Բաժիններ՝

Անցանկալի հետևանքներ կլինեն, եթե Վրաստանի հետ սահմանը փակվի բեռնատարների համար. տնտեսագետ

Երբ կորոնավիրուսը սկսեց լայնորեն տարածվել, 2020 թվականի հունվարից  համաշխարհային տնտեսության մեջ դիտարկվում էր զարգացումների 4 հիմնական սցենար:

Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքով՝ առաջին սցենարի համաձայն՝ Չինաստանը սեփական ուժերով կհաղթահարի համաճարակը, և տնտեսությունը որոշակի անկում կունենար, որն էլ համաշխարհային տնտեսության վրա ոչ մեծ չափով կանդրադառնար՝ մոտավորապես 0.5%-ով:

Երկրորդ սցենարը, որ դիտարկվում էր, կորոնավիրուսի՝ Չինաստանի սահմանից դուրս գալն ու Եվրոպայում տարածվելն էր: Հիմնական օջախներ դիտարկվում էին Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան: Այդ պարագայում համաշխարհային տնտեսության վրա կդիտարկվեր մոտավորապես 1 տրիլիոն դոլարի չափով վնաս, և համաշխարհային տնտեսության աճը տարեկան կտրվածքով կնվազեր առնվազն 1 %-ով:

Երրորդ սցենարը կորոնավիրուսի տարածումն էր Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլ խոշոր պետություններում, ինչի հետևանքով տնտեսական անկումը կլիներ մոտավորապես 2-2.5%-ի չափով:

Վատագույն սցենարը, որը, ըստ տնտեսագետի՝ դիտարկվում էր, վիրուսի տարածումն էր ամբողջ աշխարհում, որի դեպքում, Կարեն Սարգսյանի կարծիքով, համաշխարհային տնտեսության վրա վիրուսի ազդեցության կոնկրետ թվային գնահատական տալը և հաշվարկներն անիրատեսական կլինեին:

«Այս պահին ականատես ենք լինում տարածման ամենամեծ ֆոնին, այսինքն՝ 4-րդ սցենարին»,- ասաց Կարեն Սարգսյանը՝ հավելելով, որ դա չէր կարող   չանդրադառնալ ապրանքների գների, ֆոնդային շուկաների վրա:

Արդյունքում՝ անկում են ապրում ֆոնդային ինդեքսները, չինական ակտիվներն էժանանում են:

«Քանի որ Չինաստանը նաև խոշոր նավթ ներկող երկիր է, և տնտեսությունը, արդյունաբերությունն այս պահի դրությամբ հիմնականում կանգնած վիճակում են՝ ռեցեսիոն փուլում են: Բնականաբար, կտրուկ անկում է ապրում նավթի պահանջարկը: Եվ արդյունքում՝ նավթի գինն իջավ մինչև 29 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Հնարավոր է՝ ավելի ցածր գնանկում տեսնենք մոտակա ժամանակներում»,- նշեց տնտեսագետը:

Կարեն Սարգսյանի գնահատմամբ՝ հենց նավթի գնի անկումն է անդրադարձել ռուբլու գնողունակության և փոխարժեքի վրա: Բայց տնտեսագետը հիշեցնում է՝ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած զարգացման և կարող է հաղթահարել ֆինանսական ճգնաժամը:

«Այդ ամենը կազդի նաև Հայաստանի ազգաբնակչության, նաև տնտեսության վրա: Բայց քանի որ սա լոկալ խնդիր չէ, քանի որ գլոբալ ճգնաժամ է, և միայն ռուբլու արժեզրկման գործոնով դա դիտարկելը, ինձ թվում է, ճիշտ չէ»,- նկատեց տնտեսագետը:

Կարեն Սարգսյանի կարծիքով՝ Կենտրոնական բանկը պետք է կիրառության մեջ դնի իր արժութային պահուստները, նաև դրամավարկային որոշակի միջոցառումներ իրականացնի, որպեսզի չլինեն սպեկուլյատիվ երևույթներ, դոլարի գնի արհեստական բարձրացում: Ըստ տնտեսագետի՝ ԿԲ-ն կարող է արտարժութային գործարքների վրա որոշակի սահմանափակումներ դնել:

«ԿԲ-ն ներկայումս, համենայն դեպս 2019 թվականի վերջի դրությամբ, մոտավորապես 2.5 մլրդ դոլարի արժութային պաշարներ ունի: Այդ պաշարները, բնականաբար, երկարաժամկետ հատվածում, հնարավոր է՝ խնդիր առաջացնեն, բայց կարճաժամկետ հատվածում դրամի կայունությունը հնարավոր է այդ միջոցներով ապահովել»,- կարծում է տնտեսագետը:

Կարեն Սարգսյանը խուսափում է կանխատեսումներ անել առաջիկա մի քանի ամսվա կամ կես տարվա համար, քանի որ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամը յուրահատուկ  է՝ ազդում է և՛ առաջարկի, և՛ պահանջարկի վրա:

Տնտեսագետի կարծիքով՝ լուծումը պետք է կատարվի բոլոր պետությունների ջանքերով: Կարգավորումը պետք է կոորդինացվի թե՛ Համաշխարհային բանկի, թե՛ Միջազգային արժութային հիմնադրամի, թե՛ տարածաշրջանային կառույցների շրջանակներում:

«Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության գործիքները մի քիչ ստանդարտ են, և այս իրավիճակում միգուցե ավելի կրեատիվ լուծումներ են պետք»,- ասաց Կարեն Սարգսյանը:

Տնտեսագետին այս պահին այդքան էլ  չի անհանգստացնում Հայստանի երկու  սահմանի փակ լինելը: Նրա խոսքով՝ ապրանքների գների հնարավոր բարձրացում կամ անցանկալի այլ հետևանքներ  կլինեն, եթե սահմանները, հատկապես՝ Վրաստանի հետ սահմանը, փակվեն նաև բեռնատար մեքենաների համար, ու Հայաստանն էլ հայտնվի լիակատար տնտեսական շրջափակման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս