«Կառավարությունը պետք է բծախնդիր լինի և ինքն իր մեջ ֆիլտրացման գործընթաց սկսի». Գագիկ Մակարյան
Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ այսօր Կառավարության ներսում մոտ 5-6 նախարարություններում մենեջմենթը գտնվում է ավելի ցածր մակարդակի վրա, քան նախկինում էր, երբ որոշ նախարարություններ դեռ չէին միավորել։
«Նախկինում գուցե հնից եկող իներցիա կար, բայց իշխանափոխությունից հետո արդեն անցել է 1,5 տարի, բայց փոխարենը մենեջմենթը բարձր մակարդակի վրա լինի, տեղի է ունենում հակառակը։ Մտածելակերպը թույլ է, նախարարությունների մտածելակերպը ցածր է, հետևաբար՝ Կառավարությունը պետք է բծախնդիր լինի և ինքն իր մեջ ֆիլտրացման գործընթաց սկսի, որովհետև բազմաթիվ նախարարներ արդեն իրենց տեղերում չպետք է մնան։ Կարծում եմ՝ լուրջ պետք է վերանայվի Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների իրավիճակը, ինչպես նաև այլ գերատեսչությունների վիճակը։ Սկսած նախարարներից ու տեղակալներից՝ մինչև վարչության պետեր, պետք է լավ ֆիլտրվեն, և նրանց աշխատանքը գնահատվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը՝ անդրադառնալով հայտարարված արտակարգ իրավիճակի հետ կապված տարբեր գերատեսչությունների աշխատանքներին։
Անդրադառնալով որոշ ապրանքների գների բարձրացմանը՝ Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ գնաճ կարող է տեղի ունենալ երեք պատճառով. նախ, եթե պարենի պաշարները սպառվեցին, ինչպե՞ս են այն բերելու, քանի որ դոլարն ու եվրոն թանկացել են, և շատ հնարավոր է՝ թանկ գներով բերեն, հետևաբար՝ ներմուծվող ապրանքները կարող են թանկանալ։
«Թանկացումներ կարող է լինել նաև, քանի որ որոշ ապրանքների պահանջարկը մեծացել է, օրինակ, դիմակների գները մի քանի անգամ բարձրացել է, քանի որ դրա պահանջարկը կա։ Նաև գնաճ կարող է լինել ապրանքների դեֆիցիտ առաջանալու հետևանքով, հատկապես, եթե տնտեսվարողները չկարողանան ապահովել բավարար չափի ապրանք։ Եթե հիմա 1 ամսվա պաշար ունենք, ապա մեկ ամիս հետո դեֆիցիտը կլինի, այնպես որ՝ վաղվանից պետք է սկսեն ապրանք ներկրելու մասին մտածել»,- շեշտեց Գագիկ Մակարյանը։
Նա նաև նկատեց՝ Կառավարությունը պետք է այս խնդիրները հասկանա և քայլեր ձեռնարկի։