««Ազատ հայրենիքը» ժամանակին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դիմել է Դատախազություն». Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ բարձր պաշտոն զբաղեցնողները պետք է առաջին հերթին լինեն հասանելի հանրության համար, աշխատեն թափանցիկ և հարգված լինեն հանրության կողմից։ Իհարկե, հիմքում ունենալով արհեստավարժությունը։
«Պետք է լինեն արհեստավարժ, մարդկային, թափանցիկ և հասանելի։ Կլինեն փոփոխություններ։ Նաև կլինեն գործիչներ, որոնք կմնան։ Այնպես չէ, որ ամբողջությամբ կմնան կամ փոխվելու են: Բայց դեռ չեմ մտածել այդ ուղղությամբ, որովհետև դեռ ժամանակ ունենք հիմնավորելու, թե ինչու է այդ մարդը նշանակվում այդ պաշտոնին, ինչ սկզբունքներից ելնելով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարությունյանը։
Լրագրողները նրան հարց ուղղեցին նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկա կարգավիճակի` կալանքի մեջ գտնվելու մասին` հիշեցնելով նաև Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրի մասին, որպեսզի փոխվի նրա խափանման միջոցը:
««Ազատ հայրենիքը» վաղուց է նման հայտարարությամբ հանդես եկել: Մենք դիմել էինք այն ժամանակ դատախազությանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առումով: Ստորագրություններ էին նաև հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորներ: Այսօր ուզում եմ հայտարարել, որ մենք երբևէ ՀՀ արդարադատության համակարգի գործունեությունը կասկածանքի տակ չենք դրել: Այն ժամանակ մեր կողմից միջնորդություն եղել է, իսկ այսօր հայտարարում եմ` կա ՀՀ դատական համակարգ, և նրանց որոշելիքն է»,- ընդգծեց Հարությունյանը: