Մարդու իրավունքների պաշտպանը Ռոբերտ Քոչարյանին մեկուսարան  տեղափոխելու հարցով գրություն է ուղարկել ՔԿԾ պետին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխելու հարցի վերաբերյալ գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին:

168.am-ին ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը փոխանցեց, որ գրության հիմքում դրված է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը:

Ն. Հովսեփյանը նաև տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակազմը կապ է հաստատել Քրեակատարողական ծառայության հետ և ճշտել, որ Ռոբերտ Քոչարյանի  «Էրեբունի» ԲԿ-ից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխման հիմքում եղել է բժշկական համապատասխան ցուցումը, բայց քանի որ առկա է գրավոր դիմում, ՔԿԾ պետին գրություն է հասցեագրվել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո երեկ առավոտյան էր տեղափոխվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Քոչարյանի պաշտպանները, պայմանավորված ՔԿ համակարգում առկա կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով, ահազանգել էին, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ տեղափոխվել էր մարտի 8-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս