Բաժիններ՝

«Սա բավականին լուրջ խուճապ է առաջացրել ամբողջ կրթական համակարգում». Սոֆյա Հովսեփյան

«Երեկ ԿԳՄՍՆ-ն հրաման է ուղարկել դպրոցներ, որով ասվում է, որ 2019-2020 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ողջ մատյանի թվանշանները պետք է անցկացվեն էլեկտրոնային մատյանների մեջ, և այն պետք է լինի մինչև ապրիլի 20-ը։ Սա բավականին լուրջ խուճապ է առաջացրել ամբողջ կրթական համակարգում, և բոլոր դպրոցների տնօրենները, ուսուցիչները բարձրաձայնում են այս մասին, որ իրապես հնարավոր չէ։ Ես՝ որպես կրթության ոլորտի մարդ, փաստում եմ, որ հնարավոր չէ 2 օրում այդ ծավալի գործընթացը կազմակերպել»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նա նշեց, որ կապվել է ԿԳՄՍՆ-ի հետ, այնտեղից պատգամավորին պատասխանել են, թե ընդամենը 1 օրվա գործ է և մեկ մարդու անելիք.

«Նախարարության հարգելի աշխատակիցներ, դա այդպես չէ, դուք չեք պատկերացնում, թե դպրոցներում որքան ծանրաբեռնվածություն կա։ Կխնդրեմ, գոնե 10 օր շուտ նմանատիպ առաջարկներն անեք, որովհետև առանց այն էլ՝ այսօր հեռավար կրթության արդյունքում բավականին ծանրաբեռնված են ուսուցիչները։ Ամենացավալին այն է, որ այս գործընթացը շղթայական խնդիր է առաջացնելու։ Այսինքն՝ նախարարության հրամանը պետք է արդեն գնա Կրթության վարչություն, վարչությունից ստիպելու են տնօրենին, տնօրենը ստիպելու է ուսուցչին, և մարդկանց մոտ կարծես թե վախի մթնոլորտ ենք ստեղծելու՝ կարճ ժամանակում մեծ ծանրաբեռնվածություն առաջացնելով։ Կխնդրեմ նմանատիպ պահանջներն առավել վաղ ներկայացնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս