Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. բոլորս դա պետք է ընդունենք. Թորոսյան
Մինչև այսօր արվել է 6500 թեստ, ես օնլայն ռեժիմով հետևում եմ այդ թվին, մենք արել ենք այնքան թեստ, որքան եղել է ցուցում՝ հիմնվելով նաև միջազգային չափանիշերի վրա, սակայն այսօրվանից կատարվող ամենօրյա թեստերի քանակը կավելանա՝ հասնելով 1000-ի:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ վիրուսների թեստավորումը բավական երկարատև գործընթաց է:
«Անհրաժեշտ են հատուկ լաբորատորիաներ: Ունենք 6-ը, ևս 2 մասնավոր լաբորատորիաներ կընդգրկվեն այդ գործընթացում: Անհրաժեշտ է բարձր որակավորում ունեցող անձնակազմ, հատուկ տեղափոխման սառցե տարաներ, և այդ լոգիստիկ շղթան պետք է պատշաճ կազմակերպվի: Սա ասում եմ, որ մարդկանց մոտ տպավորություն չստեղծվի, թե սա մատից արյուն վերցնելու գործընթաց է, ո’չ, շատ բարդ է, լինում են դեպքեր, երբ մենք պատասխանները տալիս ենք 10 ժամից: Վերջին մեկ ամսում էլ մեր լաբորատորիայի աշխատակիցներն աշխատել են 24 ժամով, և մենք փորձելու ենք գիշերը թեստեր չանել, որ չսխալվենք»,- ասաց նախարարը:
Խոսելով վարակի տարածվածության մասին՝ նախարարը նշեց, որ այժմ շատ են վարակի օջախները, և բոլորս պետք է հասկանանք, որ, եթե անգամ արտակարգ դրության ռեժիմը հանվի, դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկինին:
«Ես ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք՝ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և մենք բոլորս դա պետք է ընդունենք ներքուստ: Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի, դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին՝ սկսած սոցիալական տարածության պահպանումից, վերջացրած մեր վարքագծով՝ ձեռքերը լվանալ և այլն: Կոչ եմ անում թվերով միայն իրավիճակը չպայմանավորել, մենք չպետք է թույլ տանք, որ մեր հիվանդանոցները տեղ չունենան ծանր հիվանդներին ընդունելու համար»,- ասաց Թորոսյանը: