Բաժիններ՝

Հասարակական տրանսպորտը ախտահանելու հրահանգ կա. Մետրոն կսկսեն ախտահանել այսօրվանից

Առողջապահության նախարարությունը  հասարակական տրանսպորտն ախտահանելու հրահանգ է  տվել: 168.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ աշխատանքներն արդեն կատարվում են. «Որևէ գործողություն, որը կապված է հակահամաճարակային անվտանգության հետ, մասնավորապես՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ, Քաղաքապետարանն անում է բացառապես Առողջապահության նախարարության  ցուցումների համաձայն: Հանրային տրանսպորտի հետ կապված ցուցումները տրվել են, ախտահանումը կատարվում է ավտոբուսներում և Մետրոպոլիտենում: Դրանք ուղղակիորեն Քաղաքապետարանի ենթակայության տակ են: Մասնավորներին ևս հրահանգ է տրվել ախտահանել՝ օգտագործելով ցուցումները»:

Ինչ վերաբերում է բազմաբնակարան շենքերի վերելակներն ախտահանելուն, Հակոբ Կարապետյանն ասաց, որ դրանցով պետք է զբաղվեն  համատիրությունները, կրկին ԱՆ ցուցումով:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մետրոյի ախտահանման գործընթացը կսկսվի այսօրվանից՝ մարտի 14-ից.

«Ախտահանումը կատարվելու է ամեն գիշեր, երբ էլեկտրագնացքներով ուղևորափոխադրումները դադարեն: 23:45-ից հետո, երբ էլեկտրագնացքները կհավաքվեն Էլ. հավաքատեղիում, դա նույն Դեպոն է, այդտեղ կիրականացվեն ախտահանման միջոցառումները: Սա արվում է ԱՆ ցուցումով և Երևանի Քաղաքապետարանի հանձնարարականով: Կիրառվելու են սահմանված ախտահանիչ միջոցները, որոնք պետք է  կիրառվեն վիրուսային վարակների դեպքում»:

Տաթև Խաչատրյանի փոխանցմամբ՝ դա կտևի այնքան, մինչև կստանան Առողջապահության նախարարության հաջորդ ցուցումը:  Օրեր առաջ Քաղաքապետարանի էջում «Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում են ախտահանիչ նյութերով» վերնագրով տեսանյութ էր հրապարակվել, որտեղ մետրոպոլիտենի աշխատակիցներն ախտահանիչ հեղուկով և կտորով մաքրում էին մետրոն: Տաթև Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե դրանք ի՞նչ միջոցառումներ էին, եթե ԱՆ հրահանգը նոր է իջեցվել.

«Դա Երևանի մետրոպոլիտենի մաքրման աշխատանքներն էին: Մետրոպոլիտենի տնօրինության նախաձեռնությունն էր: Մաքրվում էին այն հատվածները, որոնց ավելի հաճախ են հպվում ուղևորները»:

Ինչ վերաբերում է ուղևորահոսքերի կրճատմանը, մամուլի խոսնակն ասաց, որ դա հիմնականում պայմանավորված է համալսարանների և դպրոցների փակ լինելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս