Մարդիկ մտածել են, որ եթե վարչապետը հավաքներ է կազմակերպում ու վտանգ չի տեսնում, ապա իրենք էլ կարող են նշանդրեք կազմակերպել. Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել կորոնավիրուսի տարածման պատճառներին: Թևանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանում կորոնավիրուսի տարածման գլխավոր պատճառը ոչ միայն ու ոչ այնքան քաղաքացու անհատական հիգիենայի կանոնների պահպանմանը չհետևելն ու սոցիալական անպատասխանատվություն դրսևորելն է եղել, այլ իշխանության գերանպատասխանատու վարքագիծը։
Վիրուսի տարածման վտանգի պայմաններում մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելը, վարչական ռեսուրսի կիրառմամբ բազմամարդ հավաքներ կազմակերպելը, վարակելու և վարակվելու հավանականությունը կտրուկ մեծացնելը, հնարավոր վարակի աղբյուրների մասով պետության համապատասխան կառույցների հանցավոր անգործություն և դիլետանտ մոտեցում ապահովելը և նմանատիպ այլ բաներն ավելի շատ են նպաստել վիրուսի տարածմանը, քան Էջմիածնի նշանդրեքը։
Տգիտությունն ու քաղաքական էգոիզմն են մեզանում վիրուսի տարածման գլխավոր պատճառը, այլ ոչ թե նշանդրեքը։
Մարդիկ մտածել են, որ եթե վարչապետը հավաքներ է կազմակերպում ու վտանգ չի տեսնում, ապա իրենք էլ կարող են նշանդրեք կազմակերպել, որին, ի դեպ, ավելի քիչ մարդ է մասնակցել, քան ատելության քարոզի որևէ այլ հավաքների ժամանակ։ Հավաքներ, որոնք անցնում էին «կորոնավիրուսն ում շունն է» նշանաբանի ներքո։
Մարդկանց հավաքների տանել ու հետո ինքնամեկուսանալը ցույց է տալիս, թե որն է իշխանության իրական դեմքը և ինչպիսին է հեղափոխականների վերաբերմունքը «հպարտ» քաղաքացու նկատմամբ՝ «Վիրուսը քեզ, քվեն մեզ» ծրագրի շրջանակներում»: