«Արտակարգ դրության պայմաններում իրավախախտումները ծանրացնող հանգամանք են լինելու». ՏՄՊՊՀ նախագահ
ՏՄՊՊՀ նախագահն այսօր ևս մեկ անգամ վստահեցրեց՝ պարենային ապրանքների քանակը խանութներում, մատակարարների և արտադրողների մոտ, բավարարում է: Գեղամ Գևորգյանի խոսքով՝ վերջին օրերին գների նվազում է նկատվում, սակայն դրանք հեռու են փետրվարին գործող գներից:
«Մանդարինի գինը 60 դրամով նվազել է, բայց հեռու է փետրվարի գներից, սա կապված է բեռնափոխադրումների խնդիրների հետ: Սրան հակառակ՝ նարնջի գինը բարձրացել է: Տեղական արտադրության ապրանքների գները, բնականաբար, նվազում են՝ կապված սեզոնի հետ, լոլիկը, վարունգն ավելի էժան են, քան փետրվարին, ինչը բնական է: Մենք դիտարկումներ ենք անցկացրել և համեմատել ենք շուկայի գները, շաքարավազը 2018-ի նույն ժամանակահատվածում եղել է 380 դրամ, կարագը՝ 4690-4700, 4800, անգամ 5000 դրամի է հասել: Ձուն, որից անդադար խոսում են, 60-70 դրամ է եղել: Եթե համեմատեք, կտեսնեք, որ անգամ 2020-ին բարձրացված գները բավականին նվազ են, սա խոսում է մրցակցության մասին, սա ցույց է տալիս, որ շուկան կարգավորվում է»,- ասաց Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահը պատմեց, որ իրենց հանձնաժողովում վարույթ կար հարուցված ձուն ինքնարժեքից ցածր վաճառելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ թե՛ բարձր, թե՛ ցածր գինը պետք է արդարացված լինի.
«Այս օրերին ձուն դարձել է 46, 47, 36 դրամ: Մեր հաշվարկներով՝ միջին ինքնարժեքը պետք է 36 դրամ լիներ: Այսինքն՝ անոմալ վիճակը վերանում է: Փոքր և միջին ձու արտադրողներն այն ժամանակ բազմաթիվ բողոքներ էին ուղարկում՝ ձվի գնի նվազ լինելու, դեմպինգի հետ կապված: Օբյեկտիվ հարթության մեջ պետք է նայենք, նույնիսկ ցածր գինը պետք է տնտեսապես արդարացված լինի: Վարույթ կա հարուցված նաև կարագի, շաքարի, բենզինի, դիզելի գների հետ կապված: Նախատեսվում է վարույթ հարուցել ձեթի, հավի մսի գների մասով»:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ ոչ մրցակցային պայմաններ ստեղծելը, մենաշնորհային դիրքը չարաշահելն անգամ այս օրերին ենթադրում է պատասխանատվություն, ավելին՝ նման մեթոդների դիմելն արտակարգ դրության պայմաններում դիտվելու է՝ որպես ծանրացնող հանգամանք:
«Գերիշխող դիրքի չարաշահման համար տնտեսվարողը ստիպված է լինում վճարել նախորդ տարվա հասույթի 10 տոկոսը, հակամրցակցային համաձայնության գալը կարող է հանգեցնել անգամ քրեական պատասխանատվության, անբարեխիղճ մրցակցության դեպքում տնտեսվարողը պարտավորվում է վճարել նախորդ տարվա հասույթի 5 տոկոսը: Դրանք բավականին մեծ կորուստներ են: Եթե տնտեսվարողներն այս ընթացքում բարձր գին սահմանեն ու գերշահույթ ստանան, այդ շահույթը ենթակա է վերադարձման պետբյուջե: Արտակարգ դրության պայմաններում իրավախախտումները ծանրացնող հանգամանք են լինելու»,- ասաց նա:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ գների բարձրացումից խուսափելու համար վերին գին սահմանելը սխալ է, դա ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ: Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս մի շարք երկրների փորձը:
«Սա ռիսկեր է պարունակում: Հնարավոր է, որ տնտեսվարողներն այդ գնով չկարողանան ձեռք բերել ապրանքը, ինչը դեֆիցիտ կառաջացնի, կարող է սև շուկա առաջանալ, օրենսդրությամբ նման պահանջ չի կարող դրվել: Սահմանվում է նվազագույն գին, այն էլ՝ ներքին տնտեսվարողին պաշտպանելու համար»,- ասաց Գևորգյանը: