«Հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան 0 տոկոսով վարկեր, նրանք կփակեն իրենց բարձր տոկոսով վարկերը». Էդմոն Մարուքյանը՝ 0 տոկոսով վարկ տրամադրելու առաջարկի մասին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ քառօրյա նիստերը չեղարկելու մասին իր առաջարկին՝ նշեց, որ այն առաջացել է երեկ վարչապետի հայտարարությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այսօրվանից միջոցառումներն ավելի են խստացվելու:
«Կարծում եմ՝ այսօր խորհրդարանի օրակարգում չկան այնպիսի հարցեր, որոնք հրատապ են, իսկ խորհրդարանը կարող է քաղաքական համաձայնության արդյունքում չգումարել նիստեր՝ քվորում չապահովելով, ինչը միշտ էլ արվել է: Ես առաջարկում էի՝ խմբակցությունների ղեկավարները, ԱԺ նախագահը և փոխնախագահները մնային շենքում, իսկ մյուսները գնային տուն և օպերատիվ կապի միջոցով բոլորի հետ կապ պահեինք, և, եթե կարիք լիներ, հավաքվեին՝ նիստ անեինք, սրա մասին էր խոսքը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ առաջարկը լավ չընդունվեց, միաժամանակ առիթ հանդիսացավ, որպեսզի «որոշ մարդիկ հերոսանան», թե իրենք կաշխատեն:
Դիտարկմանը, որ, թեև առաջարկում է չեղարկել նիստերը, սակայն ինքը չի պահպանում անվտանգության կանոնները՝ չի կրում դիմակ և ձեռնոցներ, Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ ասելով, որ հաճախակի սպիրտով ձեռքերը լվանում է, ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա դրանով պաշտպանվելն անարդյունավետ է, քանի որ, եթե թեկուզ մեկ մարդ էլ ԱԺ-ում հիվանդ լինի, ապա բոլորը վարակվելու են:
«Ցուցումը հետևյալն է՝ մի հավաքվեք, միմյանցից հեռավորություն պահեք, բայց երբ խախտվում է առաջին ցուցումը՝ չհավաքվել, մնացածն արդեն անիմաստ է դառնում: Մենք արդեն հավաքվել ենք, և այս պարագայում անիմաստ է դիմակ կրելը: Եթե մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, մի հավաքվեք, այս չհավաքվելու կանոնը պետք է վերաբերի բոլորին: Շատ եմ լսել, որ ասում են՝ դե, եթե խնդիր լինի, խորհրդարանում էլ նիստեր չեն անի, եթե խորհրդարանում նիստեր են անում, այս ամենին լուրջ չեն վերաբերվում»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև հավելեց, որ տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ամեն օր առաջարկներ է ներկայացնում, և այսօր քաղաքացիները հայտնվել են մի իրավիճակում, երբ պետությունը միջամտել է նրանց տնտեսական գործունեությանը և դադարեցրել մի շարք ընկերությունների աշխատանքը:
«Հիմա պատկերացրեք՝ Չարենցավանից Երևան եկած մի կին, որն ինչ-որ սրճարանում մատուցողուհի է աշխատել և այժմ տան վարձը վճարելու, կոմունալ վճարները կատարելու խնդիրներ ունի, այսինքն՝ նման խնդիրներ կան, և սա մեկ մարդու չի վերաբերում, այլ հազարավորների: Մենք պետությանը կոչ ենք արել, որ ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերի մեր այն քաղաքացիներին, որոնք աշխատում են մեր այն ոլորտներում, որոնք այսօր ամենախոցվածն են, սա նոր հեծանիվ չէ, ամբողջ աշխարհում այս մեթոդն է կիրառվում»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև նշեց, որ պետությունն ունի ռեզերվներ և պետք է աջակցի, այլ ոչ թե ասի՝ գնացեք 0 տոկոսով վարկեր վերցրեք, ինչն անարդյունավետ միջոց է:
«Հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան 0 տոկոսով վարկեր, նրանք կփակեն իրենց բարձր տոկոսով վարկերը և կունենան 0 տոկոսով վարկ, շրջանառու վարկերից կվճարեն աշխատողների աշխատավարձը: Այսինքն՝ սա չի հասնի քաղաքացիներին, հետևաբար՝ երբ մարդիկ բանկերից բողոքում են, պետք չէ մարդկանց նորից հետ ուղարկել բանկեր: Այն ընկերությունները, որոնք փակվել են կամ փակման վտանգի առաջ են, նրանք անիմաստ են համարում այդ վարկի վերցնելը, քանի որ չեն կարողանալու հետո վերադարձնել»,- եզրափակեց Է. Մարուքյանը: