«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հերքում է լուրերն այն մասին, որ ակումբը կարող է լքել առաջնությունը:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մեջբերում է թիմի նախագահի` Բագրատ Նավոյանի խոսքը. «Կարծում եմ, որ այսօր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով որոշակի ֆինանսական խնդիրներ ունեն գրեթե բոլորը` անհատներից մինչև հզոր պետություններ: «Ալաշկերտը» մեծ պատասխանատվությամբ է պատրաստվելու առաջնության վերսկսմանը: Ունենք հզոր թիմ, և մեր միակ նպատակն անփոփոխ է` պայքարելու ենք չեմպիոնության համար»:
Նավոյանը շեշտել է նաև, որ Բարձրագույն խմբի առաջին վեց ակումբների ղեկավարների հետ քննարկումից հետո նա հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ` ներկայացնելով իրավիճակը: «ՀՖՖ-ն մշտական կապի մեջ է նաև ՀՀ պարետատան հետ, և, հուսով եմ, շուտով Պարետի թույլտվությամբ կկարողանանք վերսկսել մարզումները»,-եզրափակել է նա: