Հարկային պարտավորությունների հետաձգումներ չեն լինելու. կլինեն հասցեական օժանդակություններ. Դավիթ Անանյան
Աշխարհի տարբեր երկրներ այս օրերին տնտեսվարողներին աջակցության տարբեր մեթոդներ ու եղանակներ են կիրառում: Որոշ երկրներ անգամ աջակցությունն իրականացնում են հարկային արձակուրդների տրամադրման եղանակով:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն կորոնավիրուսով պայմանավորված հարկային պարտավորությունները հետաձգելու, հարկային արտոնություններ կամ հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցով չի պատրաստվում օժանդակել գործարարներին: Կառավարությունը, ի դեմս ՊԵԿ-ի, նախատեսում է տրամադրել հասցեական օժանդակություն:
«Կառավարությունում քննարկումների արդյունքում մենք, ելնելով նաև թե՛ տնտեսության առանձնահատկություններից, թե՛ հարկ վճարելու մշակույթի ձևավորման առումով մեր պատմական իրողություններից և այսօրվա արձանագրած դեռևս ոչ այնքան գոհացուցիչ մակարդակից, որոշեցինք, որպեսզի չունենանք հարկ վճարողների վարքագծային փոփոխություններ, որոնք բավականին բարձրացել են թե՛ իրավագիտակցության առումով, թե՛ ընդհանրապես մշակույթի ձևավորման առումով, հարկ վճարելու մշակույթը նկատի ունեմ։ Մենք ձեռնպահ մնացինք հարկային արտոնությունների և հարկային արձակուրդներ տրամադրելու ձևով աջակցություն ցուցաբերելու ճանապարհով գնալ և որոշեցինք, որ կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ, հասցեական օժանդակություններ, շատ դեպքերում՝ բանկային համակարգի ներդրմամբ, շատ դեպքերում՝ ուղղակի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Անանյանը:
Այսօր կառավարությունում ներկայացրած՝ տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու մասին նախնական նախագիծը ՊԵԿ-ում պատրաստվում են առաջիկա երկու օրվա ընթացքում ամբողջացնել և մոտ ապագայում տնտեսվարողներին ներկայացնել աջակցության կոնկրետ ձևերը:
Հարկային պարտավորությունների գործընթացը նույնը կմնա նաև Փոքր և միջին բիզնեսի համար: Նրանց համար ևս կլինեն օժանդակության ծրագրեր, և դրանք չեն ենթադրի հարկային արձակուրդներ և հարկային արտոնություններ:
«Մենք ընտրել ենք հասցեական փոխառությունների տրամադրման, փոխառության տոկոսների սուբսիդավորման, փոխառությունների համաֆինանսավորման գործիքի կիրառման, վերաֆինանսավորման գործիքի կիրառման, սոցիալական օժանդակությունների տրամադրման եղանակը»,- ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ ղեկավարը վստահ է՝ հարկերի վճարումը հետաձգելը, հարկային արտոնություններ տրամադրելը շատ անհետաքրքիր օժանդակության ձևեր են: Եվ դրանց փոխարեն՝ ՊԵԿ-ում ընտրել են «խորքային ու բովանդակային օժանդակություններ» տրամադրելու ուղին:
«Ապագան շատ առումներով անկանխատեսելի է, և անհայտները կամ փոփոխական ցուցանիշները այնքան շատ են, որ շատ դժվար է այսօր կանխատեսել, թե ինչ կլինի ապագան, ինչպես կլինի թե՛ տնտեսության ցուցանիշները արձանագրված, թե՛ հարկաբյուջետային քաղաքականությունը, և ընդհանրապես պետական բյուջեի հարկային եկամուտների առումով ինչպիսի պատկեր կունենանք»,- ասաց Դավիթ Անանյանը: