Բաժիններ՝

«Ժամանակը չէ՞, որ բանկերը մասնագիտացվեն». Սերգեյ Բագրատյանը՝ ԿԲ նախագահի թեկնածուին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԿԲ նախագահի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանին հարց ուղղեց այն մասին, թե արդյո՞ք դրված են այն ֆիլտրերը, որ հետո միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետությունը խնդիրներ չունենա.

«Տարիների ընթացքում անընդհատ շրջանառվել է, որ կան «սև գումարներ», որոնք, ուզենք թե չուզենք, բոլոր երկրներում է այդպես եղել, և չէր կարող շրջանցել գլխավոր դրամատունը։ Այս իմաստով՝ նոր ֆիլտրերի կարիք զգացվո՞ւմ է, որ այլևս շատ քաղաքակիրթ լինեն հարաբերությունները, և այլևս չմտնենք «սև կասսաների» ինստիտուտը»։

Մարտին Գրիգորյանն ի պատասխան՝ ասաց. «Մեր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միավորը, որը կոչվում է ֆինանսական հետախուզություն տարբեր երկրներում, չափազանց ուժեղ կառույց է։ Մասնագիտական առումով այնտեղ հավաքված են լուրջ պրոֆեսիոնալներ, որոնք գնահատող բոլոր կազմակերպությունների կողմից արժանացել են ամենաբարձր գնահատանքի։ Մենք միշտ որոշակի ինչ-որ դերակատարում ունենք գործընթացների մեջ, բայց մենք ընդամենը խաղացողներից մեկն ենք, և կարծում եմ՝ շատ մեծ պատվով և պատասխանատվությամբ ենք այդ հարցին վերաբերվում։ Եթե նկատի ունեք՝ ԿԲ ներսի ֆիլտրերը, ապա ես կարծում եմ՝ մենք ուժեղացնելու ենք մեր համապատասխանության և ռիսկերի կառավարման օղակը, որպեսզի հանկարծ չլինի մի դեպք, որ ԿԲ-ն ստանձնի իրավական պարտավորություն, և դա մնա աննկատ»։

Բագրատյանը նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք ժամանակը չէ, որ մասնագիտացվեն բանկերը։

«Ինչ-որ պահի եղել է դրվագ, որ բանկերն ուզեցել են մասնագիտանալ ինչ-որ ուղղությունների մեջ, հետո իրենք են եկել այն համոզման, որ ունիվերսալ բանկային լիցենզիա ունենալն ավելի լավ է, որովհետև այս պահի դրությամբ, ենթադրենք, տնտեսության ռեալ հատվածը դեռ պատրաստ չէ թողարկումների այն ծավալն անել, որ բանկերից վերցնի այդ խորհրդատվությունը կամ ֆինանսական միջոցները։ Ժամանակը ցույց կտա, լրիվ բաց ենք այդ թեմայի շուրջ, ոչ մի խնդիր չկա»,- ի պատասխան՝ ասաց ԿԲ նախագահի թեկնածուն։

Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ ԿԲ-ն կարող է այդ պահանջարկն ինքն էլ ձևավորել։ Պատգամավորն այդ առումով կարևորեց հատկապես գյուղատնտեսական ոլորտը։

Մարտին Գալստյանը նշեց, որ Հայաստանում կան վարկային կազմակերպություններ, որոնք այդ առաքելությունը վերցրել են իրենց վրա.  «Կառավարության միջոցառումներից էլ գյուղվարկերի սեգմենտն ամենաարագ ընթացող միջոցառումն է, որովհետև ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում գյուղը հավելյալ օժանդակության կարիք ունի։ Թվերը բավականին տպավորիչ են, արդեն 550 մլն-ի մուտք է եղել այդ սեկտոր։ Այն ծրագրերը, որոնք ԿԲ-ն իր միջազգային գործընկերների հետ իրականացնում է, ևս օժանդակելու են գյուղի զարգացմանը, և ժամանակը ցույց կտա՝ տեսնենք՝ ինչ ուղղությամբ ենք գնում։ Այս պահի դրությամբ՝ գյուղի հետ կապված ֆինանսական ազդակները բավականին դրական են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս