Բաժիններ՝

Ռեփ կարդալու համար պետք է մի քանի հատկություն ունենալ, հակառակ դեպքում գունազրկվում ես. Միշո

Ռեփեր Միշոն, որը շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր ալբոմը, կարծում է, որ հիփ-հոփը գործիք է, որը կարող ես օգտագործել այնպես, ինչպես ցանկանում ես: Այն հնարած գործիք է, որով կարող ես նվագել այնպես, ինչպես ուզում ես: Ռեփերի համոզմամբ՝ անհրաժեշտ է կոտրել հիփ-հոփի վերաբերյալ կարծրատիպերն ու ստեղծել յուրահատուկ մի բան, որը կարող է տարբերվել այլ գործերից:

Այս և այլ հարցերի շուրջ Միշոն խոսեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի TUMO Live ծրագրի շրջանակում:

«Դուք կարող եք ստեղծել յուրահատուկ բան, որը նախ պետք է ձեզ դուր գա, մի բան, որը ինքդ հաճույքով կլսեիր, եթե ուրիշն այն ստեղծեր: Ինձ համար դա առաջնային է: Մի իմաստուն երեխա ասել է, որ յուրաքանչյուր արվեստի ճյուղ ունի օրենքներ, որոնք պարտադիր է սովորել՝ դրանք խախտելու համար: Հենց կարողանում ես խախտել այդ օրենքները, ստացվում է հետաքրքիր գործ, որը կախված չէ ժամանակից, պահանջներից. ուղղակի նոր է: Ստացվում է մի բան, որը կապ չունի այլ գործերի հետ, և այդ հանգամանքը հավերժացնում է այն կամ երկար կյանք տալիս»,-ասաց ռեփերը:

Անդրադառնալով նոր ալբոմին՝ Միշոն նշեց, որ համագործակցել է դիջեյ Սերժոյի հետ: «Աշխատելիս երբեք չենք ասում, որ պետք է այս կամ այն ռեփերի երգի բիթի նման բիթ ստանալ, մենք նորն ենք անում: Ալբոմը որոշել էինք ներկայացնել մարտին, բայց երկրում ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգեցինք»,-շեշտեց Միշոն ու հավելեց, որ հիփ-հոփ ժանրում իր համար շատ կարևոր են բառերի հանգերը, միտք արտահայտելը, ձայնի կարողությունն ու մատուցման ձևը:

Ռեփերը վստահեցնում է՝ կարող ես լավ գրել, վատ մատուցել՝ արժեզրկելով գրածդ: «Տարիներ առաջ, երբ անգլերենին լավ չէինք տիրապետում, լսում էինք հայտնի ռեփերների: Ուշադրություն չէինք դարձնում բառերին. կարևոր էր բառերի շարվածքը: Կարող են ֆանտաստիկ բառեր լինել, բայց շարածը՝ վատը: Նման գործը չես լսի: Յուրաքանչյուր ռեփեր բանաստեղծ է: Լավ թե վատ, դա այլ հարց է: Բայց շատ քիչ բանաստեղծներ են կարող ռեփեր լինել: Մենք մեր հանճարներին լսում ենք սեփական բանաստեղծությունները կարդալիս ու զարմանում ենք, չենք հավատում, որ այդպես են զգացել: Ռեփ կարդալու համար պետք է մի քանի հատկություն ունենալ, հակառակ դեպքում գունազրկվում ես»,-ընդգծեց Միշոն:

Նրա խոսքով՝ եթե չգիտես արվեստի, սպորտի այս կամ այն ճյուղի բարդությունն ու գեղեցկությունը, չես կարող այն սիրել, օրինակ՝ ճարտարապետության, նկարչության դեպքում: Եթե չես հասկանում ներկերի ընտրությունը, տեխնիկան, նկարչի մտածելակերպը, դժվարանում ես գնահատել արժեքը: Նույնը հիփ-հոփի դեպքում է:

Խոսելով լեզվի մասին՝ ռեփերը շեշտեց, որ արվեստի լեզուն չունի սահմաններ: «Երբ սահմանափակում ես լեզուն, քեզ զրկում ես ֆանտազիաներից: Մենք չենք խոսում այնպես, ինչպես 17-րդ դարում: Հայերենը հարուստ լեզու է, ճկուն է, ունի բազմաթիվ բարբառներ: Այդ ամենի հետ կարելի է խաղալ՝ գրականը խառնել բարբառին և այլն: Չկա օրենք, այլապես սահմանափակում ես քեզ»,-նշեց Միշոն:

Միշոն ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 24-ին: 2001 թվականին ՀՏ Հայկոյի հետ հիմնադրել է «Հայ տղեք» խումբը, որն իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում։ Նրանց «Մաշնես ու ես» երգի տեսահոլովակը մեծ տարածում գտավ երիտասարդության շրջանում։ 2008 թվականին Միշոն և ՀՏ Հայկոն բաժանվեցին և յուրաքանչյուրը գնաց իր անձնական կարիերան ստեղծելու ճանապարհով։

2007-ից ի վեր Միշոն համագործակցել է տարբեր տաղանդավոր երաժիշտների հետ՝ թողարկելով մի շարք սկավառակներ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս