Կառավարությունը փոփոխության է ենթարկել «Ապօրինի  գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստում քննարկվում է «Ապօրինի գույքի բռնագանձնման մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը  տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել:

«Մասնավորպես՝ նախկինում սահմանված 25 միլիոն դրամի շեմը բարձրացվել է մինչև 50 միլիոն դրամ: Ապօրինի ծագում ունեցող գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա (առաջին ընթերցմամբ՝ այդ բեռը գույքը ձեռքբերողի վրա էր խմբ).: Անձինք, որոնց գույքը փոխանցվել է որպես ալիմենտ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում, ազատվել են ստացված գույքը վերադարձնելու պարտականությունից՝ անկախ գույքի ծագումն իմանալու հանգամանքից:

Հստակեցվել են գույքային իրավունքների իրավատերերի կարգավիճակը, մասնավորապես՝ հստակ նախատեսվում է, որ գույքի բռնագանձմամբ չեն դադարում գույքի առնչությամբ բարեխիղճ անձանց, այդ թվում՝ գրավառուների իրավունքները: Ուսումնասիրվող ժամկետների հետ կապված՝ արձանագրվել է, որ ուսումնասիրությունը պետք է ներառի առավելագույնը 10 տարի նախորդող, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցներ՝ ավելի երկար, բայց սահմանափակվելով մինչև 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածը»,- կատարված փոփոխությունները ներկայացնելիս մասնավորեցրեց Արդարադատության նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս