Բաժիններ՝

Ապրիլյան պատերազմն ականատեսների հուշերում. հետադարձ հայացք

Ապրիլյան պատերազմի օրերին մեր ժողովուրդն աշխարհին ցույց տվեց, որ հայն անպարտելի է, իսկ հայ ազգի ոգին կոտրելը՝ անկարելի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը՝ նշելով, որ, չնայած ապրիլյան պատերազմից անցել է չորս տարի, ժողովուրդը չի կարողանում մոռանալ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական չարիքը:

Է. Խաչատրյանի խոսքով՝ միությունը մշտապես համագործակցում է ԱՀ պաշտպանության բանակի հետ և մեծարում ապրիլյան պատերազմի մասնակիցներին՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացնում է պարգևատրման արարողություններ:

«Քանի որ մեր թշնամին թուրքն է, ուստի մենք մշտապես պետք է լինենք զգոն և պատրաստ՝ ցանկաց ոտնձգության տալով ճիշտ պատասխան: Այսօր էլ Ադրբեջանը չի փոխել իր արյունոտ ու վայրագ ձեռագիրը: Մենք ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին ականատես եղանք, թե ինչպես խոշտանգեցին խաղաղ բնակիչներին՝ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տալով իրենց ցինիզմն ու մարդասպան լինելը: Մենք պետք է կարողանանք մեր երկրի անվտանգությունը պահպանել»,-մասնավորապես ասել է է. Խաչատրյանը:

Խոսելով միության կողմից այս օրերին կազմակերպվող միջոցառումների մասին՝ նա տեղեկացրել է, որ ազատամարտիկները մշտապես այցելում են առաջնագիծ՝ ոգևորում զինվորներին, ինչպես նաև պաշտպանության բանակի ռազմահայրենասիրական բաժնի հետ համատեղ Արցախում և Հայաստանում կազմակերպում տարբեր միջոցառումներ:

Է. Խաչատրյանն դրանցում առանձնացրել է ՀՀ-ում կազմակերպածները. «Անցած տարի հուշ-ցերեկույթ ենք կազմակերպել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցում, այցելել Եռաբլուր, իսկ այս տարվա հունվարի 28-ին Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրվա առթիվ կրկին Մայր հայրենիքում միջոցառում ենք կազմակերպել՝ այն ընդհանրացնելով պարգևատրման արարողությամբ»:

Ապրիլյան պատերազմի մասնակից Վարդան Սարգսյանը շատերի պես որպես կամավոր՝ մասնակցել է 2016 թվականի ռազմական գործողություններին:

Վերհիշելով չորս տարի առաջ տեղի ունեցածը՝ Վ. Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ հենց առաջին իսկ օրվանից ԱՀ ազատամարտիկների միությունը՝ ի դեմս նախագահ Սամվել Կարապետյանի, հավաքագրել է բոլոր ազատամարտիկներին և կարճ ժամանակում հասել առաջնագիծ. ավելի քան մեկ ու կես ամիս կամավորները զինվորների կողքին էին:

«Ուրախությամբ պետք է ասել, որ սահմանին կանգնած և մեր երկրի անվտանգությունն ապահովող 18-20 տարեկան տղաներն ունենին ուժեղ ոգի, բավականին պատրաստ էին և ցանկացած գործողության ժամանակ կարողանում էին ճիշտ դրսևորել իրենց: Մենք տեսանք, թե ինչպիսի ջերմ ու անկեղծ մթնոլորտ էր տիրում խրամատում՝ զինվոր, հրամանատար և կամավոր դարձել էինք մի մարդ, բոլորիս նպատակը մեկն էր՝ պաշտպանել մեր հող հայրենին՝ նվազագույն կորուստներով: Մեր թշնամին օգտագործում էր ցանկացած միջոց, կրակում էին անդադար, իսկ մենք հակահարված էինք տալիս: Ապրիլյան պատերազմը ևս մի փորձություն էր հայ ժողովրդի համար, որը կրկին պատվով հաղթահարեցինք: Այդ դժվարին օրերին աշխարհի տարբեր վայրերում ապրող հայերը կարծես թե դարձել էին մի բռունց, անկոտրում ուժ, որը յուրովի ոգևորեց առաջնագիծն ամուր պահողներիս: Տա Աստված, որ այլևս պատերազմ չլինի և մեր ժողովուրդը, գալիք սերունդներն ապրեն խաղաղ ու անվտանգ երկրում»,-մասնավորապես ավելացրել է Վ. Սարգսյանը և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ինչ-որ ձևով ձեռք են մեկնել արցախցիներին, ինչպես նաև ուժ ու կորով մաղթել զոհվածների ընտանիքներին:

Ազատամարտիկ Նաիրի Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ապրիլյան պատերազմը յուրովի դաս էր ողջ հայ ժողովրդի համար:

«Մենք վերստին հասկացանք, որ մեր դարավոր թշնամին չի փոխել ու չի էլ փոխի իր արյունոտ ձեռագիրը: Մենք՝ կամավորներս, կարողացանք մեր ունեցած փորձն ու գիտելիքները փոխանցել այն տղաներին, ովքեր, սահմանին օր ու գիշեր արթուն մնալով, հայրենիք էին պաշտպանում: Պիտի խոստովանենք, որ 18-20 տարեկան զինվորներն ավելի կոփված էին, «դուխով» էին և շատ ժամանակ էլ ասում էին. «հոպա՛ր ջան, գնացեք, մի քիչ քնեք, որ հանգստանաք, մենք այստեղ ենք»: Իրար թիկունք էինք կանգնել, օգնում էինք ինչով կարողանում էինք: Իհարկե, չէինք ցանկանա, որ նորից ապրիլյան այդ օրերը կրկնվեին, բայց պետք է ասենք, որ մենք միշտ պատրաստ ենք հանուն մեր Արցախ աշխարհի, հանուն մեր երկրի անվտանգության ու պաշտպանության միավորվել ու պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից»,-ավելացրել է մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս