Բաժիններ՝

Զինվորներին սննդով ապահովող 5-6 կազմակերպություն խնդրի առաջ է կանգնել, նրանց կտրվի 10 տոկոս կանխավճար գնման գործընթացում

Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերին սնունդ մատակարարող կազմակերպություններից  նման գործընթացը այսուհետև կիրականացվի նախապես 10 տոկոս կանխավճարի տրամադրմամբ:

Հարցը կարգավորող որոշման նախագիծը Կառավարությունն ընդունեց այսօր՝ ապրիլի 2-ի նիստում:

Նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի հիմնավորմամբ՝ սնունդ մատակարարող ընկերություններին 10  տոկոս կանխավճար տրամադրելու նպատակն այդ կազմակերպությունների մոտ առկա ֆինանսական բնույթի դժվարություններն են:

Ըստ նախարարի՝  Պաշտպանության նախարարությունը ԶՈՒ-երին սնունդ մատակարարող կազմակերպությունների առաջ խնդիր է դրել նաև երկարաժամկետ որոշ մթերքների համար ստեղծել պահուստներ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս կազմակերպություններն արել են ներդրումներ և պետությունից դրա համար որևէ գումար չեն ստացել, ուստի գործադիրը որոշել է որոշակի կանխավճար տալ արդեն իսկ սեփական միջոցներով  արված ներդրումների մի մասի համար՝ հընթացս ճշգրտելով,  թե արված ներդրումների որ մասը պետությունը պետք է փոխհատուցի, իսկ որ մասը՝ ոչ:

«Մենք պայմանավորվել ենք, որ այս ողջ գործընթացում ներգրավված կլինի Պետական վերահսկողական ծառայությունը՝ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի հետ համատեղ: Ինձ համար միանշանակ է, որ այս ծրագիրը պետք է շարունակվի, և ամբողջ Զինված ուժերը պետք է անցնեն սննդի մատակարարման այս համակարգին»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը որոշ մտահոգություններ հայտնեց: Ըստ նրա՝ հարց է առաջանում, թե ինչու պետք է այդ կազմակերպություններին տրվի գնման ընթացքում 10 տոկոս կանխավճար և նույն բանը չարվի համանման ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համար: Ըստ նախարարի՝ այստեղ առաջանում են ռիսկեր:

Ի պատասխան նախարարի մտահոգությունների՝ Փաշինյանը պարզաբանեց, որ այս նախագիծը բազմակողմանի քննարկումների արդյունքում է ընդունվել, իսկ նախարարի մատնանշած ռիսկը կհաշվարկեն կանխավճարի չափի հաշվարկման ընթացքում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հարց ուղղեց՝ նախապես ներկայացնելով իր դիտարկումը.  «Փաստորեն, մենք անտոկոս փող ենք տալիս, իսկ դրանից շահում է մեկ այլ կազմակերպություն, հետևաբար՝ պետք է նախ հաշվարկել՝ որքանով  է պատեհ այս նախագիծը, և որքանով  է դրանից շահում պետությունը»:

Դավիթ Տոնոյանը բարձրացված խնդիրներին ի պատասխան՝ ասաց, որ 10 տոկոս կանխավճարը տրվելու է  մինչև 2020 թվականն արդեն իսկ արված ներդրումների համար, բացի այդ, կա 5-6 կազմակերպություն, որոնք, կորոնավիրուսի հետևանքով պայմանավորված՝ արդեն ունեցել են որոշակի դժվարություններ:

Չնայած Ատոմ Ջանջուղազյանի և Մհեր Գրիգորյանի բարձրացրած մահոգություններին՝ կառավարությունն  ընդունեց ներկայացված նախագիծը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս