Արսեն Թորոսյանն այդպես էլ ներողություն չխնդրեց. Ստերիլ պաշտոնյա պահանջելը ճիշտ չէ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանրությունից ներողություն չխնդրեց համաշխարհային պանդեմիայի ժամանակ կորոնավիրուսի վտանգավորության վերաբերյալ իր՝ նախկինում արած հայտարարությունների համար:
«Ինչ վերաբերում է միջոցառումներ չանելուն, ապա մենք արել ենք այնքան միջոցառում, որքան պահանջել է իրավիճակը և խորհուրդ են տվել համապատասխան մասնագիտական գերատեսչությունները՝ դա մեկուսացումն է և վերահսկողությունը հաստատված դեպքերի նկատմամբ: Բազմիցս ասել եմ, որ հնարավոր չէր մեկուսացնել տասնյակ-հազարավոր քաղաքացիների, որոնք գալիս էին Հայաստան: Մենք Իրանի դեպքով ամբողջությամբ լոկալացրել ենք և գրեթե տարածում չենք ունեցել: Իտալիայի մասով՝ մի դեպքում կարողացել ենք լոկալացնել, մյուս դեպքերում՝ ոչ: Կարծում եմ՝շատ պատշաճ ենք արձագանքել վարակի տարածմանը, ավելի պատշաճ, քան արել են մեզանից տասնյակ անգամ հարուստ երկրներ: Դա է վկայում նաև մեր մոտավորապես 1000-ի հասնող, բայց մյուս երկրների հետ համեմատած՝ փոքր թիվ ունենալը»,- ասաց նախարարը՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք չի պատրաստվում նախկին հայտարարությունների համար ներողություն խնդրել:
Ինչ վերաբերում է դիմակներ կրելու անհրաժեշտության մասին արած կոչին ու նախկինում դրա անհրաժեշտությունը չտեսնելու մասին հարցին՝ ապա նախարարն ի պատասխան՝ ասաց.
«Քանի որ կա դիմակների մեծ դեֆիցիտ, և վարակը փոխանցվում է ձեռքերի և դեմքի շփման միջոցով, ապա դիմակները պաշտպանում են, որպեսզի վարակ տեղի չունենա. Խորհուրդ եմ տվել նաև օգտագործել կտորե դիմակներ, որոնք պետք է օրվա մեջ լվացվեն և լինեն մաքուր»,- ասաց նախարարը:
Մեկ այլ լրագրող էլ նախարարից հետաքրքրվեց, թե նախկինում արած իր որ հայտարարությունների համար է փոշմանել:
«Ես չեմ վարանում իմ սխալներն ընդունել, եթե այդպիսիք եղել են, և ինքս էլ ուղղում եմ՝ օրինակ, նույն դիմակների մասով այսօրվա հայտարարությունն էր: Ընդհանրապես էդպես ստերիլ պետական պաշտոնյաներ ունենալու պահանջը էդքան էլ ճիշտ չէ, որովհետև, երբ որ կա նոր հիվանդություն, և դրա վերաբերյալ բազմաթիվ բաներ հայտնի չեն, կարող ես անել մի հայտարարություն, իսկ հետո պարզվի՝ ինչ-որ բան է հայտնաբերվել, և այդ հայտարարությունը հավաստի չէ, և ես չեմ վարանի ասել, որ հենց այդպես էլ եղել է»,- խոստովանեց նախարարը: