Ապրիլյան գործողությունները ցույց տվեցին, որ երկարատև պատերազմ ԼՂ հակամարտության գոտում քիչ հավանական է. վերլուծաբան
Ուղիղ 4 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը ցնցվեց Արցախից ստացվող տագնապալի լուրերից։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ, նախապես կազմակերպված հարձակում նախաձեռնեց և ռազմական գործողություններ սկսվեցին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ, որոնք շարունակվեցին 4 օր և ստացան Ապրիլյան քառօրյա պատերազմ կամ Ղարաբաղյան երկրորդ պատերազմ անվանումը։ Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերն ունեցան բազմաթիվ զոհեր, որոնց վերաբերյալ անգամ 4 տարի անց տարբեր տվյալներ են շրջանառվում։
168․am-ի հետ զրույցում բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը պարզաբանեց, թե ինչ ցույց տվեց ապրիլյան պատերազմը, որոնք են ապրիլյան պատերազմի դասերը՝ ասելով, որ ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները սթափեցրին շատ-շատերին տարածաշրջանից դուրս, որոնք մոտիկից չեն հետևում գործընթացներին և կարծում են, թե սա սառեցված հակամարտություն է, այն այդպես էլ մնալու է, առանձնահատուկ վտանգներ չկան։ Ըստ նրա, սա, առաջին հերթին՝ ցույց տվեց, որ վտանգը շփման գծում պահպանվում է միշտ, և, որ ռազմատենչ հայտարարությունները պարզապես հռետորաբանություն չեն, այն, որ կողմերը պատրաստվում են պատերազմի, հարվածներ հակադարձելու, պատահական և անիմաստ չէ, այլ անհրաժեշտություն։
«Սա միջազգային հանրության համար սթափեցնող գործընթաց էր, խոսքը հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների, միջնորդ երկրների ղեկավարների, հարևանությամբ գտնվող տարածաշրջանների ղեկավարների, քաղաքական գործիչների, ինչպես նաև փորձագետների մասին է։ Հիշում եք, որ դրան հաջորդեց ավելի ակտիվ բանակցային գործընթաց, դրան հաջորդեցին փաթեթներ կարգավորման գործընթացում, որոնցից մեկը հայտնի էր՝ որպես Վիեննայի առաջարկներ, որոնք այդպես էլ մնացին բանակցային սեղանին՝ չստանալով բոլոր կողմերի հավանությունը։ Խոսվում էր ռուսական առաջարկների կամ Լավրովի պլանի մասին, որը ևս չստացավ համաձայնություն կողմերից, քանի որ դրա ուղղությամբ ևս կառուցողական գործընթաց չեղավ։
Այսինքն՝ այն, ինչ կարող էին անել միջնորդները, անում էին այդ փուլում, քանի որ ապրիլյան գործողություններին հաջորդեց բարձրաստիճան քաղաքական գործիչների ներգրավվածությամբ հանդիպում Վիեննայում, ինչը ցույց տվեց, որ վտանգը զգացվել է ամենուր։ Բայց, ինչպես տեսանք՝ դա շատ կարճ տևեց, շատ շուտ բանակցությունները վերադարձրին նախկին ավանդական ձևաչափին, միջազգային ավելի մասշտաբային խնդիրները ճնշեցին այն բոլոր մարտահրավերները, որոնք առկա են այս հակամարտության գոտում, և ամրապնդեցին այն կարծր դիրքորոշումները, որոնք ունեն կողմերը»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ ցավալի է, որ ժամանակի ընթացքում իրողությունները, այսինքն՝ դիրքորոշումները չեն փոխվում, հետևաբար՝ չեն փոխվում նաև վտանգները։
«Ես ընդունում եմ, որ ինչ-որ փոփոխություններ դետալային տեղի են ունենում հասարակություններում, իշխանությունների ձևակերպումներում, բայց էությունը, մոտեցումների բովանդակությունը նույնն է 90-ական թվականներից սկսած, ինչը նշանակում է, որ այսպիսի գործողություններ կրկին կարող են լինել։ Բայց ցանկանում եմ նշել, որ ապրիլյան գործողությունները ցույց տվեցին նաև, որ այն պնդումները, թե կողմերին զսպում է տարածաշրջանում առկա ռազմական հավասարակշռությունը, իսկապես այդպես է, և, որ չկար երկարատև գործողությունների ներուժ, դրանք այսօր էլ քիչ հավանական են և դրանք նմանվեցին բլից-կրիգի, դարձան փորձություն հակամարտող երկրների զինված ուժերի համար, ցույց տվեցին բոլոր բացթողումներն ու առավելությունները, որոնց ուղղությամբ այս տարիների ընթացքում աշխատեցին կողմերը»,- նշեց Նեյլ Մաքֆարլեյնը։
Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հակամարտության գոտու մարտահրավերները նույնն են։
«Գլխավոր մարտահրավերը կողմերի դիրքորոշումներն են, միջազգային հանրության ոչ բավարար ուշադրությունն այս հակամարտությանը։ Հուսանք, որ այս անգամ այն հումանիտար օրակարգը, որը ձևավորված է, կնպաստի այլ դիրքորոշումների ձևավորմանը, որը կհանգեցնի կայուն խաղաղության»,- ասաց վերլուծաբանը։