Բաժիններ՝

«Կիվին, թուրինջն ու նարինջը էապես նպաստում են դիմադրողականության բարձրացմանը». Դավիթ Պիպոյանը՝ ինքնամեկուսացման շրջանում ճիշտ սնվելու մասին

Քանի որ արտակարգ դրությունը Հայաստանում շարունակվելու է մինչեւ ապրիլի 14–ը, երկարաժամկետ ընթացքով պայմանավորված տանն ինքնամեկուսացումը կարող է նաեւ սթրեսային գործոն պարունակել։ Այս օրերին սոցցանցերում հանրությունն ակտիվ քննարկում է իր կենսակերպը, փոխանակվում արդեն ընթերցած գրքերով, ֆիլմերով, խորհուրդ տալիս միմյանց՝ ինչպես հաղթահարել պարապուրդը՝ փորձելով հնարավորինս հետաքրքիր ու իմաստալից դարձնել կյանքը։ Ոմանք միմյանց հետ կիսվում են տանը մեկուսացված պայմաններում իրենց առօրյան մի փոքր ավելի վառ անցկացնելու փորձառությամբ, ոմանք կիսվում կերակուր պատրաստելու համեղ բաղադրատոմսերով եւ այլն։ Սակայն, այդ ամենով հանդերձ, դժգոհություններն էլ չեն պակասում, ոմանք գանգատվում են քաշի ավելորդ զանգվածի կուտակումից, ոմանք՝ ավելորդ քնկոտությունից, ոմանք՝ անհաղթահարելի սթրեսից։

Այս պարագայում սննդաբանները խորհուրդ են տալիս շեշտադրում անել ոչ միայն գիրացման գործոնի նվազեցման, այլեւ դիմադրողականության բարձրացման, սթրեսի հաղթահարման եւ առողջ ապրելակերպի պահպանման վրա։ Ինչպես տան պայմաններում ճիշտ կազմակերպել առօրյան, ինչպես ճիշտ սնվել եւ հեշտությամբ հաղթահարել սթրեսը՝ միաժամանակ բարձր պահելով դիմադրողականությունը։ Այս առթիվ «ՀՀ»-ի հետ զրույցում իր դիտարկումներն է անում ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։

Ըստ նրա՝ կան հստակ հետազոտություններ, որոնք փաստում են, որ նմանատիպ ռեժիմներում տանը մնալու պայմաններում սթրեսը հանգեցնում է ավելորդ քաղցի առաջացման, մանավանդ երբ մարդը տանն է եւ մոտ լինելով սառնարանին, պահեստավորված սննդին՝ կարող է անընդհատ պատեհ եւ անպատեհ սնվելու ցանկություն ունենալ։ Դարձյալ նույն հետազոտություններից ելնելով՝ սննդաբանը հավելում է, որ, բնականաբար, այդ ընթացքում ընդունած սնունդը սովորաբար օգտակար ներգործություն չի կարող թողնել օրգանիզմի վրա։

«Շատ կարեւոր է այս օրերին ունենալ այնպիսի սննդակարգ, որն առաջին հերթին կնպաստի աղիքային միկրոբիոտայի վրա, որը, ըստ ունեցած ապացույցների, օգնում է բարձրացնելու դիմադրողականությունը։ Մեծ քանակությամբ շաքարը կամ միատեսակ սնունդը բացասական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա։ Պետք է ընդունել լիարժեք հավասարակշռված սնունդ։ Այս օրերին պետք է երկու կարեւորագույն խնդիր լուծենք։ Սննդակարգը պետք է բաղկացած լինի արագ յուրացվող ուտելիքներից, որոնք պարունակում են մեծ թվով վիտամիններ։ Ցանկալի է առօրյայում կիրառվող քաղցրավենիքը եւ շաքար պարունակող այլ մթերքներ փոխարինել պտուղ-բանջարեղենով՝ գազարով, կաղամբով, լոլիկով, բրոկոլիով, կանաչեղենով, ցիտրուսային մրգերով։ Օրինակ՝ կիվին, թուրինջն ու նարինջը էապես նպաստում են դիմադրողականության բարձրացմանը»,- ասաց Դավիթ Պիպոյանը՝ կենդանական ծագման մթերքներից հորդորելով սննդակարգում ավելի շատ կիրառել ձուկը։

Որքանո՞վ կարող է որպես հակասթրեսային միջոց ծառայել ալկոհոլը, Դավիթ Պիպոյանն այստեղ եւս իր դիտարկումն ունի։ Կատարված հետազոտությունները փաստում են, որ միակ ոգելից խմիչքը, որն այս առումով օգտակար եւ նաեւ իմունային համակարգի խթանիչ է, կարմիր գինին է՝ չափավոր քանակությամբ (մինչեւ 120 գրամ)։ Որպես սթրեսի հաղթահարման մեկ այլ բաղադրիչ, սննդաբանը խորհուրդ է տալիս գինու հետ նաեւ մեկ կտոր շոկոլադ օգտագործել։ Բացի այդ, բավական լավ ազդեցություն ունեն տաք հեղուկները՝ դրանց դարչին, կոճապղպեղ, կարկադե, կիտրոն, մեղր ավելացնելով։ Այն կարծրատիպը, թե հակավարակային լավագույն միջոց կարող է հանդես գալ ալկոհոլը, մասնավորապես՝ օղին, սննդաբանը մերժեց՝ ավելի մեծ սպիրտի բաղադրություն պարունակող խմիչքը երկարաժամկետ օգտագործման դեպքում կարող է հանգեցնել դիմադրողականության անկման։

Բացի սննդակարգից, պարապուրդում կարեւոր է նաեւ քնի ճիշտ ռեժիմի կազմակերպումը։ Ըստ սննդաբանի՝ քունը սթրեսի եւ քաշի ավելացման գործում ունի կարեւոր դերակատարում։ Մասնավորապես, քիչ քնի դեպքում կարող է առաջանալ նյութափոխանակության խանգարում, այն կարող է նպաստել քաշի ավելացմանը։ Առավոտյան երկար քնելը, ըստ զրուցակցիս, կարելի է փոխարինել կեսօրին մեկժամյա քնով, ինչը օգտակար է եւ օրինաչափ։ 8–ժամյա քունը չափահաս տարիքում գտնվող մարդու համար դրական ազդեցություն է թողնում։ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը նաեւ խորհուրդ տվեց մարմնամարզությամբ զբաղվել տան պայմաններում՝ հետեւելով մասնագիտական առցանց ուղղորդող վարժություններին։

Որպեսզի մարդիկ կարողանան հեշտ անցում կատարել առողջ ապրելու սննդակարգին, Դավիթ Պիպոյանը դրանում նաեւ դրական միտում է տեսնում։ «2020 թ. փոփոխությունների տարի է լինելու»,- ասում է նա՝ նշելով, որ արտակարգ դրությունից դուրս գալուց եւ առկա սահմանափակումների վերացումից հետո մարդիկ այլ կյանքով են սկսելու ապրել, արժևորել ամեն պահը, վերաիմաստավորել կյանքը՝ դրական էմոցիաներ փոխանցելով միմյանց։

Դավիթ Պիպոյանը նկատեց՝ առկա իրավիճակը ստեղծում է հնարավորություն փոխվելու, կրթվելու, սովորելու, սեփական առողջության հանդեպ ինքնագիտակցությունը բարձրացնելու առումով. «Նկատենք, թե այս օրերին բնակչությունը որքան հաճախ է լվացվում, հետեւում հիգիենայի պահպանմանը։ Այսինքն՝ իրավիճակը բերեց նաեւ մշակութային փոփոխության, սերմանեց յուրաքանչյուրի մեջ սոցիալական պատասխանատվության զգացում։ Նույնը կարող է լինել նաեւ առողջ ապրելակերպի, ճիշտ ու հավասարակշռված սնվելու տեսանկյունից»։

Լուսինե Նազարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս