«Մի երեք օր առաջ իմ պատուհանի տակ 4 տղամարդ զրուցում էին այն մասին, որ՝ տեսեք՝ ԱԺ-ն մեզ ասում է՝ դուք տանը մնացեք…»․ Անի Սամսոնյան

«Մի երեք օր առաջ իմ պատուհանի տակ (ես առաջին հարկում եմ ապրում) 4 տղամարդ զրուցում էին այն մասին, որ՝ տեսեք՝ ԱԺ-ն մեզ ասում է՝ դուք տանը մնացեք, բայց իրենք գնում, նիստ են անում, ուրեմն այդքան էլ լուրջ չէ վիճակը։ Ես այդ զրույցը փոխանցեցի իմ գործընկերներին, որ նման կարծիք կա նաև, որ մարդիկ լուրջ չեն ընկալում։ Եթե ԱԺ-ն 132 պատգամավորով մեկ դահլիճում նստում են, բնականաբար, մարդիկ նայում-ասում են՝ 132 հոգով մի դահլիճում նստում են, դիմակներ չունեն, հիմա ինչո՞ւ մեզ 4 հոգով չեն թողնում նույն տարածքում լինել։ Սա էր ամբողջ մտահոգությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի առաջարկին, որ ԱԺ-ում մնան միայն խորհրդի անդամներով, քվորում չապահովեն, չհաստատեն նիստի օրակարգը և այդ ճանապարհով նիստերը չիրականացնեն։

«Առավել ևս՝ որևէ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է արտակարգ դրության իրավական ռեժիմի հետ»,- ասել էր Մարուքյանը։

«Պարոն Մարուքյանի որոշումն ավելի շատ բխեց վարչապետի երեկոյան ուղերձից, որ միջոցառումներն ավելի են խստացվելու, և այդ միտքը ծագեց, որ՝ քանի որ քաղաքացիներին ասում ենք՝ մեկուսացեք, ինքնամեկուսացեք, ապա, եթե պառլամենտում այս պահին չկա նախագիծ, որը վերաբերում է արտակարգ դրությանը, այս պահի համար կենսական խնդիր է լուծում, եկեք հետաձգենք։ Մենք չենք ասում, որ պառլամենտը բացարձակ չպետք է աշխատի, խոսքը վերաբերում է միայն նիստերի ձևաչափին, որպեսզի մեկ տարածքում 132 հոգի չլինի»,- եզրափակեց Անի Սամսոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս