Շրջադարձային պահեր
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ կորոնավիրուսի (COVID-19) պատճառով ինքնամեկուսացման մեջ ենք գտնվում։ Ես հայացք եմ նետում դեպի անցյալ` վերհիշելու այն պատմական ճգնաժամային պահերը, որոնց միջով անցել եմ։ Առաջին նման իրավիճակը, որի առաջացրած ցնցումների ժամանակներում ապրել եմ, եղել է Քենեդիի սպանությունը` 1963թ.-ին։ Նախագահ Քենեդին նոր և հույսով լի ժամանակաշրջանի սկիզբ դնող թարմ խոսք էր համարվում։ Նրա մահը տեսնելով` աշխարհը մի պահ կանգ առավ և սգաց նրա մահը։ Դեպի իդեալիզմ տանող հուսադրող ճանապարհը մեկընդմիշտ ընդհատվեց։
Այնուհետև, 1991թ.-ին Սադամ Հուսեյնի բանակի հարձակումը Քուվեյթի վրա պետք է խթան հանդիսանար Պարսից Ծոցի առաջին պատերազմի սկիզբը դնելու համար։ Ի պատասխան այդ հարձակման՝ հսկայական ռազմական կոալիցիա ձևավորվեց։ Քիմիական և բիոլոգիական զենքերի կիրառման վախն ամենուր էր։ Մարդկանց ականջներն ու աչքերն արդեն սովորել էին գիշերվա ժամերին Բաղդադի ռմբակոծման լույսերին և ձայներին։ Ի պատասխան՝ Իրաքի հրթիռները սկսեցին անձրևի նման թափվել Իսրայելի վրա, ինչն իր հերթին՝ առաջ բերեց ատոմային պայթեցման տեսքով պատասխանի վտանգը։ Ուժերի հավասարակշռության խախտումը շատ մտահոգիչ էր։ Ի ուրախություն մարդկության՝ Միջին Արևելքի այս բռնապետը հապաղեց։ Իրաքի ներխուժումն այնուհետև պետք է հիմնովին փոփոխեր տարածաշրջանային և գլոբալ ուժերի լանդշաֆտը։
Մարդատար ինքնաթիռները հիանալի ձեռքբերում են մարդկության համար, սակայն դրանք այլ նպատակի համար օգտագործվեցին 2011թ. սեպտեմբերի 11-ին, երբ դրանք վերածվեցին ահաբեկչության կամայական գործիքների։ Երբ ինքնաթիռները հարվածեցին Նյու Յորքի զույգ աշտարակներին, դրանց անկումից հսկայական մոխրագույն ամպ գոյացավ քաղաքի վրա, և հիմնահատակ փոխեց աշխարհը։ Դրանից հետո օդանավակայաններն ու կյանքը երբեք այլևս նույնը չէին լինելու։ Վախի և մոլեգնած կատաղության արդյունքում անվտանգության և հետախուզման մակարդակը զգալի խստացվեց։ Մեր` քաղաքացիական անվտանգության զգացողությունը լուրջ սահմանափակումների ենթարկվեց։
2019թ. դեկտեմբերին, երբ աշխարհը պատրաստվում էր Սուրբ Ծննդյան տոներին, Չինաստանում նոր տեսակի վիրուսի տարածման վերաբերյալ սկսեցին լուրեր շրջել։ Մեզանից շատերը կարծում էին, որ դա հերթական հիբրիդ վիրուսն էր, որը լոկալ կլիներ, և այդ երկրի սահմաններից դուրս չէր տարածվի։ Ուստի, մենք բոլորս սկսեցինք կենտրոնանալ այլ բաների վրա, ինչպիսիք են ԱՄՆ նախագահի իմպիչմենտի հարցը, Սուրբ Ծննդյան տոների նախապատրաստությունները, և այլն։ Սակայն մինչև մարտ ամիսն այդ մահացու վիրուսն ավելի ու ավելի մոտեցավ մեր սահմաններին։ Ի վիճակի չլինելով կասեցնել այդ վիրուսի արագ տարածումը, երկրների ղեկավարները սկսեցին ուշացած խիստ միջոցներ ձեռնարկել։ Համաշխարհային առևտրի զգալի մասը միանգամից դադարեցվեց։ Այժմ մենք ստիպված ենք տանը փակված մնալ։ Հանկարծակի, անսպասելի կերպով մեր երեխաներին այլևս չի թույլատրվում դուրս գալ և խաղալ այլ երեխաների հետ, ինչպես նաև դպրոց հաճախել։
Այժմ մենք պետք է, սեփական անվտանգությունից ելնելով, մեր երեխաներին տանը պահենք։ Մարդիկ սկսեցին ուտելիքներ և բժշկական պարագաներ գնել մեծ ծավալներով, որպեսզի տան պայմաններում ապրելու համար պաշարներ կուտակեն։ Կյանքը հանկարծակի սկսեց ավելի անկանխատեսելի և արժեքավոր թվալ։ Այժմ ոչ մեկն այլևս կոչ չի անում կրճատել կառավարությունները, որովհետև մարդկանց առողջության ապահովման հարցում նրանց դերը զգալի կարևոր է։
Յուրաքանչյուր հաջորդ սերնդի համար, նախորդ ճգնաժամերը, միմիայն աբստրակտ տեքստեր էին համարվում պատմության գրքերից, կամ պատմություններ, որոնք իրենք լսում էին իրենց զառամյալ բարեկամներից։ Այժմ, նոր սերնդի համար, սա կլինի առաջին համաճարակային իրավիճակը, որը կփոխի խաղի կանոնները։ Նրանց մանկական անմեղությունը մեկընդմիշտ կվերափոխվի, քանզի նրանց անձնական ընտանեկան և համայնքային կյանքը խաթարվել է համաշխարհային համաճարակի սպառնալիքով։
Այժմ, այս ճամփաբաժանից հետո, կլինի կյանք նախքան COVID-19 կորոնավիրուսը, և կյանք դրանից հետո, որն անկասկած շատ տարբեր է լինելու դրա նախորդից։ Մեր երեխաներն արդեն ստիպված են լինելու վերաիմաստավորել իրենց կյանքը։ Նրանք կկորցնեն իրենց մանկության մի մասը, և ավելի շուտ մուտք կգործեն ավելի գորշ և անգույն հասուն կյանք։ Արդյունքում՝ մեր երիտասարդությունը, իրավիճակից դրդված լինելով, ավելի զգուշավոր կլինի, բայցևայնպես, հուսով եմ, որ նաև ավելի հաստատակամ և նպատակասլաց։ Նրանք պետք է տեսնեն և հասկանան, թե ինչ պետք է արվի։ Նրանք նախքան իրենց հասունանալը ստիպված են լինելու դառնալ աշխարհի հասուն քաղաքացիներ։ Բարի և անփորձանք ճանապարհ ձեզ դեպի կյանք, սիրելի՛ երեխաներ։
Ալան Ուայթհորնը
Կանադայի` Թագավորական ռազմական քոլեջի պատվավոր դասախոս է, գրող, բանաստեղծ և թոռնիկների պապ։
Նկարը` Խուան Մ. Սանչեսի
Սպասելով վիրուսին
Ասում են՝ վիրուսն իսկապես սարսափելի է
ու գալու է շուտով:
Չգիտեմ` ի՞նչ անել:
Ինչպե՞ս պատրաստվել:
Որքա՞ն վատը կլինի այն:
Ասում են՝ այն բոլորիս վրա է ազդելու
ու շատ ձևերով:
Այսպես, ազգային հեռուստատեսությամբ
նախագահը զգուշացրեց մեզ:
Նա հաստատեց, որ օտար վիրուս է այն,
արտերկրից է գալիս:
Նա հրամայեց փակել մեր սահմանները՝
պաշտպանվելու դրանից:
Բայց ես վախենում եմ, որ այստեղ է արդեն վիրուսը:
Մեր մեջ է այն:
Այն կարելի է գտնել
մեր ասածի
ու նրա մեջ, ումից վախենում ենք:
Մենք սկսեցինք փակել մեր սրտերը
և նույնիսկ մտքերը մեր:
Վիրուսը սպանում է մեր մարդկությունը:
Ինչ-որ կերպ պետք է դադարեցնել այն,
քանի դեռ ուշ չէ շատ:
Աղետ և վերածնունդ
Աղետալի իրադարձությունները կարող են դառնալ կատալիզատոր՝ իբրև օրինակ
խորքային փոփոխության:
Առաջին համաշխարհային պատերազմի պղտոր արյամբ խրամատներից
իդեալիզմը բոցավառվեց՝ Ազգերի լիգա ստեղծելով:
Միջուկային ավերածությունից և Երկրորդ աշխարհամարտի ռմբակոծված ավերակներից,
ՄԱԿ-ի հույսը ծնվեց:
Մահացու գլոբալ COVID-19 կորոնավիրուսի հետևանքով
ի՞նչ դասեր կարող ենք քաղել և ի՞նչ ենք անելու:
Հուսանք` դրական կլինի տեսլականն այդ:
Թարգմանությունը՝ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ