«Կարող է Մասիս Մայիլյանը չմասնակցի երկրորդ փուլին, այդ թվում՝ պաշտոնական Երևանի հորդորով». Քաղտեխնոլոգ
Արդեն հայտնի է, որ ապրիլի 14-ին Արցախում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցելու են «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը և «Նոր Արցախ» դաշինքը գլխավորող թեկնածու Մասիս Մայիլյանը:
168.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հնարավոր ելքերի և հնարավոր սցենարների մասին, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ ընտրություններում անսովորը երևի կլինի այն, որ Մասիս Մայիլյանը հրաժարվի երկրորդ փուլին մասնակցելուց, ամեն դեպքում սա ստանդարտից դուրս սցենար է:
«Եթե Մասիս Մայիլյանը մասնակցի, գրեթե հասկանալի է, թե ինչ արդյունք է լինելու՝ հաշվի առնելով և՛ առաջին փուլի կոնկրետ արդյունքները, և՛ Մայիլյան-Սամվել Բաբայան տանդեմում տեղի ունեցող առկա կամ արդեն նկատելի լուրջ տարաձայնությունները: Բայց հաշվի առելով նաև վերջին շրջանում Սամվել Բաբայանի տված հարցազրույցները, այնտեղ էլ կար կասկած, որ գուցե Մասիս Մայիլյանն ընտրությունների երկրորդ փուլին չմասնակցի:
Կարծում եմ՝ կարող է և Մասիս Մայիլյանը չմասնակցի երկրորդ փուլին, այդ թվում՝ պաշտոնական Երևանի հորդորով, հատկապես ասում էին, որ երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներն էլ կարծես թե ընտրություններից հետո Երևանում էին»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Ըստ նրա, Արայիկ Հարությունյանի օգտին եղած քվեները շատ էին, քանի որ վերջինս արդեն երկու տարի է՝ այդ ուղղությամբ աշխատում է՝ սկսած այն պահից, երբ պետնախարարի պաշտոնից 2018 թվականին հրաժարական տվեց, սրանով նա ձերբազատվեց իշխանական թեկնածուի իմիջից, որից հետո ձեռքերն ազատ էր, որպեսզի սկսեր մասնակցել ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին: Սրանից զատ, ազատ էր նաև այն առումով, որ կարող էր իր կարծիքն ավելի ազատ արտահայտել, որի մոտեցումները ոչ միշտ էին համընկնում Արցախի պաշտոնական իշխանությունների մոտեցումների հետ:
«Վերջին երկու տարվա ընթացքում Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև հարաբերույթուններն անամպ չէին, ամեն դեպքում կային փուլեր, երբ բավականին սուր էին հարաբերությունները, հետո բարեբախտաբար ամեն ինչ հարթվեց և կարծես եկան ընդհանուր հայտարարի: Այս առումով, կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը շատ ավելի երկար ժամանակ ուներ իր նախընտրական աշխատանքները կազմակերպելու համար, պարզ է, որ բավականին լուրջ ռեսուրսներ ունի՝ ֆինանսական, վարչական, գիտենք, որ նրա կուսակցությունը Արցախի խորհրդարանում մեծամասնություն է, ինչը նշանակում է, որ կային նաև բավականին շատ ներկայացուցիչներ, որոնք համայնքներում վարչական ղեկավարներ են և օբյեկտիվորեն տարիների ընթացքում ձևավորվել է նաև վարչական ռեսուրս: Ըստ իս, կա նաև արտաքին որոշակի կապեր, նաև՝ բիզնես համայնքների հետ, տեսանք, որ մի շարք մեծահարուստներ անթաքույց պաշտպանում էին նրա թեկնածությունը»,-շեշտեց նա:
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Արցախի ընտրությունների առաջին փուլին մասնակցում էին բավականին մեծ թվով թեկնածուներ` 14 մարդ, որտեղ օգտագործվեց ընտրական տեխնոլոգիա և թեկնածուներից առնվազն 4-5 մարդ «դուբլյորի» դեր էին ստանձնել, մի քանի լիդեր թեկնածուներ ունեին իրենց «դուլյորները, այսինքն՝ նրանք այն թեկնածուներն են, որոնք ասում են այն, ինչ իրենց գլխավոր թեկնածուն չի ուզում ինքնուրույն ասել, այդ թվում՝ քննադատությունը նաև մրցակիցների նկատմամբ:
«Կարծում եմ՝ այստեղ կար նաև մեկ գործն ևս. միշտ ընդգծել եմ, որ Երևանից «դաբրո» ստանալը գուցե լավ բան է, բայց Արցախի պարագայում դա չի ապահովագրում հաղթանակը, այդուհանդերձ մենք տեսանք, որ պաշտոնական Երևանը Արայիկ Հարությունյանի նկատմամբ բավականին լոյալ էր: Այսինքն՝ կային մի շարք գործոններ, որոնք աշխատեցին»,- հավելեց նա:
Վիգեն Հակոբյանն անդրադարձավ նաև Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի իշխանությունների հետ կարող է մեկ անհամաձայնություն լինել և դա Արցախի խնդիրն է:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարոթյունյանը Արցախում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կընդունեն իրենց օրակարգը՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության վերաբերյալ.
«Արցախի իշխանությունը պարտավոր է համագործակել Հայաստանի իշխանության հետ, միայն մեկ հարցում կարող է տարաձայնություն լինել և դա Արցախի խնդիրն է, բայց փառք Աստծո, այսօր որևէ տարաձայնություն չկա։ Այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել այս ծրագրի շրջանակում՝ համագործակցելու ենք»,-ասել էր Ա. Հարոթյունյանը:
Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ այս հայտարարությամբ նա ակնարկել է, որ Արցախի դիրքորոշումը կարող է ավելի արմատական լինել, քան պաշտոնական Երևանինը:
«Եթե խոսքն այն մասին է, որ, այսպես ասած, Հայաստանը կարող է ունենալ մի դիրքորոշում, որն ամբողջովին ձեռնտու չէ պաշտոնական Ստեփանակերտին, սա այն դեպքում է, երբ Ստեփանակերտի դիրքորոշումն ավելի արմատական է: Այս պարագայում կարելի է ասել, որ ակնարկվում էր, որ կարող է լինել դերերի որոշակի վերաբաշխում բանակցային գործընթացում:
Այսինքն՝ հիմարություն կլինի կարծել, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը կարող է ավելի փափուկ լինել, քան պաշտոնական Երևանինը:
Եթե այս սկզբունքն իսկապես աշխատելու է, ապա դա ակնարկ է, որ դա կարող է լինել նաև որոշակի դերերի բաժանում, որը նոր բան չէ, կարծում եմ՝ Արցախի բանակցային ամբողջ գործընթացում պարբերաբար այս մարտավարությունը կիրառվում էր, երբեմն մեծ ջանքերի շնորհիվ Արցախը փորձում էր իր տեղը բանակցային գործընթացում ամրացնել, երբեմն էլ այդ ամենն անում էր փոխպայմանավորվածությունների արդյունքում: Գիտենք, որ միշտ չէ, որ այդ հարաբերությունները պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև համընկել է՝ սկսած Լևոն Տեր-պետրոսյանի տարիներից:
Մենք բոլորս էլ գիտենք, որ շատ ծանր հարաբերություններ էլ են եղել, երբեմն Արցախը ձեռքը սեղանին է խփել և ստիպել, որպեսզի Երևանն ընդունի իր դիրքորոշումը, որը միշտ էլ արմատական դիրքորոշում է եղել՝ սկսած հողերի ազատագրումից մինչև բանկցային գործընթացից»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը ձայների գերկշիռ մասով անցան երկրորդ փուլ: Արայիկ Հարությունյանը ստացել էր 36,076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ 19, 360 ձայն կամ 26,4 տոկոս։