Ինչո՞ւ Ադրբեջանը սրեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Վերջին տասնօրյակի ընթացքում Ադրբեջանը կրկին սկսել է թիրախավորել հայ-ադրբեջանական սահմանը: Միջադեպերի ակտիվ փուլը սկսվել է մարտի 1-ից, երբ հայտնի դարձավ, որ հակառակորդը կրակ էր բացել Տավուշի Ոսկեպար գյուղի և դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դրանից օրեր անց տեղեկացրել էր, որ արդեն մի քանի օր է՝ նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ «ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն, դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցներն անպատասխան չեն մնալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արծրուն Հովհաննիսյանը։

Դրան հաջորդեց դիվերսիոն ներթափանցման փորձը. մարտի 6-ին ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ բավականին լավ պատրաստված կերպով: Ադրբեջանի այս գործողությունների հետևանքով մարտի 10-ին հարավ-արևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք էր ստացել պայմանագրային զինծառայող:

Զուգահեռաբար՝ Ադրբեջանի բանակի Նախիջևանի կայազորի զորքերի մարտական համաձայնեցման 2020 թ. ծրագրի համաձայն՝ Նախիջևանում տեղի ունեցան հրամանատարական և շտաբային վարժանքներ: Երկկողմանի եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարի համաձայն՝ ռազմական կազմավորումներն ու ստորաբաժանումները մարտական պատրաստության ահազանգով դուրս էին բերվել ուսումնական տարածքներ՝ զորքերը տարբեր աստիճանի մարտունակության վիճակի բերելու նպատակով: Զորավարժությունների ընթացքում տեղի էին ունեցել մի կետից մյուսը կառավարման փոխանցման վարժանքներ: Շտաբների տարածքներում իրականացվել են նաև պաշտպանական և հարձակողական վարժանքներ:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ զորավարժությունները կրում էին պլանային բնույթ, այսինքն՝ կոնկրետ ռազմական վտանգ չէին պարունակում: Սակայն, ըստ նրա, այս զորավարժությունները, բացի ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու, ԶՈՒ-ն նոր մակարդակի բարձրացնելու նպատակից, միտված են լինում ուժի ցուցադրությանը՝ հակառակորդին ճնշելու նպատակով: Ֆելգենգաուերի խոսքով, սրան զուգահեռ՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նշանակում է, որ բացի պլանային բնույթից, այս զորավարժություններն իսկապես նպատակ են ունեցել նաև ստուգել հակառակորդի զգոնությունը, ուժ ցուցադրել, ճնշել՝ հետագայում բանակցություններում հնարավոր օգուտներ ստանալու նպատակով:

«Սա զորավարժությունների նպատակային շրջանակի դասական մոդել է, առանձնահատուկ նորություն չկա, մեծ և արտակարգ ռիսկեր չկան, և ՀՀ ԶՈՒ-ն իր ավանդական խնդիրը պետք է իրականացնի, չկորցնի զգոնությունն ու մարտունակությունը ցանկացած իրավիճակում»,- ասաց Ֆելգենգաուերը:
Նա նշեց, որ սովորաբար բանակցային սեղանին մեծ զիջումներ, դիվիդենտներ հակառակորդ կողմերը կարողանում են ստանալ լայնածավալ գործողությունների արդյունքում առավելություն ստանալու դեպքում, ուստի մի փոքր սխալ է պատկերացնել, որ նման ճնշումները կարող են տեղ հասնել և արդյունքների հանգեցնել ապագա բանակցություններում: «ԼՂ հակամարտության դեպքում մենք շատ ավելի լայնածավալ դեպքերի ականատես ենք դարձել, սակայն բանակցային սեղանին, ամեն դեպքում, կողմերը որևէ զիջման չեն գնացել, ուստի նման միջադեպերը, չեմ կարծում, որ ծառայեն իրենց նպատակին, բայց ցույց են տալիս նաև այն դժգոհությունը, որը կա կողմերի մոտ բանակցային գործընթացից»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

Իր հերթին՝ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ պլանային զորավարժությունների և միջադեպերի միջև կապն ամենևին պատահական չէ: Նրա խոսքով՝ դրանում կա ուղերձ, որ հակամարտության կարգավորման ռազմական սցենարը վերացած չէ, և բանակցային սեղանի շուրջ առավել լուրջ պայմանավորվածությունների կարիք կա:

«Կարծում եմ՝ սա պատասխան է այն իրավիճակին, որը կա բանակցություններում, այսինքն՝ այնքան էլ գուցե գոհացնող չեն ներկայումս արձանագրվող արդյունքները: Ես մնում եմ այն համոզման, որ այս հակամարտությունը, անկախ բանակցություններից, որոնք, այսպես թե այնպես, որևէ արդյունքի չեն հանգեցնելու, ինչ-որ փուլում լայնածավալ բախումներով են ավարտվելու: Մի որոշ ժամանակ՝ ավելի խաղաղ, մի որոշ ժամանակ՝ լարված, կանխատեսումս նույնն է»,- ասաց նա:

Անդրադառնալով նման իրավիճակներում ՀԱՊԿ-ի դերակատարությանը, Խրամչիխինն ասաց, որ ՀԱՊԿ-ն իր մեխանիզմները կարող է սկսել դիտարկել միայն անդամ երկրի դիմումից հետո: «Բայց այս դեպքում ՀԱՊԿ-ը հավաքական մոտեցում չի կարողանա ցույց տալ, քանի որ, ամենայն հավանականությամբ, Ղազախստանը կամ Բելառուսը, ունենալով հարաբերություններ Ադրբեջանի հետ, դեմ կլինեն: Նման դեպքում Ռուսաստանը հանդես կգա միայնակ, ինչպես և միշտ»,- ասաց Խրամչիխինը:

Նման կարծիք ունի նաև Պավել Ֆելգենգաուերը: Ըստ նրա, ինչպես Հայաստանը կխորշի մասնակցել անդամ որևէ երկրի ռազմական խնդրի, այնպես էլ՝ մյուս երկրները: «ՀԱՊԿ-ը ոչ միանշանակ կառույց է, և դրա իմաստը Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Ռուսաստանը կատարում է իր դաշնակցային պարտավորությունները, ավելին՝ Հայաստանը ժամանակ առ ժամանակ ՀԱՊԿ-ում խնդիրներ է բարձրացնում, քննարկում, կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում այս հարցը հրապարակային ևս կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում, սակայն գործնական լուծումների հնարավորություն չեմ տեսնում: Ի դեպ, այն միջադեպերը, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին, փոքրամասշտաբ են, եթե դրանք լայնածավալ բնույթ կրեն, դրանք վստահաբար կքննարկվեն, և արձագանք կլինի, թե ինչ տեսքով՝ կդժվարանամ նշել»,- ասաց Ֆելգենգաուերը:

Տեսանյութեր

Լրահոս