Բաժիններ՝

«Հայաստանում կյանքը չի կարող կանգ առնել». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայտարարված արտակարգ դրությանը, նշեց, որ մշակվում են փաթեթներ՝ անվտանգության բարձիկներ, որով այն պատասխանատվությունը, որն ունի իշխանությունը՝ անպայման կկատարի:

«Այսինքն՝ մշակվում են գործիքներ, որով այս իրավիճակում աջակցություն կլինի թե՛ բիզնեսին, թե՛ հարկատուներին, թե՛ աշխատողներին: Հասկանալի է, որ այս իրավիճակում բոլորն են այս կամ այն չափով տուժում, բայց յուրաքանչյուրս մեր չափով պետք է փորձենք թեթևացնել պետության բեռը: Սակայն սա չի նշանակում, որ պետությունն իր պարտավորությունները չի կատարում և չի կատարելու»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ պետությունը կարո՞ղ է արտակարգ իրավիճակով պայմանավորված պարապուրդի մատնված բոլոր քաղաքացիների աշխատավարձերը փոխանցել, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ պարտադիր պարապուրդի հետ կապված կա օրենք, սակայն արտակարգ իրավիճակում անհրաժեշտություն կա ունենալու լրացուցիչ նախագիծ, որի ուղղությամբ Կառավարությունն աշխատում է:

Լիլիթ Մակունցը միաժամանակ ընդգծեց, որ արդարացված է համարում պետության այն գործողությունները, որոնք իրականացնում է բիզնեսին աջակցություն ցուցաբերելու առումով:

Հաջորդ հարցին՝ խորհրդարանում ինչո՞ւ չեն պահպանում անվտանգության կանոնները, չեն կրում դիմակներ, ձեռնոցներ, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ Առողջապահության նախարարությունը հրապարակել է այն կանոնները, որոնք անհրաժշտ է պահպանել, և ըստ այդմ էլ դիմակներ առաջարկվում է կրել այն մարդկանց, որոնք որոշակի թուլություն ունեն, վատառողջ են, ունեն հարբուխ:
«Քանի որ այս պահին ես ինձ ամբողջովին առողջ եմ զգում, այդ պատճառով էլ դիմակ չեմ կրում»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին, որ անհրաժեշտ է չեղարկել քառօրյա նիստերը, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ Սահմանադրությամբ առանձին գերատեսչությունների, այդ թվում՝ Ազգային ժողովի համար նախատեսված են պարտադիր կատարման գործառույթներ, ուստի կարծում է, որ նպատակահարմար չէ պարապուրդի մատնել Ազգային ժողովը:

«Նախ Հայաստանում կյանքը չի կարող կանգ առնել, և այն գործառույթները, որոնք պետք է իրականացնենք, պետք է շարունակենք աշխատել, իսկ քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի ակտիվորեն հետևել, թե ինչ է կատարվում խորհրդարանում: Մենք չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել, միևնույն ժամանակ՝ ցանկանում եմ կրկին հիշեցնել, որ ԱԺ նախագահը երեկ խորհրդի նիստում ասաց, որ այն անձինք, որոնք գտնվում են խոցելի հատվածում, նրանց բացակայությունը հարգելի է համարվելու»,- շեշտեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս