«Երբ երկրի դե ֆակտո ղեկավարը հանդիսանում է վարչապետը, չափազանց դժվար է լինել անկախ կառավարությունից». Արկադի Խաչատրյան
«Որպես մարդ, ով պատիվ է ունեցել հանդիսանալ ԿԲ խորհրդի անդամ, չեմ կարող անտարբեր լինել որևէ հարցի վերաբերյալ, որն առնչվում է ԿԲ-ին կամ առհասարակ ֆինանսական համակարգին։ ԿԲ-ն ՀՀ-ում ամենակայացած և պրոֆեսիոնալ ինստիտուտներից մեկն է, սա միշտ եղել է, և հույս ունեմ, որ կմնա նաև մեր այցեքարտերից մեկը»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Ըստ նրա՝ ԿԲ-ն կառավարության հիմնական գործընկերներից է, նաև՝ խորհրդատուն, բայց ունի իր հիմնական խնդիրները՝ ֆինանսական կայունություն ու գների կայունություն, պատգամավորի խոսքով՝ ԿԲ-ն պետք է աջակցի կառավարության ծրագրերին այնքանով, որքանով որ դա չի հակասում հիմնական խնդիրներին.
«ԿԲ իր գործառույթների իրականացման համար կան շատ կարևոր նախապայմաններ՝ պետք է ապահովել ինստիտուտի անկախությունը, քաղաքական չեզոքությունը և պրոֆեսիոնալիզմը։ Երբ երկրի դե ֆակտո ղեկավարը հանդիսանում է վարչապետը, չափազանց դժվար է լինել անկախ կառավարությունից՝ լինելով գործընկեր և խորհրդատու, մերժել կառավարությանն այն հարցերում, որոնք հակասում են ԿԲ հիմնական խնդիրներին։ Չափազանց դժվար է դա անել, բայց պետք է դա ապահովել, հակառակ դեպքում մենք չենք կարողանա պարծենալ նրանով, ինչով պարծեցել ենք մինչև հիմա»։
Պատգամավորն ընդգծեց՝ հիմա դժվար ժամանակահատված է՝ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամ է, տնտեսական առումով՝ հսկայական անորոշություններ, արտաքին և ներքին շոկեր։
«Մեծ մարտահրավեր է ամբողջ աշխարհում այն, որ ցածր տոկոսադրույքների ժամանակահատված է, շատ երկրներում նույնիսկ՝ բացասական տոկոսադրույքների, որի պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը՝ որպես հիմնական գործիք, այստեղ ընդլայնողական քաղաքականության համար չի աշխատում։ Բարեբախտաբար, մենք այդ խնդիրը չունենք, մենք կարող ենք դա կիրառել և օգտագործել անհրաժեշտության դեպքում»,- ասաց նա։