«Կարող եք որոշակի քննադատական խոսք հնչեցնել, բայց նման հայտարարությունները խստորեն դատապարտելի են բարձրաստւճան պաշտոնատար անձանց կողմից». Արա Ղազարյան
Իշխանությունները միշտ փոխվում են, պետությունը մնում է նույնը, և իշխանության կայացրած ցանկացած որոշման կամ նրա որևէ ներկայացուցչի անզգույշ հնչեցրած խոսքի պատասխանատուն պետությունն է: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
«Քաղաքական գործիչները հակված են քաղաքական դիվիդենտներ շահել օրենքի գերակայությունը զոհելու արդյունքում, բայց հետևանքը միշտ պետությունն է կրում, այսինքն` հարկատուները: Դրա համար, եթե ընթացքի մեջ գտնվող քրեական դատավարություն կա, հանրային գործիչները, մանավանդ՝ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է շատ զսպված լինեն իրենց արտահայտություններում, որովհետև փաստաբանները դրանք արձանագրում են ու ասոցիացնում քրեական գործի հետ: Եվ եթե դրանք անընդհատ կրկնվեն, արդեն կարող են իրավական հետևանքներ առաջացնել»,- ասաց Արա Ղազարյանը:
Խոսելով իշխանությունների տարանջատման և դատական իշխանության հեղինակության մասին` Արա Ղազարյանը բերեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, երբ ասաց, որ ինքը չի կատարելու դատարանի վճիռը, երբ վերջինս պարտավորեցրել էր ներողություն խնդրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից` վերջինիս զրպարտելու և բարի համբավն արատավորելու համար:
«Կարող եք որոշակի քննադատական խոսք հնչեցնել, բայց նման հայտարարությունները խստորեն դատապարտելի են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը` հավելելով, որ նման դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդն ավելի խիստ պետք է լինի: Նա հույս հայտնեց, որ նման հայտարարություններ այլևս չեն հնչի:
Հարցին, թե արդյո՞ք այս կամ այն դեպքում Արսեն Թորոսյանը պետք է դատարանի վճիռը կատարի, Արա Ղազարյանն ասաց, որ վճիռները պետք է կատարեն բոլորը: Վճիռը պետք է կատարվի, և վերջ:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում