«Պետք է վերահսկվեն տեղեկատվական հոսքերը, բայց այս պահի դրությամբ եղած սահմանափակումները ծայրահեղ անհամաչափ են և վնասակար». Կարեն Վրթանեսյան

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` արտակարգ դրության պայմաններում տեղեկատվական սահմանափակումներին, երբ ԶԼՄ-ները պետք է մեջբերեն միայն պաշտոնական հայտարարությունները:

Ըստ միջազգային կազմակերպության` Հայաստանում տեղեկատվության վերահսկողությունը ոչ միայն չի օգնում  պայքարել համաճարակի դեմ, այլև նպաստում է վախերի,  բամբասանքների տարածմանը:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ   ինտերնետում և մամուլում հրապարակումների մասով սահմանված է`

Եթե անձինք և զանգվածային լրատվության միջոցները ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ ձևով ցանկանում են տեղեկատվական նյութ տեղադրել կորոնավիրուսի վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, ﬔկուսացվածների քանակի մասին, ապա պետք է օգտվեն բացառապես պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունից և հղում կատարեն դրան ու հնարավորինս վերարտադրեն այն: Նրանց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը:

Նույնը նաև վերաբերում է այնպիսի տեղեկություններին, որոնք հանգեցնում են խուճապի կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ են պարունակում:

Նման հրապարակումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողﬕց:

Արտակարգ դրության ժամանակ արտակարգ դրության ռեժիմը խախտելը, այսինքն` սահմանված միջոցառումներին և սահմանափակումներին չենթարկվելը հանգեցնում է վարչական պատասխանատվության` Վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի համաձայն:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց. «Իրականում որոշակիորեն, իհարկե, պետք է վերահսկվեն տեղեկատվական հոսքերը, օրինակ՝ վիրուսի մասին սխալ տեղեկություններ չտարածելու համար, բայց այս պահի դրությամբ եղած սահմանափակումները ծայրահեղ անհամաչափ են, նույնիսկ՝ վնասակար։»:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին անդրադառնալով կառավարության որոշմանը՝ ասաց, որ այստեղ մի քանի խոցելի բան կա:

«Առաջին` հստակություն չկա, քանի որ կառավարությունն ասում է,  թե  գրաքննությունը պետք է վերաբերի  միայն ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերին, իսկ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը տարածվելով քիչ-քիչ հասնում է նրան, որ նույնիսկ գիտական հոդված հրապարակելն օգտատիրոջ կողմից կարող է դիտվել՝ որպես խախտում: Սա առաջինը՝ ստեղծելու է անառողջ մթնոլորտ, և մեկ է` վերահսկել հնարավոր չի լինելու: Ցանկացած որոշում կայացնելուց  առաջ պետք է գնահատել` արդյո՞ք կարող ես իրականացնել, երբ 1.5 միլիոն մարդ միայն հայաստանյան ֆեյսբուքի սեգմենտում է` չհաշված Սփյուռքը: Հիմա ինչպե՞ս ես մոնիտորինգ անելու, ո՞նց ես գտնելու այդ մարդկանց, երբ ոչ նորմալ տվյալ կա, ոչ անունն է մի կարգին գրված: Այնպես որ` սա մի կողմից՝ անիմաստ որոշում է, մյուս կողմից` վտանգավոր, քանի որ խոսքի ազատության սահմանափակումներ կարող են առաջացնել՝ հենց բուն որոշման անորոշ դրույթներից ելնելով»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Հակադարձմանը` կեղծ ինֆորմացիաների դեմն ինչպե՞ս պետք է առնել, զսպող քայլ չպե՞տք է լինի, տեղեկատվական անվտանգության մասնագետը շեշտեց, որ զսպումը պիտի համալիր մեթոդներով արվի:

«Առաջին` ինքնակարգավորման մեթոդով, այսինքն` խմբագիրների և լրագրողների հետ խոսել, հասկացնել, համոզել: Երկրորդ` տեղեկատվությունը շատ լայն սպեկտրով տարածել` պետական-պաշտոնականով: Հիմա վատ չէ, բայց կարող է ավելի լավ լինել: Իհարկե, երևում է, որ ապատեղեկատվությունը քչացել է հենց դրա շնորհիվ: Բացի այս, պետք է աշխատել բլոգերների հետ, որոնք ԶԼՄ չեն, բայց ազդեցություն ունեն: Սրանք ինքնակարգավորման մեթոդներ են, որոնք շատ ավելի լավ կաշխատեն, քան բիրտ ուժի կիրառումը»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս