Ունենք 977 վարակակիր, 13 մահ և մինչև մայիսի 14-ը երկարաձգվող արտակարգ դրություն
Արդեն երկու օր է՝ արտակարգ խորհրդակցություններ ենք իրականացնում պարետատան հետ և որոշել ենք վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 14-ը:
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ազգային ժողովի հատուկ նիստ կգումարվի և այս հարցը կքննարկվի երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:
«Համաճարակը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում և Հայաստանում, և մեր խնդիրն է՝ այնպես անել, որ մենք ունենանք հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Նախորդ ժամանակաշրջանի համար մենք կարող ենք ասել, որ լուծել ենք մեր խնդիրը, քանի որ հիվանդացության դեպքերն օրական եղել են 30, ինչը գոհացուցիչ է»,- ասաց վարչապետը:
Խոսելով վարակակիրների թվի հայաստանյան վիճակագրության մասին՝ վարչապետն ասաց, որ Հայաստանում այս պահի դրությամբ ունենք հաստատված 977 վարակի դեպք, որից 30-ն արձանագրվել է նախորդ օրը:
«Այս պահին մեր ակտիվ դեպքերը, երբ հիվանդները գտնվում են բուժհիմնարկներում, 750-ի կարգի է: Ունենք 13 մահ, մահացած քաղաքացիների միջին տարիքը 76.2 է, հիվանդների միջին տարիքը՝ 42: Այս վիճակագրությունը հաստատում է այն, որ այս վիրուսը վտանգավոր է առանձնապես բարձր տարիքի մեր քաղաքացիների համար»,- ասաց Փաշինյանը: