«Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները նվազել են». Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
«Նախորդ տարվա հուլիս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստան ներմուծվող ցեմենտի ծավալները որոշակիորեն նվազել են, այսինքն՝ 2018 թվականին մեկ ամսվա ընթացքում ներմուծվում էր 19,2 հազար տոննա, իսկ նախորդ տարվա հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում մեկ ամսվա ընթացքում ներմուծվել է 16,8 հազար տոննա ցեմենտ: Հայկական արտադրության ցեմենտի ծավալներն այս պահին որոշակի անկում է ապրել, սակայն մեզ մոտ գործում է երկու խոշոր ընկերություն, որոնցից մեկը ծավալների աճ է գրանցել»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ օրենքի փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար նախատեսված պետական տուրքը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Առաջարկն ԱԺ Տնտեսական հանձնաժողովում հնչեցրել են պատգամավորները, Կառավարությունն էլ համարել է, որ այն իրատեսական և նպատակահարմար է:
«Ինչո՞ւ է այս առաջարկը նպատակահարմար, պաշտպանիչ միջոցը կիրառվել էր՝ երեք ներգործող փաստ ունենալով, առաջինը՝ իրանական արժույթի անկումն էր, նաև մեր հարավային գործընկերոջ կողմից վարվող էներգետիկ քաղաքականությունը, բացի այդ, իրանական տնտեսությունը վերջին տարիներին անկում է գրանցում, սակայն արտադրական ծավալները շարունակում են մնալ նույնը, արդյունքում շուկայում նկատվում է արտադրական ծավալների գերբավարարվածություն, ինչի արդյունքում գինն անկում է ապրում:
Մեր կարծիքով՝ սա երկարաժամկետ երևույթ չէ, տարբեր գնահատականներով՝ ոլորտի կորստի արդյունքում 10 տարի է անհրաժեշտ լինելու, որպեսզի մենք այդ արտադրական ծավալները վերականգնենք: Տարբեր գնահատականներով Հայաստանին անհրաժեշտ է լինելու 1,8 տոննա ցեմենտ՝ եթե հասնենք զարգացած երկրների մակարդակին: Ցեմենտի ներմուծման ծավալների նվազմանը զուգահեռ՝ ունենք կլինկերի ծավալների աճ, ներքին արտադրողներից մեկն այս իրավիճակում կարողանում է մնալ մրցունակ, մյուսը շարունակում է ունենալ որոշակի խնդիրներ»,- նշեց Ավագ Ավանեսյանը: