Բաժիններ՝

«Ինքը որոշ արտահայտություններ է արել, որը համարում եմ հենց ինձ ուղղված՝ որպես հոգևորականի». Սիսիանի աղմկահարույց միջադեպի հետքերով

Օրերս Սիսիանում  միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանության միջև: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ միջադեպի մասնակից է եղել նաև Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Տուժած երեք քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ ոստիկանության լրատվության բաժնից լրատվամիջոցներին հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն։

Միջադեպից տուժածները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասավոր Տեր Ներսես աբեղա Հարությունյանի ընտանիքի անդամներն են:

168.am-ի հետ զրույցում Ներսես աբեղա Հարությունյանը հայտնեց, որ հաշվի առնելով ընթացող նախաքննությունը` թեմայի մանրամասներին չի անդրադառնա, սակայն ակնկալում է օրինական հանգուցալուծում.

«Ես սպասում եմ օրենքի արձագանքին, սա ինձ համար զուտ օրինական և, առավել ևս, բարոյական հարց է, որովհետև կատարվածը բարոյական վայրագություն է (այդ ժամանակավոր պաշտոնակատար կոչվածի կատարածը)»:

Հարցին՝ գուցե անուղղակի գործոն է եղել Ձեր հոգևորական լինելու հանգամանքը, և այդ կերպ փորձել են եկեղեցու ու եկեղեցականի դեմ քա՞յլ կատարել՝ նա պատասխանեց.

«Ես նման կասկածանք ունեմ, որովհետև ինքը որոշ արտահայտություններ է արել, որի մասին ես դեռ չեմ խոսի, որն այլ կերպ չեմ կարողանում դեռ մեկնաբանել, համարում եմ հենց ինձ ուղղված՝ որպես հոգևորականի, կուսակրոն հոգևորականի ընտանիքի է թիրախավորել,  կամ միգուցե անձնական ատելությունից, անհանդուրժողականությունից դրդված եկեղեցու և եկեղեցականի հանդեպ: Ես սա իր արած որոշ արտահայտություններից եմ ենթադրում, որ արել է եղբորս ծեծելու, հայհոյելու ժամանակ, եղբայրս պատմել է ինձ»:

Հիշեցնենք, որ հոգևորականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ եղբայրները միասին դրսում են եղել, երբ նրանց է մոտեցել երկու ոստիկան, պահանջել պարետի սահմանած ձեւաթուղթը, որը քաղաքացիները պետք է ունենան դուրս գալիս, նրանք ցույց են տվել, այնուհետև ոստիկաններն ասել են՝ ազատ եք: 5 րոպե անց ոստիկանները նրանց հետևից գնացել են ու նորից նույն թուղթն են պահանջել, ապա լեզվակռիվ է սկսել իրենց միջև:

Ներսես աբեղայի եղբայրը հորեղբոր որդու հետ գնացել է եղբոր աշխատավայր, որտեղ նաեւ հայրն է եղել: Այնուհետև երկու ոստիկան են եկել ու ասել, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն ուզում է խոսել: Երկու մեքենայով ոստիկաններ են եկել, ոստիկանապետի պաշտոնակատարը իջել է մեքենայից, ծնողներին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվել եղբոր վրա ու սկսել խփել, հարվածել են նաև հորը:

Փաստաբան Լուսինե Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ գրելով. «06.04.2020 թ. ք. Սիսիան, արդեն Սիցիլիա հիշեցնող քաղաք, որտեղ ոստիկանության աշխատակիցներն են որոշում, թե ով ինչի համար պետք է պատժվի!!!!!

Հայտնում, որ երեկ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել այս մարդուն` չկատարած գողությունը իր վրա վերցնելու համար, այժմ գտնվում է ք. Սիսիանի հիվանդանոցում…»:

Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցության բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացի է ծեծվել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ է, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի։ Նրանք հոսպիալացվել են։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղի ունեցած միջադեպով կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս