Մենք բաց ենք հանրային և մասնագիտական քննարկման համար. Մհեր Գրիգորյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված կառավարության ընդունած ծրագրի մասին
Կառավարությունը մարտի 26-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տնտեսության մրցունակ հատվածին և սոցիալական առաջին հարվածը ստացած հասարակության խավերին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով նախագծին՝ ասաց, որ աշխարհում Կորոնավիրուսի տարածման տեմպերը, ձևը և ընթացքը ակնհայտ են դարձնում, որ կա մի նոր իրողություն, որի պարագայում մենք պետք է որոշակի բևեռացվածություն ունենանք մեր անելիքների և ռեսուրսների հետ կապված:
Գրիգորյանի վկայությամբ՝ այս ծրագրով ակնհայտ է դառնում, որ Հայաստանի համար բևեռացումը կլինի հետևյալ ուղղություններով՝ սպառում, աշխատանքը կորցրած անձանց խմբեր, որոնց անհրաժեշտ է օժանդակություն ցուցաբերել, սոցիալապես անապահով խմբեր, որոնց ևս պետք է տրվի աջակցություն:
Ըստ փոխվարչապետի՝ ունենք նաև խնդիր առողջապահական համակարգի լրազինման և վերազինման, ինչպես նաև պետական պահուստների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորուման առումով:
«Մենք պետք է ունենանք նաև նոր ֆինանսական մոդել, ճշգրտենք մեր անելիքները և մոտեցումները: Այս պահին մենք բաց ենք մնում ծրագրի քննարկման համար թե՛ հանրային, թե՛ մասնագիտական տիրույթում: Բաց ենք մնում ցանկացած պահի ծրագիրը լրամշակելու և փոփոխությունների ենթարկելու համար»,- ասաց Մհեր Գրիգորյանը: