Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան
«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հորդորելով ՀՀ-ում կարանտինը երկարացնել առնվազն մինչև մայիսի 1-ը։ Նա մասնավորապես նշում է, որ չերկարացնելու դեպքում հետևանքները կլինեն սարսափելի։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը։ Շատ պարզ է՝ չեք կարող չերկարացնել, որովհետև հետևանքները կլինեն սարսափելի, իսկ վերջին պահին հայտարարելու այս ձեռագիրը ավելի վատ վիճակում է դնում մարդկանց։
Լրահոսում անընդհատ հայտնվում են տեղեկություններ տարբեր երկրներում կարանտինային ռեժիմի երկարացման եւ խստացման վերաբերյալ։
Տրամաբանությունը շատ պարզ է` վարակի տարածման դեմ ուղված բոլոր ձեռնարկած միջոցառումները արագ դառնում են առոչինչ՝ հենց թուլացնում կամ չեղարկում ես կարանտինը, և հիվանդության տարածման ու մահացության կորը կրկին արագ բարձրանում է՝ պրոցեսը նորից դարձնելով անկառավարելի։
Մեր կարևոր տնտեսական պարտնյոր Ռուսաստանի Դաշնությունը օրինակ, մեկ շաբաթ կարանտին հայտարարելուց հետո, երկարացրեց այն միանգամից մինչև ապրիլի վերջ։ Սա նույնպես հասկանալի է, քանի որ անընդհատ ու կարճ ժամկետով երկարացնելն ունի այլ խնդիր` պլանավորման անհնարինությունը, ինչը ահռելի խնդիր է ցանկացած ճգնաժամում գտնվող երկրի բիզնեսի ու հասարակության համար։ Մարդիկ պետք է կարողանան մշակել հստակ ժամկետներին համարժեք վարքագիծ, ժամանակի մեջ պլանավորեն ռեսուրսներն ու անելիքները։ Կարճ-կարճ պարբերական երկարացումներով էլ ավելի ենք բարդացնում մարդկանց սոցիալական՝ առանց այն էլ վատ վիճակը. մի՞թե պարզ է չէ սա»։