Բաժիններ՝

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

2020թ. ապրիլի 1-ին Լոռու մարզպետի միջոցով մարզի դատախազություն է ստացվել քաղաքացու դիմում այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից մեկ անձ ձևականորեն ընդունվել է աշխատանքի, նրա անվամբ ելքագրվել է աշխատավարձ. որի գումարները յուրացման եղանակով հափշտակվել են։

«Մարզի դատախազության հանձնարարությամբ վերոնշյալ դիմումի առթիվ ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը, ունենալով կազմակերպա-տնօրինչական լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իրավասու լինելով տնօրինելու ընկերության ֆինանսական միջոցները, կնքելու աշխատանքային պայմանագրեր, 2011թ. մարտի 1-ին համապատասխան աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով նույն կազմակերպությունում որպես սանիտար աշխատանքի է ընդունել ամուսնու քրոջը: Ապա, 2011թ. մարտի 1-ից մինչև 2017թ. հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, տնօրենի հաստատապես տեղյակ լինելու պայմաններում, այդ անձի ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովվելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմվել են բովանդակությամբ կեղծ «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր», որոնցում կեղծ տեղեկութ­յուն­ներ են ներառվել նշված ժամանակահատվածում վերջինիս կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ:

Բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում չաշխատած օրերի դիմաց կազմակերպության բյուջեից որպես աշխատավարձի գումարներ այդ անձի անվամբ անհիմն դուրս է գրվել ընդհանուր շուջ 3.5մլն ՀՀ դրամ, որը վերջինս ստացել և օգտագործել է իր անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության միջոցներից առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։

Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս