«2 ամսական երեխան և նրա մայրը վարակվել են կորոնավիրուսով, այս պահին նրանց մոտ որևէ սիմպտոմ չկա». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած 72-ամյա քաղաքացուն, որի մոտ մի շարք հիվանդությունների հետ միասին ախտորոշվել էր նաև կորոնավիրուս, նշեց, որ այդ դեպքը ցույց է տվել, որ բարդություններ առաջանում են տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց մոտ:
«Շատ կարևոր է նրանց պաշտպանությունը վարակի տարածումից և մեր գործողությունները միտված են խոցելի քաղաքացիների առողջության պահպանությանը: Կրկին կոչ եմ անում հատուկ ուշադրություն դարձնել քրոնիկական հիվանդություններ ունեցող մեր քաղաքացիներին»,- նշեց Արսեն Թորոսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ 40 մեկուսացված քաղաքացիներ դուրս են գրվել հիվանդանոցից. նրանց մոտ թեստը բացասական է եղել, բացի այդ՝ 10 անձինք, որոնք ունեցել են թեստի կրկնակի բացասական արդյունք, նույնպես դուրս են գրվելու հիվանդանոցից, ուստի այս պահի դրությամբ կա 28 բուժված քաղաքացի:
Ինչ վերաբերում է մյուս պացիենտների առողջական վիճակին, Արեն Թորոսյանն ասաց, որ կա մեկ քաղաքացի, որի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ՝ չկա ո՛չ լավացում, ո՛չ վատթարացում: Մյուս պացիենտների կյանքին որևէ վտանգ չի սպառնում:
«Կան նաև բազմաթիվ պացիենտներ, որոնք որևէ սիմպտոմ չունեն, նրանք պարզապես մեկուսացման մեջ են հիվանանոցներում կամ հյուրանոցներում»,- հավելեց Արսեն Թորոսյանը:
Նախարարը նաև հաստատեց, որ մայրն ու իր 2 ամսական երեխայի հետ վարակվել են կորոնավիրուսով:
«Երեկ սրա մասին, երբ լրագրողները հարց տվեցին, ինձ դեռևս չէին հասցրել զեկուցել , այդ պատճառով էլ ես հերքեցի: Երեխան որևէ սիմպտոմ չունի, միայն մայրն է երկու օր ջերմել, այս պահին նա սիմպտոմ չունի, երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: Ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունն ապահովելու համար, հուսամ ժամանակը լրանալուն պես նրանք էլ բացասական թեստի արդյունքներով հիվանդանոցից դուրս կգրվեն»,- շեշտեց Ա. Թորոսյանը:
Ամփոփելով խոսքը, նախարարը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում կա հաստաված 329 կորոնավիրուսի դեպք, 28 բուժված և փաստացի բուժման մեջ գտնվող 300 քաղաքացի, ինչպես նաև 1 մահվան դեպք: