«Պետության կառավարումը շատ լուրջ բան է, որպեսզի միտինգային հոգեբանությամբ դրանով զբաղվեն»․ Հարություն Մեսրոբյան. Ankakh.com
Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարութուն Մեսրոբյանը։
-Պարոն Մեսրոբյան, Հայաստանն այսօր գտնում է ճգնաժամային կառավարման փուլում։ Հնչում են կարծիքներ, որ եթե իշխանությունը ժամանակին համարժեք արձագանքեր աշխարհում ստեղծված իրավիճակին և ավելի լուրջ մոտենար այս համաճարակին, ապա այսօր, հնարավոր է, այլ պատկեր լիներ մեր հանրապետությունում։ Դուք կիսո՞ւմ եք այս մոտեցումը։
-Ես միշտ ասել եմ, որ մենք պետության որակյալ կառավարման խնդիր ունենք, որը գալիս է դեռևս 1991 թվականից։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ վերջին ժամանակներում, ավելի ծանր հարված է այն իմաստով, որ մենք առավել ևս չունենք պատկերացում հակաճգնաժամային կառավարման մասին։
Ես զարմանում էի, թե ինչպես է ամբողջ աշխարհում այդ վարակի տագնապը մեծանում, տվյաները գնալով ավելի մտահոգիչ էին դառնում, բայց մենք որևէ քայլ չէինք ձեռնարկում։ Տպավորություն էր, որ Հայաստանը ոչ միայն պետություն չէ, այլ նաև կոլտնտեսություն էլ չէ։ Սա պարզապես վիրավորական է մեր ազգի համար։
Եթե հիշում եք, նույն բանը մեզանում տեղի ունեցավ 2008 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ պատասխանատու անձերը հայտարարում էին, որ Հայաստանը չի տուժի: Արդյունքում մեր Երկրի ՀՆԱ-ն անկում ապրեց 14,5% և այդ ցուցանիշով դարձավ աշխարհի «ռեկորդակիրներից» մեկը:
Լինելով հակաճգնաժամային կառավարման փորձագետ՝ ես և’ 2008 թ․, և’ 2020 թ. տեսնում էի, որ հակաճգնաժամային կառավարման իմաստով բոլոր մոտեցումները ոչ միայն չէին կիրառվում, այլև կիրառվում էր ճիշտ հակառակը՝ փնթի, անլուրջ և անգրագետ մոտեցումներ։ Եվ հիմա մենք հավաքում ենք մեր ցանածը կամ չցանածը։
Ինչ վերաբերում է այս համաճարակին, ապա մենք արթնացանք միայն մարտի 1-ին։ Եթե հաշվի առնենք, որ այդ համաճարակն աշխարհում սկսվեց 2019 թ. դեկտեմբերից, ապա մենք առնվազն 2-3 ամիս կորցրել ենք։ Իսկ դա նշանակում է, որ լատենտային ժամանակահատվածը շատ երկար է։
Հիմա մտավախություն կա ոչ այնքան, որ շատ է տարածվում, այլ որ մինչ այդ եղած երևույթներն են արտահայտվում։ Ես բացառում եմ, որ Հայաստանում համաճարակը սկսված լինի մարտի 1-ից, երբ աշխարհում այն կար շուրջ երեք ամիս, իսկ մենք՝ որպես շատ մոբիլ ազգ, պետության սահմանով այդքան գնում-գալիս էինք։ Ես էլ չեմ խոսում մեր տևական լոպազության մասին, թե զբոսաշրջիկության ծավալներն աճում են: Հետևաբար ստեղծված իրավիճակի համար 100%-ով պատասխանատու են ներկա իշխանությունները։ Իրենք պետք է գլխով պատասխան տան, ինչպես գլխով պետք է պատասխան տան նաև նախորդ իշխանությունները 2008 թ. ճգնաժամի ժամանակ կոպիտ սխալների համար։
-Երեկ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց էր, որ այն պետություններն են զերծ մնացել կորոնավիրոսից, որոնք փակ են, կոմունիկացիաները զարգացած չեն և այլն, այլ կերպ ասած՝ նկատի ուներ, որ եթե կորոնավիրուսը տվյալ երկիր չի ներթափանցել, դա այդքան էլ լավ չի խոսում այդ պետության մասին։
-Նման մի բան ասում էին նախորդ իշխանությունները, երբ հիմնավորում էին, որ ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամը մեզ գրեթե վնաս չի տա, քանի որ Հայաստանում զարգացած չէ արժեթղթերի շուկան: Ես կրկնում եմ՝ այն, որ մենք արթնացանք միայն մարտի 1-ին, դա մեր կոպտագույն սխալն էր, եթե չասեմ հանցավոր անգործությունը։ Իսկ հանցանքի համար պետք է անձնավորված պատասխան տվողներ լինեն, հակառակ դեպքում մենք պետություն չենք դառնա։ Պետության ուժը կայանում է նրանում, որ լավ աշխատանքի համար պետական չինովնիկը խրախուսվում է, վատ աշխատանքի համար՝ պատժվում։ Իսկ մեզ մոտ վատ աշխատանքի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, ավելին` զանգվածաբար պարգևատրվում են։ Դա նշանակում է, որ մենք որպես պետություն դեռ չենք կայացել։
-Այնուամենայնիվ, փաստն այն է, որ այսօր խնդիրն այնքան է լրջացել, որ հայտարարվեց արտակարգ դրություն։ Ինչպե՞ս եք գնահատում այն քայլերը, որոնք կատարվում են այսօր, արդյո՞ք դրանք համարժեք են իրադրությանը և արդյո՞ք արդյունավետ են՝ հետագա սրացումները կանխելու տեսանկյունից։
-Հակաճգնաժամային կառավարման տեսանկյունից շարունակվում են կատարվել լրացուցիչ սխալներ։ Ճիշտ է, մի դրական կողմ կա, որ վերջապես արթնացանք։ Բայց հիմա հրատապ հարցերից մեկը պետք է լինի այն, որ վերծանեն այս տարվա հունվարից բոլոր ռիսկային գոտիներից մարդկանց մուտքերը Հայաստան։ Այդ բազան պետք է շատ արագ, օպերատիվ ստեղծվի։ Որովհետև, նորից եմ կրկնում, ամենայն հավանականությամբ մենք ունենք լատենտային ընթացքով գնացող համաճարակ։
Փաստն այն է, որ վատ կառավարման և հայկական մեր փնթիության հետևանքով մենք հայտնվեցինք այս վիճակում։ Ու հիմա տեսնում ենք, որ վարակվածների թվաքանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է։ Դա անուղղակի ապացույց է, որ մենք ունենք լատենտային վիճակում վարակ, որովհետև հնարավոր չի, որ դու սկսես խստացնել պայմանները, բայց հիվանդացողների քանակի աճն արագանա։ Դա նախկինում չարած քայլերի արձագանքն է։ Եվ խորհրդարանում ժամերով անկապ քննարկումներ անելու փոխարեն պետք է շատ արագ քայլեր ձեռնարկել, օրինակ, այդ իմ ասածի ուղղությամբ՝ վերծանել մարդկանց՝ դեպի Հայաստան բոլոր ռիսկային մուտքերը։
-Բնականաբար առաջին հերթին պատասխանատվության մեծ բաժին ունի իշխանությունը, բայց, այնուամենայնիվ, մենք՝ որպես հասարակություն, որպես քաղաքացիներ, պատրա՞ստ ենք այս իրավիճակին։ Այս առումով ի՞նչ խնդիրներ եք տեսնում։
-Իհարկե պատրաստ չենք, որովհետև մենք վաղուց արդեն ժողովուրդ չենք, մենք արդեն անգամ հանրություն էլ չենք, այլ հաՄրություն ենք։ Եթե հետևում եք սոցցանցերին, դեռևս կան «խելոքներ», որոնք ասում են, որ ՍԴ-ի հետ կապված հանրաքվեն պետք է կայանա, և իրենք պետք է գնան ու «Այո» ասեն։ Առողջ հասարակությունում այդ մարդկանց ուղղակի բարոյապես կհայտարարեին «Persona non grata»: Նման մարդկանց շատ ճիշտ են կոչում «պողոսներ», և նման մարդիկ ուղղակի վխտում են մեր շուրջ։ Ավելին, նման մարդիկ վտանգում եմ պետության անվտանգությունը: Սա անառողջ երևույթ է։ Սա ցույց է տալիս, որ մենք որպես հասարակություն շատ ծանր հիվանդ ենք, եթե չասեմ` մահացու։
-Բայց փոխարենը նույն հասարակությունը թիրախավորեց և բարոյապես ոչնչացրեց էջմիածնեցի կնոջը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով։ Այդ կինն, անշուշտ, իր մեղքի բաժինն ունի, բայց արդյո՞ք այդ շղթայում միայն նա էր մեղավոր։
-Մինչև պատասխան չտան այն բոլոր պաշտոնատար անձիք, որոնք հունվարից գոնե չսկսեցին ձեռնարկել միջոցներ, որևէ կնոջ կամ տղամարդու մեղադրելու որևէ բարոյական իրավունք ոչ ոք չունի։ Իսկ պատասխանատվությունը սկսվում է պետական կառավարումից։ Չի կարող կառավարման պատասխանատուն պատասխանատվություն չկրել և մեղադրանքը շպրտել հասարակության շարքային անդամի վրա։ Դա էլ է անբարոյականություն։
-Վարչապետի շուրթերից շաբաթներ առաջ հնչեց «կորոնավիրուսն ում շունն է» արտահայտությունը։ Առհասարակ, պետական ղեկավարի կողմից խնդրին նման մոտեցումը նորմա՞լ եք համարում։
-Ճիշտն ասաց ես բարդ լինգվիստական կառուցվածքները չեմ հասկանում, առավել ևս, երբ դա հնչում է ղեկավարների կողմից։ Մենք գտնվում ենք այնպիսի պայմաններում, որ պետական պաշտոնյայի ցանկացած ելույթ պետք է լինի շատ առարկայական և կոնկրետ արդյունքային հետևանքներով։ Մենք վերջիվերջո պետք է դուրս գանք միտինգային հոգեբանությունից։ Պետության կառավարումը շատ լուրջ բան է, որպեսզի միտինգային հոգեբանությամբ դրանով զբաղվեն։
Ընդհանրապես պետության կառավարման եկող մարդիկ պետք է ի սկզբանե հասկանան, որ պետության կառավարումը շատ բարդ երևույթ է, առավել ևս ճգնաժամի ժամանակ։ Հետևապես պետական պաշտոնյաների այն պարզաբանումները, թե օրինակ, շատ դժվար կլիներ այդ հազարավոր մարդկանց մեկուսացնել և այլն, անընդունելի է։ Ճգնաժամային կառավարման մեջ նման պատճառաբանություններն անթույլատրելի են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: