«Կառավարությունը չի ցանկացել սուբսիդավորել մետրոպոլիտենի վնասն ու այդ բեռը թողել է քաղաքացիների ուսերին». Դավիթ Խաժակյան
Կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին, ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելուն միտված ևս մեկ միջոցառում: Այսօր ընդունված 11-րդ միջոցառումով կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի այն շահառուների գազի և հոսանքի վարձավճարները, որոնց փետրվար ամսվա գազի ծախսը կազմել է մինչև 10 հազար դրամ, իսկ հոսանքինը՝ մինչև 5000 դրամ:
Այս և առհասարակ կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելուն միտված սոցիալական աջակցության այլ ծրագրերի ու որոշումների վերաբերյալ 168.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ:
«Կառավարության ընդունած, այսպես կոչված, 11-րդ միջոցառումը ոչ այլ ինչ է, քան գործի և սոցիալական աջակցության իմիտացիա։ Իհա՛րկե, կլինեն մարդիկ, ովքեր գազի և հոսանքի համար սպառել են, համապատասխանաբար՝ մինչև 10.000 և 5.000 դրամի էներգակիրներ, բայց շահառու խումբն այնքան փոքր է, որ անհասկանալի է, թե բազմաթիվ այլ պահանջված ծրագրերից ինչո՞ւ է հենց այս մեկն անում կառավարությունը»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Վերջինս նշում է, որ դժվար է պատկերացնել անգամ մեկսենյականոց փոքր բնակարան, որը կարող էր փետրվար ամսին անգամ թերի ջեռուցում ապահովելով` տեղավորվել այդ գումարի սահմաններում։
Երևանի ավագանու անդամի կարծիքով` այս որոշումն անգամ ականջահաճո չէ, որովհետև մարդիկ հասկանում են, որ ազդեցության շրջանակը չնչին է։ Իսկ ընդհանրապես Դավիթ Խաժակյանի խոսքով` այս ընթացքում կառավարությունը հասցրել է շատ ոլորտներում, ունքը սարքելու փոխարեն՝ աչքն էլ հանել։
«Բերեմ երկու օրինակ, որոնցից առաջինը բաց տարածքներում շինարարությունների արգելքն էր։ Հայտնի է, որ շինհրապարակներում աշխատողները հիմնականում կրում են ձեռնոցներ և աշխատում են մեծ հեռավորությունների վրա. Ուրեմն ո՞րն էր տրամաբանությունը` արգելելու գործունեության այս տեսակը, եթե այդ նույն ընթացքում, հատկապես խոշոր սուպերմարկետներում, առկա էին մեծ կուտակումներ։ Իհարկե, այսօրվանից այդ արգելքը հանվեց, բայց հասցված վնասները և խախտված ժամկետները մնացին»,- տարակուսում է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Հաջորդ օրինակը, ըստ Դավիթ Խաժակյանի, ակտուալ է առ այսօր. իշխանությունների որոշմամբ՝ փակվեց նաև Մետրոպոլիտենը, որն այս օրերի ընթացքում հնարավոր փոխադրամիջոցներից ամենացածր ռիսկայնություն ունեցողն էր՝ իր բնական օդափոխության և ներքին սրահի մեծության իմաստով։
«Այն մարդիկ, ովքեր այս օրերին անխուսափելիորեն գնում են աշխատանքի, ստիպված են հավելյալ մեծ գումարներ ծախսել՝ տաքսիներից օգտվելու համար։ Կառավարությունը եթե ազնիվ գտնվեր, ապա կասեր, որ այդ արգելքը սահմանել է ոչ թե՝ առողջապահական նկատառումներից ելնելով, այլ՝ ֆինանսական»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի, Երևանի ավագանու անդամը պատասխանեց, որ հաշվել և տեսել են, որ Մետրոպոլիտենն այս ընթացքում աշխատելով՝ հավելյալ վնասներ է կրելու, և չեն ցանկացել սուբսիդավորել վնասն ու այդ բեռը թողել են քաղաքացիների ուսերին։
«Մեկ այլ խնդիր է հայտարարված սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկումը։ Հազարավոր մարդիկ ունեն հարցեր, որոնց պատասխանները, չգիտեն, թե ումի՞ց ստանալ։ Ում ուղորդում ենք պարետատան կամ Սոցապ նախարարության թեժ գիծ, բոլորն ասում են, որ այդ համարները չեն պատասխանում։ Տպավորություն է, որ հայտարարել են ծրագրեր, բայց չեն ցանկանում դրանք դարձնել մատչելի, որպեսզի հայտատուները շատ չլինեն»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը: