«Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են. որքան էլ Նիկոլ Փաշինյանն ասի՝ բենզինն էժանացել է, մինևնույն է՝ մարդիկ բենզին չեն ուտում, ոչ էլ մազութն են հացին քսում». Արա Պապյան

«Ինքս պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնց կարծիքով՝ այս վիրուսը ոչ թե արհեստածին է, այլ՝ բնական: Այլ բան է, որ սա կարող է հրահրված լինել մարդկային որոշակի գործունեության հետևանքով, այսինքն՝ մարդու և կենդանու շփումն այսօր այնքան է մոտեցել, որ կարող են լինել տարբեր վիրուսներ: Հետևաբար՝ պատերազմ ասելով՝ կարող ենք ընկալել ոչ թե ինչ-որ մեկի կողմից հրահրվող, իրականացվող, այլ ստեղծված իրավիճակը, որը պարբերաբար եղել է միջնադարում, հին աշխարհում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոն ՀԿ ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ռիսկերին ու վտանգներին:

Նրա կարծիքով՝ այս ամենի հետևանքները շատ ավելի տնտեսական են, քան առողջապահական, ավելին, եթե ցինիկ լինեն և մարդկային կյանքերը հաշվապահության վերածեն, ապա այդ կորուստների թիվը շատ մեծ չէ, այսօրվա վիճակով՝ ավտովթարներից շատ ավելի մեծ թվով մարդիկ են մահանում: Ավելին, եթե այս ամենն ընդունում են՝ որպես մեծ ցնցում, ինչը հենց այդպես էլ կա, ապա դրանից հետո գալիս են հետցնցումները, որոնք կարող են լինել տարբեր,  հիմնականում՝ տնտեսական բնույթի, որը տարածաշրջանի վրա արդեն սկսել է ազդեցություն ունենալ:

«Մեր հարյուր-հազարավոր համաքաղաքացիները, որոնք ՌԴ-ում կամ այլ երկրներում էին աշխատում, փող էին փոխանցում Հայաստան, ընտանիքներ էին պահում,  այսօր սա չեն կարողանալու անել, հաճախ նաև նրանք են բեռ դարձել և տարբեր տեղերում չեն կարողանում խնդիրներ լուծել, սա շատ լուրջ տնտեսական հետևանք է: Ճանապարհների հաճախ փակ լինելն ու անանցանելիությունը բերել է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման, հիմա որքան էլ Նիկոլ Փաշինյանն ասի՝ բենզինն էժանացել է, որի գինն ամբողջ աշխարհում է անկում ապրել, մինևնույն է, մարդիկ բենզին չեն ուտում, ոչ էլ մազութն են հացին քսում: Նկատի ունեմ, որ այս ամենը տնտեսական լրջագույն  հետևանքներ է ունենալու Հայաստանի նման երկրի համար:

Այս պարագայում հիմնական հետևությունն այն պետք է լինի, ինչը տեսել եմ Կանադայում, որտեղ մարդիկ չէին կրճատում ցորենը, պետությունը մասնավորին գումար էր տալիս, նա էլ շարունակում էր ցորեն աճեցնել՝ չկրճատելով ցանքատարածությունները: Երբ հարցնում էի, թե՝ այսքան հաց ձեր ինչի՞ն է պետք, պատասխանում էին, որ՝ երբ պահը գա, որ ամբողջ աշխարհը սնունդ չունենա, իրենք կունենան, այսինքն՝ պետք է նման քաղաքականություն վարել:

Մենք ունենք բավականաչափ բերրի հողեր, բայց վատ  կազմակերպման հետևանքով, օրինակ՝ բանջարաբոստանային կուլտուրաները, Թուրքիայից ներմուծված բանջարեղենը ոչնչացրեց Հայաստանի  արտադրողին, այսինքն՝ մեզ համար պարենային անվտանգությունը պետք է առաջնային լինի՝ անկախ այն հանգամանքից, թե դրսից ինչ գնով են ներմուծում»,- նշեց Արա Պապյանը:

Նա նաև հավելեց, որ տարածաշրջանում Հայաստանի հարևան և թշնամի երկիր Ադրբեջանն էապես կորցնում է նավթի գների անկումից, ինչը նրա համար առաջացնելու է տնտեսական խնդիրներ: Այնտեղ, առանց այն էլ, ժողովուրդը վատ էր ապրում, հիմա ավելի վատ է ապրելու, ուստի կարող են հակաիշխանական քայլեր լինել: Իսկ տվյալ պարագայում ցանկացած երկրի իշխանություն ժողովրդի ուշադրությունը շեղում է արտաքին ավելի մեծ վտանգի ուղղությամբ, ինչն էլ կարող է բերել նրան, որ Ադրբեջանը հրահրի հայ-ադրբեջանական կոնֆլիկտ և դրանով շեղի ժողովրդի ներքին դժգոհությունը՝ այն ուղղորդելով արտաքին թշնամու վրա:

«Չեմ ասում, որ մեծածավալ պատերազմ կլինի, քանի որ դա Ադրբեջանին ձեռնտու չէ, նման քայլի չի գնա, բայց կարող է հանգեցնել դիվերսիոն գործողությունների ավելի լայնածավալ ու հաճախ, որը բնավ ցանկալի չէ»,- ընդգծեց նա:

Նրա դիտարկմամբ, ըստ մասնագիտական տվյալների՝ միայն տարեվերջին կարող է չինացիներն ավարտեն պատվաստումների նյութի փորձարկումը, իսկ Միացյալ Նահանգները՝ 2021  թվականի հունիսին, որից հետո ևս կես տարի անհրաժեշտ է, որպեսզի այդ ամենը լայնածավալ սկսի օգտագործվել: Ինչը նշանակում է, որ մինչև հաջորդ տարվա վերջ պետք է ապրել վիրուսի հետ միասին:

«Կարծում եմ՝ գոնե Հայաստանում ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին աստիճանաբար թուլացումներ կլինեն, և բնական է, որ այս ամենը մեծ ազդեցություն կունենա: Ժամանակին հատուկ դասընթաց եմ անցել և զարմացել եմ, որ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Եվրոպան շատ ավելի գերինտեգրված էր, քան Երկրորդից առաջ, բայց ինչո՞ւ սա տեղի ունեցավ, որովհետև պատերազմը հանգեցրեց նրան, որ երկրները սկսեցին մեկուսանալ, նաև՝ նրանց տնտեսությունը:

Այս ամենը նաև այսօր ենք նկատում, այսինքն, երբ ասում եմ՝ եկեք անցնենք ինքնաբավության, պարենային անվտանգության, բնական է, որ նույն բանը տարբեր երկրներում են մտածում, նույնը վերաբերում է նաև սարքավորումներին: Այսօր բոլոր չինացիներն են հերթ կանգնել, որ  դիմակներ կամ արհեստական շնչառության սարքեր գնեն, քանի որ ամենահարմար  գինը նրանք են ունեցել: Այսինքն՝ գլոբալիզացիան իրապես տուժելու է, գնալու է աշխարհի  տրոհումը: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ, կյանքը ցույց կտա, ոմանք կարծում են՝ լավ է, ոմանք՝ վատ»,- շեշտեց քաղաքագետը:

Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ այս ամենից հետո էականորեն կկրճատվի տուրիզմը, ինչը Հայաստանի համար շատ ցավալի է, քանի որ այն մեզանում նոր թափ էր հավաքում:

Կա նաև մեկ այլ՝ մասնավոր հարց, որը վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ինչի վրա այս ամենն էականորեն ազդելու է, որովհետև իրանական դրամական արժույթն էապես անկում է ապրել և շարունակելու է նվազել, ինչը ենթադրում է, որ մարդկանց և երկրի գնողականությունն ընկնում է: Հետևաբար՝ այն իրանցիները, որոնք գալիս էին Հայաստան և մեծ գումար ծախսում, այժմ չեն անելու, նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին, որտեղ նույնպես ռուբլու անկումը բերելու է աղքատացման, այդ թվում՝ Ռուսաստանի հայերին:

«Ցավոք, չեմ կիսում վարչապետի այն լավատեսական մոտեցումը, որ ասում է, թե այս առիթից կօգտվենք, եթե մենք կարողանանք պահպանել այս մակարդակը, ուրախ պետք է լինենք, որովհետև ամեն ինչ ցույց է տալիս, որ չենք կարող պահպանել այն, տուրիզմն է կրճատվում, գունավոր մետաղների գներն ընկնում են, անգամ գազի գինը, որ աշխարհում նվազում է, մեզ համար բարձրանում է: Երբ նայում ենք մեր անցյալին, գոնե 20-30 տարվա անկախության շրջանում ե՞րբ է լավ եղել մեր տնտեսական վիճակը, օրինակ, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ իր օրոք երկնիշ տնտեսական աճ է եղել՝ չի խաբում, բայց դա շնորհիվ իրեն չի եղել, այլ՝ ի հեճուկս իրեն է եղել, ամեն ինչ տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ այդ տարիներին աշխարհում տնտեսությունը շատ մեծ զարգացում ուներ:

Հիմա, երբ ամբողջ աշխարհում վատանում է տնտեսությունը, Հայաստանում էլ է վատանալու, հետևաբար՝ մենք պետք է անցնենք, այսպես ասած, սուզանավային քաղաքականության, որն ամբողջովին ինքնաբավ համակարգն է, որն ունի իր առանձին էլեկտրամատակարարումը, սնունդը և այլն, ավելին՝ սուզանավի մեջ չկա որևէ ագրեգատ, որն իր կրկնօրինակը չունենա: Մենք այսօր այս համակարգին պետք է անցնենք, լինի առողջապահության համակարգում թե սննդի անվտանգության կամ զենքի ու զինամթերքի արտադրության համակարգում»,- եզրափակեց  Արա Պապյանը:

Տեսանյութեր

Լրահոս