Ժողովուրդը կարող է ասել՝ սրանց ստեղից քշեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին բերեք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու մասին քննարկումները, որովհետև ինքը դա խոստացել է, իսկ ժողովուրդը հաստատել է, ուստի սրանից ետ ճանապարհ չկա: Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ հարցին պատասխանելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրան պատրաստված է եկել խորհրդարան, քանի որ Փամբուխչյանն իրեն հարցի մասին նախապես ասել էր: Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով միացրեց հեղափոխական օրերից մի ձայնագրություն, որտեղ ասում է, որ պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձերը  կբարձրացվեն, որպեսզի  նրանք օրավարձով շաբաթ և կիրակի օրերն այլ գործ անելու կարիք չունենան:

«Հեղափոխության կենտեքստում է սա արվել։ Սրանից հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխությունն է, որը էլի ժողովրդի լեգիտիմ իրավունքն է: Եթե ժողովուրդը մտածում է, որ վատ բան է, որ նրանց աշխատավարձերը բարձրացվել են, ապա կարող է ցանկացած պահի անել հեղափոխություն, մեզ ստեղից քշել և բերել հին ու  բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում են պետական համակարգը, փայ են մտնում բիզնեսներում, բերել այն պաշտոնյաներին, որոնց համար ամեն աշխատանքային օրը կոնկրետ թվով գումար   է, թե ինչքան փող մտավ իրենց, իրենց աներների, եղբայրների, զոքանչների գրպանները:

Բարձրաստիճան պաշտոնյան, ով 24 ժամ պայքարում է, պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, իսկ դրա համար պետք է հնարավորություն ունենան կտրված լինելու ամենօրյա մանր կենցաղային բաներից: Պետական ծառայության պրեստիժը պետք է բարձրացվի, և սա իմ սկզբունքային դիրքորոշումն է: ՀՀ քաղաքացիներն ունեն այս քաղաքականությունը  կտրելու հնարավորություն, թող ասեն՝ սրանց տարեք՝ Գագիկ Խաչատրյանին և Սերժ Սարգսյանին հետ բերեք, դա ժողովրդի լեգիտիմ իրավունքն է։ Լուրջ կընդունեն, թող ընդունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս