրները», քաղաքական տեքստեր են տալիս, ֆեյք քոմենթներ են անում: Էլի բացահայտել ենք, ասուլիսի ժամանակ դա միանշանակ հանրայնացնելու ենք: Իսկ քաղաքապետի հետ կապված՝ մենք բացարձակ այդ մասով առնչություն չունենք, դա մեր ֆունկցիայից դուրս է»:
Սիսիանի ոստիկանապետի ԺՊ Գարիկ Մուրադյանին առնչվող երկրորդ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 309.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ինչպես նաև պաշտոնատար անձի անունից խոշտանգման ենթարկելու համար:
Այս քրեական գործն առնչվում է համացանցում տարածված մի տեսանյութի հետ, որտեղ Սիսիանի մի տարեց քաղաքացի պատմում է, թե Ոստիկանապետի ԺՊ Գարիկ Մուրադյանն իրեն ծեծի է ենթարկել, որպեսզի ստիպի իր վրա վերցնել չկատարած գողությունը:
Գարիկ Մուրադյանի փաստաբանի խոսքով՝ այս մասով իրենք տիրապետում են բավարար ապացույցների առ այն, որ տարեց քաղաքացին ոստիկանության բաժին է գնացել արդեն իսկ մարմնական վնասվածքներով:
«Գտնում ենք, որ օբյեկտիվ քննության իրականացման պայմաններում պապիկի գործողություններում, մեր կարծիքով, կհաստատվի առերևույթ սուտ մատնության հանցակազմի առկայության հանգամանքը»,- նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Տեսանյութի տարեց քաղաքացու՝ Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանի փաստաբան Լուսինե Զեյնալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ապրիլի 6-ին Գառնիկ Սիմոնյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, գիշերը պահվել է այնտեղ, ոստիկաններն անօրինական ձևով խլել են նրա անձնագիրն ու խոշտանգել նրան:
«Մենք չենք հերքում, Գառնիկ Սիմոնյանն էլ չի հերքում, որ ինքը մինչև ոստիկանություն գնալն ընկել է, բայց իր մարմնի վրայի վնասվածքների տեղակայումը և քանակը նաև ապացուցում են այլ հանգամանքներ, որ բռնություն է գործադրվել: Այդ բոլոր վնասվածքները ֆիքսվել են դատաբժշկի կողմից, զննությունը կատարվել է, սպասում ենք եզրակացությանը»,- 168.am-ին ասաց փաստաբանը:
Լուսինե Զեյնալյանը փոխանցեց նաև՝ ինքն ուսումնասիրել է Ոստիկանապետի ԺՊ-ի կենսագրական տվյալները, պարզել, որ նշանակման պահից մինչ օրս ոստիկանության որ բաժնում էլ որ աշխատել է, միշտ բախվել է բնակիչներին խոշտանգելու, «բեսպրեդել» վարքագիծ դրսևորելու դեպքերի:
«Նախկին իշխանությունների կողմնորոշում է ունեցել, իր տեսակն իմ համար պարզ է, ով գալիս է իշխանության, ինքը դրա հետևից է վազում: Ինքն իր փաստաբանի հետ քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են, ինքնապաշտպանության են դիմում և դիմում են իրենց ծանոթներին, որ իրենց աջակցեն, դրանից էլ ենք տեղյակ»,- ասաց Լուսինե Զեյնալյանը՝ հավելելով, թե Գարիկ Մուրադյանն ու իր փաստաբանը գործն ուզում են տեղափոխել քաղաքական դաշտ:
Փաստաբանը նաև ասաց, թե Սիսիանի ոստիկանապետի ԺՊ Գարիկ Մուրադյանը «մարդկանց խոշտանգելուց հետո ձայնագրում է, տեսանկարում է, ստիպում է, որ մարդիկ անձամբ խոստովանեն, որ էս ամեն ինչը եղել է մինչև ոստիկանություն գնալը, որ ինքն արհեստական ապացույցներ ունենա»:
Լուսինե Զեյնալյանի փոխանցմամբ՝ Գարիկ Մուրադյանը Մարտունու ոստիկանության բաժնում աշխատելուց հետո գնացել է կադրերի ռեզերվ, քանի որ իր վարքագիծն անհամատեղելի է եղել իրավապահ մարմիններում աշխատելու հետ:
Գարիկ Մուրադյանի փաստաբանը 168.am-ի հետ զրույցում հերքեց Լուսինե Զեյնալյանի՝ մեզ ներկայացրած՝ թե՛ Մուրադյանի՝ նախկին իշխանություններին հարելու, աջակցելու, թե՛ իր հետ քավոր-սանիկ հարաբերությունների մեջ լինելու, թե՛ վարքագծի անհամատեղելիության համար կադրերի ռեզերվ տեղափոխվելու մասին մյուս կողմի ներկայացրած տեղեկությունները՝ հենց նրանց հորդորելով քաղաքական դաշտից տեղափոխվել իրավական հարթություն:
«Որևէ քաղաքական նկատառում չկա, որևէ քաղաքական նշույլ չկա մեր հրապարակումներում, և ընդհանրապես քաղաքականացնելու ձգտում էլ չկա: Եթե այդպիսի բան լիներ որևէ տեղ, որևէ բանից կարելի էր նման եզրահանգում կատարել: Բայց ես նման բան չեմ ասել: Մեր միտումն էլ այդպիսին չէ: Ես ընդամենը ներկայացրել եմ չոր փաստեր, չոր իրադարձություններ և յուրաքանչյուրին թողել եմ, որ իրենք հետևություններ անեն»,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ, եթե պարզվի, որ իր պաշտպանյալը մեղավոր է, ապա պետք է ենթարկվի պատասխանատվության:
Հավելենք նաև, որ նշված դեպքերից հետո մի քանի քաղաքացի ևս դիմել են դատախազություն և բողոք են ներկայացրել Սիսիանի ոստիկանապետի ԺՊ Գարիկ Մուրադյանի դեմ, նշել, որ տարբեր ամիսների բերման ենթարկելիս Մուրադյանն իրենց ծեծի է ենթարկել:
«Ինչպե՞ս է լինում, լավ, որ քաղաքապետը մտնում է, Գարիկ Մուրադյանն ու քաղաքապետը որոշակի անհաճո խոսակցություն են ունենում, դուրս է գալիս, ու քաղաքապետի դուրս գալուց հետո այս իրադարձությունները միանգամից սկսվում են: Այսինքն՝ տարբեր անձինք, որոնք մեկը մյուսին չեն ճանաչում, միանգամից դիմում են և ասում են, որ հունվարին, մարտին, 3 օր առաջ, 4 օր առաջ Գարիկ Մուրադյանը նրանց նկատմամբ բռնություններ է գործադրել: Ի՞նչ քաղաքական նկատառման մասին է այստեղ խոսքը, ես չոր փաստերն եմ ներկայացրել»,- հավելեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Տեղեկացնենք նաև, որ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը 168.am-ին փոխանցեց, որ քրեական գործերով որևէ մեկին դեռ մեղադրանք առաջադրված չէ: Նախաքննությունը շարունակվում է: