Դրախտիկի միջնակարգ դպրոցում կառուցվել է էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի 12 դասասենյակներում եւ ուսումնաօժանդակ 23 այլ սենյակներում արդեն շահագործման է հանձնվել էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը, ջեռուցման համակարգը կառուցվել է այս տարվա փետրվար-մարտ ամիսների ընթացքում եւ փորձարկվել օրեր առաջ: Ջեռուցման համակարգի կառուցման համար ծախսվել է 4 միլիոն 500 հազար դրամ, որից 4 միլիոնը հատկացրել է Գեղարքունիքի մարզպետարանը, 500 հազար դրամ՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցը:

«Մինչ այս կարեւոր ձեռնարկը՝ դպրոցը ջեռուցվում էր նավթի վառարաններով, որը կապված էր մի շարք դժվարությունների հետ: Հնացել էին թե նավթի վառարանները, թե ծխատար խողովակները, մի կողմից էլ նավթի հոտը անհրապույր ու անմաքուր միջավայր էր ստեղծում դասասենյակներում, ուսուցչանոցում ու մյուս օգտագործվող սենյակներում: Բացի այդ, շատ դժվար էր ապահովել սենյակային ջերմաստիճան: Գեղարքունիքի մարզպետ Գնել Աանոսյանի նախաձեռնությամբ հաջողվեց իրականացնել այս ծրագիրը, որի արդյունքում էլեկտրական ջեռուցում անցկացվեց գործող 12 դասասենյակներում, ուսուցչանոցում, նախակրթարանում, գրադարանում, երկարօրյա 2 խմբակների սենյակներում, խոհանոցում, տեխնիկական աշխատողների սենյակում: Նշված տարածքներում նախորդ տարվանից նորացված են նաեւ պատուհանները, եւ այժմ մենք լիարժեքորեն կարողանում ենք ապահովել սենյակային բավարար ջերմաստիճան: Ջեռուցման համակարգի փորձարկումը ցույց տվեց, որ սենյակներում տաքությունն անհամեմատ ավելի երկար է պահպանվում, քան նավթի վառարանների օգտագործման դեպքում էր: Իսկ առավել օգտավետն այն է, որ դասերն այսուհետ կկազմակերպվեն միանգամայն անվտանգ ու մաքուր, բարվոք միջավայրում: Ծրագրի շրջանակներում նորացվել է նաեւ դպրոցի էներգամատակարարման համակարգը»,-նշեց դպրոցի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս