
Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով հարուցվել է քրեական գործ

Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 14-ին, ժամը 01:42-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ կրակել են Երևանի Օրբելի 8 բնակարանի պատուհանների ուղղությամբ, փամփուշտը մտել է բնակարան:
Բնակարանը պատկանում է դերասան Հովհաննես Ազոյանին:
Ավելի ուշ դերասանն ինքը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ չգիտի` ով կարող է լինել կրակողը, ինչպես նաև նշել էր, որ տուժողներ չկան:
Այսօր ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրին, որ երեկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 185 (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 235 (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով: Այն ուղարկվել է նախաքննական մարմնին: