Բաժիններ՝

«Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որովհետև աշխատում եմ աշխարհի խոշորագույն ընկերությունների հետ»․ Գագիկ Աղաջանյան

«ԱՊԱՎԵՆ» միջազգային բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը 168am-ի հետ զրույցում անդրադարձավ այն խոսակցություններին, թե բեռնափոխադրումների գներում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, ինչն էլ որոշակիորեն ազդել է ապրանքների գների վրա, և նշեց, որ նման բան տեղի չի ունեցել։

«Հայաստանի ամենախոշոր տրանսպորտային ընկերությունը երկաթուղին է։ Դիմեք Հարավկովկասյան երկաթուղի և հարցրեք՝ տարիֆային փոփոխություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Ձեզ կպատասխանեն՝ ոչ։ Վառելիքի, ցորենի, շաքարավազի ներկրումը, կոնտեյներների զգալի մասը Հայաստան է գալիս երկաթուղով, և այդտեղ տարիֆային փոփոխություն չի եղել։ Առհասարակ, տրանսպորտի թանկացում տեղի չի ունեցել։ Ավիացիայով մեզ մոտ բեռներ չեն գալիս, ծովով չեն գալիս։ Ծովով գալիս է մինչև նավահանգիստ, ծովային փոխադրումներում, բացի Չինաստանի ուղղությունից, ամողջ աշխարհում տարիֆային փոփոխություն տեղի չի ունեցել, ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որովհետև աշխատում եմ աշխարհի խոշորագույն, առաջին տասնյակում գտնվող ծովային ընկերությունների հետ։ Մնում է միայն ավտոտրանսպորտը»,- ասաց նա։

Գագիկ Աղաջանյանն ընդգծեց՝ ավտոփոխադրումների շուկայում տեղի է ունեցել հետևյալ փոփոխությունը․ «Տարիֆների փոփոխություն, գնային՝ որպես այդպիսին, ըստ էության, տեղի չի ունեցել։ Պարզապես հիմա այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ տրանսպորտային միջոցների սղություն է սկսել առաջանալ։ Դա պայմանավորված է մեքենաների աշխատանքի շրջանառության տեմպի անկումով։ Այսինքն՝ եթե մեքենան Երևանից դուրս էր գալիս և, ենթադրենք, Մոսկվա էր հասնում 7-րդ կամ 8-րդ օրը, հիմա այդ մեքենան 7-8 օր կարող է Լարսի անցակետ չհասնել։

Այսինքն՝ մեքենաների սղությունը կարող է ինչ-որ տեղ բերել գների փոփոխության, բայց դա էլ տեղի չի ունենում, որովհետև այդ մեքենաների պահանջարկը չի ավելանում․ տեմպն ընկել է, բայց չէ՞ որ մարդկանց տնտեսական գործունեությունը սահմանափակվել է, ավտոտրանսպորտն այսօր հիմնականում աշխատում է մթերքի ներկրման և արտահանման ուղղությամբ, մնացած տնտեսվարող սուբյեկտները, որոնք մեքենայով աշխատելու կարիք ունեն, պարզապես չեն աշխատում»։

«ԱՊԱՎԵՆ» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ իրենց պայմանագրային պարտավորություններում ոչինչ չի փոխվել, նույնությամբ կատարում են․

«Ես 100-ից ավելի բեռնատար ունեմ, իմ պայմանագրային պարտավորությունները, որոնք ժամանակին վերցրել եմ, մինչև այսօր կատարում եմ՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել։ Եթե մեքենան երկար ժամանակում է տեղ հասնում, բնական է՝ իմ ծախսերն ավելացել են, բայց ես պետք է խոստովանեմ, որ իմ ծախսերը նաև նվազել են՝ վառելիքի պատճառով։ Այսինքն՝ եթե վարորդի գործուղման ծախսերն են ավելացել, օրապահիկն է ավելացել, ես դա տնտեսել եմ վառելիքի գների անկումից, և իմ պարտակությունը նույն գնով, ինչ գնով եղել է պայմանագրում, կատարել եմ։ Նախորդ տարվա կնքված պայմանագրերն են այս ամբողջ տարվա համար։ Բա էլ որտե՞ղ է թանկացել»։

Նա նաև նշեց, որ կորոնավիրուսի հետևանքով իրենց աշխատանքը նվազել է․ «Մենք կատարում ենք այն պատվերները, որոնք ծայրահեղ անհրաժեշտ են, որոնց արտադրությունը չի կանգնել, օրինակ՝ լեռնամետալուրգիան չի կանգնել, մենք իրենց սպասարկում ենք, բայց հսկայական քանակի շինարարություն է կանգնել, և շինարարական նյութերի ներկրումը նվազել է։ Էլեկտրատեխնիկայի ներկրումը նվազել է։ Այսինքն՝ այն, ինչ չի վաճառվելու, այն ոլորտները, որոնց գործունեությունը դադարել է, նրանք պատվեր չեն տալիս։ Եթե այստեղ չեն վաճառում, գումար չեն աշխատում, նորը բերեն՝ ի՞նչ անեն։ Այդ ոլորտներում ունենք անկում, հենց դա էլ պատճառն է, որ տրանսպորտային միջոցների դեֆիցիտ չառաջացավ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս